Перейти вверх
Вход
EECԵվրասիական տնտեսական հանձնաժողովի
Մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

Մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

 
 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտական գործող կարգավորող մարմինն է: Այն իր գործունեությունը սկսել է 2012 թվականի փետրվարի 2-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումը ԵԱՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը:

Ներկայումս ԵՏՀ կազմում ընդգրկված են հինգ երկրներ. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: ԵՏՀ-ն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ և իր գործունեության մեջ առաջնորդվում է ընդհանուր առմամբ եվրասիական տնտեսական ինտեգրման նախագծի մասնակից երկրների շահերով՝ չպատճառաբանելով իր որոշումները ազգային կառավարություններից որևէ մեկի շահով: Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ԵԱՏՄ մասնակից երկրների տարածքում:

ԵՏՀ ստեղծման մասին որոշման հիմքում ընկած է այն ըմբռնումը, որ հինգ երկրները միասին կարող են ոչ միայն նվազեցնել գլոբալ անկայունության բացասական հետևանքները, այլև ակտիվորեն դիրքավորվել արտաքին շուկաներում: Եվրասիական տնտեսական միությունը բաց է նրանում այլ պետությունների մասնակցության համար, որոնք կիսում են այդ միավորման նպատակները և պատրաստ են ստանձնել պահանջվող պարտավորությունները:

Հանձնաժողովի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ բոլոր ընդունվող որոշումները խարսխված են կոլեգիալ հիմքի վրա: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան բաղկացած է 10 անդամից (յուրաքանչյուր մասնակից երկրից Հանձնաժողովի Կոլեգիայի 2-ական անդամ (Նախարար), որոնցից մեկը Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահն է:

Կոլեգիայի նախագահը և Կոլեգիայի անդամները նշանակվում են 4 տարի ժամկետով Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ պետությունների ղեկավարների մակարդակով, լիազորությունների երկարաձգման հնարավորությամբ: Կոլեգիան որոշումներ է ընդունում քվեարկության միջոցով:

ԵՏՀ գործունեությունը կառուցված է ըստ գործառնական ուղղությունների, որոնք վարում են Կոլեգիայի անդամները (Նախարարները): Յուրաքանչյուր ուղղություն իրենից ներկայացնում է տնտեսական գործունեության ճյուղերի և ոլորտների բլոկ: ԵՏՀ Կոլեգիայի անդամներն ու վարչություններն իրենց գործունեության ուղղության շրջանակներում փոխգործակցում են իշխանության լիազորված ազգային մարմինների հետ:

Տվյալ պահին ԵՏՀ-ի կառուցվածքում գործում են 23 վարչություններ: Դրանց կից ստեղծվել են 20 խորհրդատվական կոմիտեներ՝ ԵՏՀ Կոլեգիայի համար առաջարկություններ մշակելու և պետական իշխանության ազգային մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Կոմիտեների նախագահները Կոլեգիայի անդամներն են (Նախարարները)՝ ըստ իրենց գործունեության ուղղությունների:

Հանձնաժողովն իր աշխատանքում սատարում է առանցքային գործընկերների հետ համակողմանի երկխոսությունը: Երկխոսության առաջին մակարդակը միջպետականն է, որը նախատեսում է որոշումների մշակման և ընդունման գործընթացում իշխանության ազգային մարմինների հետ արդյունավետ փոխգործակցության կառուցում: Երկխոսության երկրորդ մակարդակը գործարար համայնքի հետ աշխատանքի ուղիղ ձևն է:

ԵՏՀ գործունեության հիմնական մասնագիտական սկզբունքներն են ապաքաղաքականացվածությունը, շահերի հավասարակշռությունը, արդյունավետությունը և թափանցիկությունը:

ԵՏՀ-ն ակտիվ դիրք է զբաղեցնում միջազգային ասպարեզում՝ եվրասիական համայնքի գործունեության ներկայացման և ինտեգրացիոն գործընթացներում եվրոպական ու ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններից առանցքային գործընկերների ներգրավման նպատակով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրումը և բաշխումը,
  • երրորդ երկրների նկատմամբ առևտրական ռեժիմների հաստատումը,
  • արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրությունը,
  • մակրոտնտեսական քաղաքականությունը,
  • մրցակցային քաղաքականությունը,
  • արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաները,
  • էներգետիկ քաղաքականությունը,
  • բնական մենաշնորհները,
  • պետական և (կամ) մունիցիպալ գնումները,
  • ծառայությունների փոխադարձ առևտուրը և ներդրումները,
  • տրանսպորտը և փոխադրումները,
  • արժութային քաղաքականությունը,
  • մտավոր գործունեության արդյունքների և ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների անհատականացման միջոցների պահպանությունը և պաշտպանությունը,
  • աշխատանքային միգրացիան,
  • ֆինանսական շուկաները (բանկային ոլորտ, ապահովագրական ոլորտ, արժութային շուկա, արժեթղթերի շուկա),
  • մաքսա-սակագնային և ոչ սակագնային կարգավորումը,
  • մաքսային վարչարարությունը,
  • տեղեկատվայնացումը,
  • տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները,
  • և այլն: