Вход
ԵՏՀ նախարարները հանդիպում են անցկացրել Հայաստանի բիզնես համայնքի հետ

ԵՏՀ նախարարները հանդիպում են անցկացրել Հայաստանի բիզնես համայնքի հետ

08.10.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախարարներ Անդրեյ Սլեպնյովը, Տիմուր Ժակսիլիկովը, Արտակ Քամալյանը, Գեղամ Վարդանյանը և Վիկտոր Նազարենկոն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության նախարար Վարոս Սիմոնյանը հոկտեմբերի 8-ին Հայաստանի տնտեսության նախարարության Մեծ դահլիճում հանդիպել են Հայաստանի բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ։

ԵՏՀ-ի և Հայաստանի Տնտեսության նախարարության ներկայացուցիչները գործարարների հետ քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության, Միության շրջանակներում կարգավորիչ միջավայրի բարելավման, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի  տեղաշարժի ազատության ապահովման, Միության շրջանակներում ընդհանուր շուկաների գործունեության համար խոչնդոտների հայտնաբերման և վերացման արդիական հարցերը։

Առաջին հերթին հանդիպման մասնակիցները բարձրացրել են ԵԱՏՄ-ի շրջանակներում ուղևորային հաղորդակցության վերսկսման անհրաժեշտությունը։ Հանձնաժողովի ներկայացուցիչները պարզաբանել են, որ այդ թեման Միության երկրների կառավարությունների ղեկավարները քննարկելու են վաղը։

Գործարարներն անհանգստություն են հայտնել ներդրվող՝ ապրանքների, առաջին հերթին՝ դեղամիջոցների թվային մակնշման կապակցությամբ։ Ինչպես նշել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը, Միության երկրները իրավունք ունեն որոշում կայացնել մակնշման վերաբերյալ, ընդ որում, նոր պայմաններին բիզնեսի հարմարեցման համար անպայման նախատեսվում է անցումային շրջան։

Լայն բանավեճ է առաջացրել անդրսահմանային էլեկտրոնային առևտրի հարցը։ Բիզնես համայնքին պարզաբանել են այդ ոլորտի կարգավորման հեռանկարները։ ԵՏՀ տեխնիկական հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն ուշադրություն է հատկացրել այդ խնդրի այնպիսի կողմին, ինչպիսին է արտադրանքի անվտանգությունը։ Ուղարկվող ապրանքները չեն անցնում համապատասխանության գնահատման անհրաժեշտ ընթացակարգեր, և, ըստ էության, ոչ ոք չի կարող երաշխավորել դրանց որակը և անվտանգությունը։

Հայ գործարարները բարձրացրել են նաև ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետի հնարավոր հետաձգման և ծխախոտի արտադրանքի տեխնիկական կանոնակարգի մշակման մասին հարցը։ Ուշադրության կենտրոնում էին նաև Միության ներքին շուկայում արգելքների վերացման, ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման, արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ նախագծերի իրագործման հարցերը։

Հայաստանի Հանրապետության տնտեսության փոխնախարար Վարոս Սիմոնյանն ընդգծել է, որ, չնայած չորս «ազատությունների» սկզբունքին, Միության պետությունները խոչնդոտներ են ստեղծում ներքին շուկայում։ Ապրանքների և բեռների հետագծելիության արդյունավետ համակարգի ներդրումը թույլ կտա վերացնել արգելքները և չստեղծել նորերը։​