Вход
Ավարտվել է ձկան և ձկնային արտադրանքի վերաբերյալ ԵԱՏՄ կանոնակարգի անցումային շրջանը

Ավարտվել է ձկան և ձկնային արտադրանքի վերաբերյալ ԵԱՏՄ կանոնակարգի անցումային շրջանը

05.09.2019

Սեպտեմբերի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում իրենց գործողությունն են դադարեցրել ձկնային արտադրանքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի անցումային դրույթները։

«ԵԱՏՄ-ի երկրներում ավարտվել է հին փաստաթղթերի գործողությունը, որոնք վերաբերում էին «Ձկան և ձկնային արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի ընդունումից առաջ սահմանված պարտադիր պահանջներին ձկան և ձկնային արտադրանքի համապատասխանության գնահատմանը», – պարզաբանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն Թիմուր Նուրաշևը։

Այժմ ամբողջ ձկնային սննդամթերքը՝ ձկնեղենը, ջրային կաթնասունները և անողնաշարավորները, ջրիմուռները և այլ ջրային բույսերը շրջանառության են բաց թողնվում բացառապես տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերով, այլ ոչ թե նախկինի նման՝ այդ թվում ազգային օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերով։

Խոսքը վերաբերում է ոչ միայն թարմ ձկանը և այլ ջրային արտադրանքին։ Ձկնային տեխնիկական կանոնակարգին համապատասխանության մասին փաստաթղթեր են պահանջվում պաղեցրած, սառեցրած, չորացված, չորացրած, մարինացված, աղ դրված, ապխտած և ապրանքների այլ բազմաթիվ տեսակների համար։ Դրանցից են մանկական սննդի համար ձկնային սննդամթերքը, խճողակը, պահածոները, պահածոյացված մթերքները, խավիարը, ձկան, ջրային կաթնասունների և անողնաշարավորների սննդային ճարպը և այլն։

Նա հիշեցրել է, որ Միութայն այս տեխնիկական կանոնակարգը ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է 2016 թվականին։ Այդ ժամանակ էլ սահմանվել են անցումային դրույթները, այդ թվում՝ որոնք երկարաձգում էին համապատասխանության մասին նախկինում տրված հայտարարագրերի և համապատասխանության սերտիֆիկատների կիրառման ժամկետը։ Դա բիզնեսին թույլ է տվել աստիճանաբար անցնել ձկան և ձկնային արտադրանքի անվտանգության նոր պահանջներին, նորացնելով արտադրության տեխնոլոգիան։

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը սահմանում է միութենական շուկայում շրջանառության համար թողարկվող ձկնային սննդամթերքի անվտանգության՝ Միության բոլոր երկրներում կիրառման և կատարման համար պարտադիր միասնական պահանջները։ Ինչպես նաև ձկնային սննդամթերքի մակնշման և փաթեթավորման վերաբերյալ նորմերը՝ ԵԱՏՄ-ում դրա ազատ տեղաշարժի ապահովման համար։ Բացի այդ, փաստաթուղթը տարածվում է արտադրման, պահման, տեղափոխման, իրացման և օգտահանման գործընթացների նկատմամբ պահանջների վրա։

Տեխնիկական կանոնակարգը սահմանել է անվտանգության միկրոկենսաբանական նորմատիվները, ձկնային սննդամթերքի մեջ անասնաբուժական պատրաստուկների և դեղամիջոցների պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակները, հիգիենիկ պահանջները, սննդային արժեքը և երեխաների համար ձկնային սննդամթերքի անվտանգության ցուցանիշները ր այլն։

Միութենական շուկա չի թույլատրվում մի շարք ընտանիքների թունավոր ձկներից ստացված սննդամթերքը, որը չի համապատասխանում սպառողական հատկություններին օրգանալեպտիկ ցուցանիշներով, սառեցված սննդամթերքը, որի ներսում ջերմաստիճանը բարձր է -18 °C-ից, որը պահման ընթացքում ենթարկվել է ապասառեցման, պարունակում է մարդու առողջության համար վտանգավոր կենսատոքսիններ (բուսատոքսիններ)։

Տեխնիկական կանոնակարգով նախատեսվում է, որ սահմանված նորմերին համապատասխանող և համապատասխանության գնահատումն անցած ձկնային սննդամթերքը մակնշվում է ԵԱՏՄ-ի շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։

Տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունը իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։ Միության երկրների լիազոր մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ տեխնիկական կանոնակարգին չհամապատասխանող ձկնային սննդամթերքի բաց թողումը սահմանափակելու և արգելելու, ինչպես նաև այն շրջանառությունից հանելու համար։