Вход
ՄԱԿ-ում ներկայացվել է ԵՏՀ զեկույցը ԵԱՏՄ տարածաշրջանում Կայուն զարգացման նպատակներին հասնելու մասին

ՄԱԿ-ում ներկայացվել է ԵՏՀ զեկույցը ԵԱՏՄ տարածաշրջանում Կայուն զարգացման նպատակներին հասնելու մասին

12.07.2017

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու մասին զեկույցը ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհրդի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր գրասենյակում: ԵԱՏՄ-ն դարձել է առաջին տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումը, որը նման զեկույց է նախապատրաստել ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական համաժողովի՝ մինչև 2030 թվականը կայուն զարգացման ոլորտում ՄԱԿ-ի օրակարգի մշտադիտարկման առանցքային միջոցառման ընթացքում հանրային քննարկման համար:

«Պետությունների կողմից կայուն զարգացման նպատակներին հասնելու գլոբալ նախաձեռնությունը դարձավ կայուն զարգացման ոլորտում երկարաժամկետ ազգային ռազմավարությունների ու ծրագրերի հզոր խթանիչ, – հայտնել է Օլեգ Պանկրատովը: – Ընդ որում կարևոր է, որ ՄԱԿ-ը հատուկ կարևորում է տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հնարավորությունները, որոնք կարող են նոր լիցք հաղորդել այդ ոլորտում առաջընթացին հասնելուն»:

Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետը նշել է ԵԱՏՄ և ԿԶՆ զարգացման գերակայությունների ներդաշնակ փոխկապվածությունը: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ ԿԶՆ ցուցանիշներին հասնելու գործում հետևողական առաջընթացը ձեռք է բերվում Միության երկրների գործողությունների համակցության շնորհիվ, որոնք իրագործում են զարգացման ծրագրերը՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկություններն ու ավանդույթները, ԵՏՀ ինտեգրացիոն օրակարգը, որի շրջանակներում էլ տեղի է ունենում ԵԱՏՄ երկրների օրենսդրության ներդաշնակեցումն ու տնտեսությունների մերձեցումը:

Որպես այս թեզի հաստատում ներկայացվել են Հանձնաժողովի զեկույցում բերված վիճակագրական տվյալները: Մասնավորապես, նշվել են Միության անդամ պետությունների տնտեսական զարգացման մակարդակների հավասարեցմանը՝ չնայած տնտեսությունների ծավալների տարբերությանը, ինչպես նաև այնպիսի ցուցանիշներով անջրպետների կրճատմանը տանող միտումները, ինչպես աշխատանքի վարձատրությունն ու արտադրողականությունը, գիտական կադրերով ապահովվածությունը: Բացի այդ, վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ում նկատվում է կյանքի տևողության ավելացում, գործազրկության ֆիքսված մակարդակը ավելի ցածր է, քան բազմաթիվ զարգացած երկրներում:

«Մեզ համար ակնհայտ է, որ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրումը լրացուցիչ խթան է դառնում անդամ պետությունների համար ՄԱԿ 2030 օրակարգի իրագործման ժամանակ, որն ուղղված է ԿԶՆ հասնելուն, – հայտնել է Օլեգ Պանկրատովը: – Հեռանկարում ԿԶՆ հետագա հասնելուն մեծապես կնպաստի Մինչև 200 թվականը Միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների իրագործումը, որոնք հաշվի են առնում ԵԱՏՄ զարգացման երկարաժամկետ օրակարգը, իսկ հաշվի առնելով Միության ակտիվ զարգացող միջազգային գործունեությունը, կայուն զարգացման խնդիրը կարող է դառնալ ՄԱԿ-ի համակարգի այլ տարածաշրջանային միավորումների, կառույցների և կազմակերպությունների հետ ԵԱՏՄ համագործակցության առանցքային ուղղությունը»:

Տարածաշրջանի մակարդակով ԿԶՆ իրագործման հնարավորությունների մասին խոսել են նաև այլ տարածաշրջանային միավորումների՝ ԱՍԵԱՆ-ի, ԿԱՐԻԿՈՄ-ի, ՍԱԴԿ-ի, ԱՊԼ-ի և Եվրոպական միության ներկայացուցիչները: Դրանք հետաքրքրություն են հայտնել ԿԶՆ խնդիրներով սեփական ամփոփագրերի նախապատրաստման վերաբերյալ:

Բարձր մակարդակի քաղաքական համաժողովի շրջնակներում կայացել է «ԵԱՏՄ 2025 և ԿԶՆ 2030. համակցելով օրակարգերը» թեմատիկ կլոր սեղանը, որը նվիրված էր կայուն զարգացման ոլորտում ԵԱՏՄ ինտեգրացիոն օրակարգի և ՄԱԿ-ի օրակարգի փոխկապվածության մանրամասն վերլուծությանը:

ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան ելույթի ընթացքում զուգահեռներ է անցկացրել Միության շրջանակներում այս կամ այն ոլորտում ինտեգրացիոն ջանքերի և կոնկրետ ԿԶՆ-ների իրագործման միջև, ինչպես նաև արդիական տեղեկատվություն ներկայացրել ԵԱՏՄ զարգացման սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, որոնց մշտադիտարկումը ցուցադրական է կայուն զարգացման ոլորտում առաջընթացի գնահատման համար:

Տեղեկագիր
Մինչև 2030 թվականը կայուն զարգացման ոլորտի օրակարգը, որում նաև սահմանվել են Կայուն զարգացման ոլորտի նպատակները, ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 2015 թվականի սեպտեմբերի 25-ի բանաձևով:

ԿԶՆ-ները իրենցից ներկայացնում են Հազարամյակների զարգացման նպատակների տրամաբանական շարունակությունը, որոնք ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից ընդունվել են դեռևս 2000 թվականին և որոնց իրագործումը հաշվարկված էր 15 տարվա համար: 2015 թվականին ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունել են ձեռնարկված քայլերի հաջողությունը և նշել կայուն զարգացման ոլորտում նոր օրակարգի ընդունման անհրաժեշտությունը:

ԿԶՆ-ները ձևավորում են ապագա աշխարհի կերպարը, որում բացակայում են աղքատությունն ու սովը, որտեղ մարդիկ կարող են իրագործել իրենց ներուժը առողջ միջավայրում՝ հավասարության պայմաններում, որտեղ օգտագործվում են սպառման և արտադրության խելամիտ մոդելներ, ձեռնարկվում են մոլորակը դեգրադացիայից պահպանման անհետաձգելի միջոցներ՝ ներկա և ապագա սերունդների կայուն կենսագործունեության համար:

Կայուն զարգացման նպատակների ու խնդիրների կատարման մշտադիտարկման գծով պատասխանատու մարմինը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդն է (ՄԱԿ-ի ECOSOC): ԿԶՆ իրագործման հարցը վերաբերում է պետության ազգային իրավասությանը:

Հաշվի առնելով ՄԱԿ-ի համար կայուն զարգացման խնդիրների կարևորությունն ու հեռանկարայնությունը, 2015 թվականին ECOSOC-ի հովանու ներքո ստեղծվել է հատուկ ամենամյա մեխանիզմ՝ Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական համաժողովը, որը կոչված է դառնալ մի հարթակ, որտեղ պետություններն ու այլ հետաքրքրված ընկերությունները, այդ թվում՝ տարածաշրջանային տնտեսական միավորումները, կկարողանան բարձր մակարդակով քննարկել ԿԶՆ հարցերը, ինչպես նաև համաշխարհային հանրությանը ներկայացնել իրենց զեկույցները, ամփոփագրերը և Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործընթացի տեսությանը վերաբերվող այլ նյութեր: