Вход
«Հունաստան - ԵԱՏՄ» համաժողովը ԵԱՏՄ հետ Եվրոպայի համագործակցության նոր ձևաչափի մեկնարկ է տվել

«Հունաստան - ԵԱՏՄ» համաժողովը ԵԱՏՄ հետ Եվրոպայի համագործակցության նոր ձևաչափի մեկնարկ է տվել

11.09.2017

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների և Հունաստանի գործարարների միջև ուղիղ գործարար կապերի ընդլայնման կարևորության, բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցությանն անցնելու և համատեղ ձեռնարկությունների ստեղծման մասին խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ բացելով «ԵԱՏՄ - Հունաստան. նոր կամուրջ համագործակցության ու զարգացման համար» գործարար համաժողովը, որն իր աշխատանքն է սկսել սեպտեմբերի 11-ին Սալոնիկում (Հունաստան):

«ԵԱՏՄ երկրների վաղեմի և կայուն տնտեսական կապեր ունեն Հունաստանի հետ, որը Եվրոպայում Միության հիմնական առևտրային գործընկերների տասնյակում է, – նշել է Տիգրան Սարգսյանը: – Ուստի խիստ կարևոր է հարթակներ ստեղծել երկխոսության համար, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները, մեր հինգ երկրների բիզնես համայնքը և հույն գործարարները կարող էին քննարկել համագործակցության գործնական ասպեկտները»: Դրանցից մեկը կարող է դառնալ «ԵԱՏՄ - Հունաստան» գործարար համաժողովը, որի անցկացման մասին պայմանավորվել էին ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը 2017 թվականի փետրվարին կայացած հանդիպման ընթացքում: Տիգրան Սարգսյանի կարծիքով, սա կարևոր և յուրաժամանակ նախաձեռնություն է: Համաժողովը տեղի է ունենում հենց այն պահին, երբ թե Հունաստանը, թե ԵԱՏՄ երկրները մտնում են տնտեսական աճի փուլ:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը համաժողովի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել առ այն, որ եվրասիական տարածությունում նոր տնտեսական իրողության՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորումը փոխում է փոխգործակցության կայացած պրակտիկաները, նոր պայմաններ ու հնարավորություններ ստեղծում գործընկերների, ինչպես և իրենց՝ ԵԱՏՄ անդամ պետությունների համար: Տիգրան Սարգսյանի կարծիքով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին անհրաժեշտ է ավելի շատ խոսել այն առավելությունների մասին, որ առաջարկում է Միությունը՝ միասնական տեխնիկական կանոնակարգերի, անխոչընդոտ միջավայրի, ապրանքների ու աշխատուժի ազատ տեղաշարժի, դեպի ծառայությունների միասնական շուկայի ստեղծում ուղղվածության մասին, կիսել փոխգործակցության իր փորձը և բացատրել ԵԱՏՄ ընդհանուր շուկաների գործունեության սկզբունքները: Այս ամենի ըմբռնումը դարձել է 2017 թվականի օգոստոսին ԵՏՀ և Հունաստանի կառավարության միջև Համագործակցության մասին հռչակագրի ստորագրման կարևոր պատճառներից մեկը: Այս համաժողովները կարող են դառնալ յուրօրինակ «հավաքակետեր», որտեղ «մենք կարող էինք ձևավորել մեր փոխգործակցության ընդհանուր տեսլականը, սկսել հետագա համագործակցության ռազմավարության կառուցումը, այդ թվում՝ նորարարական մշակումների, թվային տեխնոլոգիաների և գիտատեխնիկական առաջընթացի այլ հեռանկարային ուղղությունների բնագավառում»:

ԵՏՀ Կոլեգիայի նախարարը նաև համաժողովի ուշադրությանն է ներկայացրել համաշխարհային տնտեսության նոր թրենդները: «Համաշխարհային տնտեսական զարգացման բազմավեկտորությունն ու բազմազանությունը զարմանալի պայմաններ են ստեղծում յուրաքանչյուր առանձին վերցրած երկրի համեմատական առավելությունների կապիտալիզացիայի համար: ԵԱՏՄ-ն այս տեսակետից շատ լավ օրինակ է. հինգ երկրներ՝ տարբեր մակերեսով և բնակչության թվաքանակով, սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակով և տնտեսության մասամբ տարբերվող կառուցվածքներով ստեղծել են միասնական տնտեսական միավորում, որը պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր մասնակցի տնտեսական աճի ու զարգացման համար: Սա այժմեականության ֆենոմեն է, որը ցույց է տալիս՝ տարբերություններն ու բազմազանությունը կարող լինել աճի աղբյուր», – կարծում է Տիգրան Սարգսյանը:

Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գեորգիոս Կատրուգալոսը հայտնել է, որ Հունաստանի տնտեսությունը վերադառնում է աճին, և ԵԱՏՄ երկրների հետ տնտեսական համագործակցության ընդլայնումը հատուկ կարևորություն է ստանում: Հունաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս վերջինիս գործընկերության կամուրջ դառնալ Եվրոպայի և Ասիայի միջև: «Մենք ուզում ենք փորձ փոխանակել, առևտրով զբաղվել և հաջող կոոպերացիոն նախագծեր ստեղծել տնտեսության ամենատարբեր ոլորտներում, բայց դրա համար մեզ պետք է ավելի լավ ճանաչել միմյանց», – համագործակցության աս կոչով էլ ավարտել է իր ելույթը Գեորգիոս Կատրուգալոսը:

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, ռուս-հունական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է առ այն, որ ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը, որի անդամ է Հունաստանը, համագործակցության բազմաթիվ հնարավորություններ ունեն արդյունավետ եվրասիական տրանսպորտային համակարգի կառուցման և Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տնտեսական տարածության ստեղծման հարցերում: Դրա համար, ըստ Ռուսաստանի տրանսպորտի նախարարը, առկա են բոլոր նախադրյալները, քանի որ տրանսպորտային ոլորտն արդեն վաղուց է վերաճել պետական սահմանները՝ իր վերազգային բնույթի շնորհիվ: Անդրմայրցամաքային տրանսպորտային միջանցքների ձևավորման համատեղ աշխատանքը կնպաստի համաշխարհային տնտեսության կառուցվածքի օպտիմալացմանը. կընդլայնվի մուտքը դեպի հումքի աղբյուրներ, իրացման նոր շուկաներ, կավելանա ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ և եվրոպական երկրների միջև: Այս նպատակով Միության երկրները ներքին խոչընդոտների վերացման ու տրանսպորտային ծառայությունների ընդհանուր եվրասիական շուկայի ձևավորման մեծ աշխատանք են կատարել:

Լիագումար նստաշրջանի ավարտից հետո համաժողովի մասնակիցները շարունակել են աշխատանքը կլոր սեղաններին ու բանավեճային պանելներին: Քննարկման առանցքային թեմաների շարքում են՝ փոխգործակցությունը էներգետիկայի, տրանսպորտային ծառայությունների բնագավառում, լոգիստիկ ենթակառուցվածքի, ագրարային և արդյունաբերական արտադրության զարգացումը, Միության երկրներ մատակարարվող արտադրանքի հարմարեցումը տեխնիկական կարգավորման, անասնաբուժական ու բուսասանիտարական վերահսկողության արդեն գործող ու մշակվող նորմերին, ինչպես նաև նորարարական գաղափարների որոնումը ԵԱՏՄ-ի հետ Հունաստան արտաքին տնտեսական փոխգործակցության որակապես նոր մակարդակ ձևավորելու համար:

Միջոցառմանը մասնակցում են ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին, ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովը, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, Հունա-Ռուսաստանյան հարաբերությունների Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Դիմիտրիոս Բակոլասը, Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գեորգիոս Կատրուգալոսը, Հունաստանի Հանրապետության էկոնոմիկայի ու զարգացման փոխնախարար Ստերգիոս Պիցիորլասը, Հունաստանի էկոնոմիկայի ու զարգացման նախարարության ռազմավարական և մասնավոր ներդրումների գծով գլխավոր քարտուղար Լոիս Լաբրիանիդիսը, «Միավորված նավաշինական կորպորացիա» ԲԸ նախագահ Ալեքսեյ Ռախմանովը, Հյուսիսային Հունաստանի Արդյունաբերողների ֆեդերացիայի նախագահ Աֆանասիոս Սավակիսը, Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր, Ռուսաստանի տարածաշրջանային բանկերի ընկերակցության նախագահ Անատոլի Աքսակովը, «Ռոսկոնգրես» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ստուգլևը, Հունաստանում ԵԱՏՄ երկրների դեսպանները և Միության, Հունաստանի, ինչպես նաև Չինաստանի պետական իշխանության ու գործարար շրջանակների այլ ներկայացուցիչներ:

Համաժողովն անցնում է T.I.F. 2017 ամենամյա բազմոլորտ ցուցահանդես-տոնավաճառի՝ Հունաստանի  կարևորագույն տնտեսական միջոցառման շրջանակներում, որն անցկացվում է Սալոնիկ քաղաքում արդեն ավելի քան իննսուն տարի: Այս տարի տոնավաճառի պատվավոր հյուրն է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը: Սա «ԵԱՏՄ - Հունաստան. նոր կամուրջ համագործակցության ու զարգացման համար» գործարար համաժողովի մասնակիցներին ու հյուրերին հնարավորություն կտա գործարար շփումներ հաստատել ոչ միայն եվրոպական, այլև ասիական գործընկերների հետ, իրագործելով եվրասիական տարածության որպես Եվրոպայի և Ասիայի միջև բնական կամրջի և հանգույցի գաղափարը:

Համաժողովի կազմակերպիչներն էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, «Ռոսկոնգրես» հիմնադրամը, Ռուսաստանի արդյունաբերողների ու գործարարների միությունը, Enterprise Greece, Helexpo: