Вход
Ալեքսանդր Սուբոտին. «ԵԱՏՄ-ում ստեղծվել է իրական հատվածի թվայնացման ամբողջական համակարգ»

Ալեքսանդր Սուբոտին. «ԵԱՏՄ-ում ստեղծվել է իրական հատվածի թվայնացման ամբողջական համակարգ»

08.11.2019

«Թվային վերափոխումը Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների համար դառնալու է տեխնոլոգիական զարգացման հիմնական շարժիչ ուժը։ Դա ապահովելու է ավելացված արժեքի գլոբալ շղթաներում Միության ազգային տնտեսությունների ընդգրկումը», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբոտինը նոյեմբերի 7-ին Նյու Յորքում կայացած Ամերիկառուսական գործարար խորհրդի ամենամյա նիստին։

ԵՏՀ նախարարը պատմել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թվային տնտեսությանն անցնելու հետ կապված գործունեության հիմնական ուղղությունների մասին։

Մասնավորապես, նա հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրները կարող են իրենց տեղը զբաղեցնել ադիտիվ արտադրության ոլորտում։ Այսպես, Բելառուսում կազմակերպվել է օպտիկական լազերային սարքերի արտադրություն, Ռուսաստանում ստեղծվել են 3D-տպագրության համար սարքավորումների ստեղծման մի շարք փորձնական արդյունաբերական արտադրություններ։ 

«Օգտագործելով արտադրական կոոպերացման առավելությունները, ինչպես նաև համաշխարհային առաջատար արտադրողների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առաջընթացող փորձը, մենք կկարողանանք գրավել մեր մասնաբաժինն ադիտիվ արտադրության համաշխարհային ծավալում», – համոզված է Ալեքսանդր Սուբոտինը։

Իրականացնելով ԵԱՏՄ երկրների համատեղ իրազեկությունները, Հանձնաժողովը ստեղծում է համագործակցության նոր ձևաչափ՝ Արդյունաբերական կոոպերացման, ենթակոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցը։ Այն հնարավորություն կտա ձեռնարկություններին համատեղ աշխատանքին ներգրավել փոքր և միջին բիզնեսը, արտադրության մեջ ներդնել առաջադեմ լուծումներ, համատեղ ԳՀՓԿԱ-ների իրականացման համար ուղղակիորեն շփվել տեխնոլոգիաների մշակողների և գործընկերների հետ։

«2017 թվականին մեր կողմից ստեղծված փորձնական էլեկտրոնային առևտրային հարթակը ցուցաբերում է լավ արդյունքներ։ Մեկ ամսվա առևտրի միջին ծավալը կազմում է մոտ 1,5 մլրդ դոլար։ Համակարգին արդեն միանում է նաև արտասահմանյան բիզնեսը, մասնավորապես՝ Սինգապուրի ձեռնարկատերերը», – հայտարարել է նախարարը։

Կոոպերացիոն նախագծերի իրականացման հաջող օրինակ է հանդիսանում նաև Ղրղզստանում «Անվտանգ քաղաք» համակարգի ներդրումը։ Բիշքեկի փողոցներում տեսախցիկների տեղադրմամբ զբաղվել է ռուսաստանյան «Վեգա» ընկերությունը։ Նախագծի իրագործման պահից ի վեր ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների թիվը կրճատվել է 50%-ով, երկու անգամով նվազել է ՃՏՊ-ների քանակը։

ԵԱՏՄ երկրների արդյունաբերական թվայնացման ևս մի կարևոր ուղղություն է հանդիսանում անօդաչու տեխնիկայի արտադրությունը։ Վերջերս ավարտված նախագծերից է ԿամԱԶ ռոբոտացված քարշակի ստեղծումը։ Ռուսաստանյան «ՎԻՍՏ Գրուպ» ընկերությունը համալրել է անօդաչու սարքն ավտոնոմ շարժման ապահովման համակարգերի համալիրով, Նազարբաև համալսարանից ղազախստանյան մշակողներն ավելացրել են համակարգչային տեսողության համակարգը։

«Մեր վերջնական նպատակն է՝ ստեղծել ճկուն լուծումներ, որոնք առավելագույն չափով հարմարեցված են մեր սպառման շուկաներին, հաշվի են առնում մեր առևտրային գործընկերների տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունները։ Մեր անօդաչու սարքերը պետք է անխափան աշխատեն ցանկացած տեղայնքում, անկախ բջջային կապի կամ GPS-ազդանշանի առկայությունից», – ընդգծել է Ալեքսանդր Սուբոտինը։

Հաջորդ ուղղությունը՝ ապրանքների հետագծելիությունն է։ Առաջին քայլն է դարձել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի ընդունումը և էլեկտրոնային հայտարարագրման ներդրումը։ Հետագայում կստեղծվի ագրոարդյունաբերական արտադրանքի հետագծելիության համակարգ։ Անցած տարվա վերջին արդեն միավորվել էին էլեկտրոնային անասնաբուժական սերտիֆիկացման համակարգերը Ռուսաստանում և Բելառուսում։ Դա թույլ կտա հետագծել կենդանաբուծական արտադրանքի տեղաշարժը «դաշտից մինչև վաճառասեղան» և կօգնի նվազեցնել շուկայում անօրինական սննդամթերքի մասնաբաժինը։

«Եվրասիական տնտեսական միությունում մենք ստեղծել ենք իրական հատվածի թվայնացման ամբողջական համակարգ, - ամփոփել է Ալեքսանդր Սուբոտինը։ - Տեսանելի ապագայում արդեն դա թույլ կտա հասցնել մեր երկրների արտադրական համալիրները որակապես նոր ժամանակակից մակարդակի։ Մենք նաև հասկանում ենք, որ ազգային տնտեսություններում թվային տեխնոլոգիաների թիվը միայն աճելու է, ուստի մենք կանգ չենք առնում այս նվաճումների վրա և այդ ուղղությամբ պատրաստ ենք խորացնել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային համագործակցությունը»։