Вход
ԵՏԲԽ արդյունքները. մեկնարկ է տրվել եվրասիական ինտեգրման թվային փուլին

ԵՏԲԽ արդյունքները. մեկնարկ է տրվել եվրասիական ինտեգրման թվային փուլին

12.10.2017

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄպատրաստ է իրագործել կոոպերացիոն և միջազգային համագործակցության նոր ձևաչափեր, այդ թվում՝ տիեզերքում, գործարկել առաջին համատեղ նախագծերը Միության երկրների տնտեսությունների թվային վերափոխման ոլորտում, ակտիվորեն պաշտպանել մրցակցության ազատությունն ու հավասար իրավունքները եվրասիական տնտեսական տարածության բոլոր արտադրողների համար: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահը 2017 թվականի հոկտեմբերին կայացած՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կայացել է հոկտեմբերի 11-ին Սոչիում (Ռուսաստան): Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովը:

Բացելով նիստը, Վլադիմիր Պուտինն ընդգծել է. «Կարող ենք վստահ ասել, որ Միությունը հաջողությամբ գործում ու զարգանում է: Ինտեգրումը դրական է անդրադառնում մեր պետությունների տնտեսական աճի տեմպերի վրա»: Ռուսաստանի նախագահի խոսքով, ԵԱՏՄ-ի համար ռազմավարապես կարևոր ոլորտներում նկատվում է կայուն դրական դինամիկա. «արդյունաբերությունում աճը կազմել է 2,4%, գյուղատնտեսությունում՝ գրեթե 1%, ընդլայնվել են բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները՝ համապատասխանաբար 6,9 և 7,8%-ով»: Բացի այդ, Միության արտաքին առևտրի ծավալները աճել են 26%-ով, իսկ արտահանման-ներմուծման գործառնությունների դրական մնացորդը գերազանցել է 77 մլրդ ԱՄՆ դոլար: Ընդ որում, մեքենաների, սարքավորումների ու փոխադրամիջոցների բաժինը հասել է 17,5%: Իսկ էներգետիկ ապրանքների տեսակարար կշիռը նվազել է մինչև 28%:

Ռուսաստանի նախագահը համոզված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության աճը 30%-ով «այն բանի ուղղակի արդյունքն է, որ մենք Միության շրջանակներում ստեղծել ենք միասնական շուկա ու միասնական տնտեսական տարածություն»:
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը համոզված է, որ անհրաժեշտ է շարունակել համակարգային աշխատանքը միութենական պետությունների միջև ապրանքների, աշխատուժի, ծառայությունների ու կապիտալի ազատ տեղաշարժին խոչընդոտող սահմանափակումների վերացման ուղղությամբ: Հարկ է արագացնել արդյունաբերության ոլորտում, ագրոարդյունաբերական համալիրում, էներգետիկայում, տեխնիկական կարգավորման մեջ առկա խոչընդոտների վերացման «ճանապարհային քարտեզի» մշակումը:

ԵՏԲԽ ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ:

Հաստատվել են Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունները: Փաստաթղթում սահմանվել են թվային ոլորտում Միության պետությունների համագործակցության նպատակները, սկզբունքները, խնդիրները, ուղղություններն ու մեխանիզմները: ԵԱՏՄ երկրների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ հանձնարարվել է ապահովել թվային օրակարգի շրջանակներում նախաձեռնությունների մշակումը:

«Միության երկրները տնտեսության զարգացման իրենց ռազմավարություններում ու ծրագրերում արդեն լուծում են տնտեսության թվային վերափոխման մարտահրավերներին պատասխանի նախապատրաստման մի շարք խնդիրներ, – նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: – Սակայն անդամ պետությունների համաձայնեցված քաղաքականությունը թվային ոլորտում կարող է դառնալ Միության երկրների թվային տնտեսության զարգացման սիներգետիկ էֆեկտներ ստանալու աղբյուր»:

Թվային նախագծերի ու նախաձեռնությունների ներդրումը մինչև 2025 թվականը կարող է կազմել ԵԱՏՄ ՀՆԱ ակնկալվող ընդհանուր աճի շուրջ 11%, կարծում են Համաշխարհային բանկի փորձագետները: Եթե Միության երկրները չապահովեն թվային օրակարգի իրագործմանն ուղղված իրենց ջանքերի սինքրոնացում, ապա ՀՆԱ աճին ներդրումը զգալիորեն ավելի ցածր կլինի: «Մենք պետք է համաձայնեցված շարժվենք, կիրառելով մեր երկրներում արդեն կիրառվող լավագույն փորձը, օգնելով միմյանց զարգացնել ընդհանուր եվրասիական թվային տարածությունը: Հակառակ դեպքում մենք նոր խոչընդոտներ ու սահմաններ կստանանք, որոնք մեզ կբաժանեն արդեն ոչ թե աշխարհագրական, այլ տեխնոլոգիական սկզբունքով, և կբարդացնենք ապրանքների ու ծառայությունների տեղաշարժը», – կարծում է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:

Համատեղ աշխատանքը թույլ կտա Միության երկրներում նոր աշխատատեղեր ու ոլորտներ ստեղծել, բարձրացնել բիզնեսի մրցունակությունը՝ հասարակության կյանքի բոլոր բնագավառներում թվային վերափոխումների հաշվին, ներգրավվել ԵԱՏՄ պետությունները թվային վերափոխման գլոբալ, մակրոտարածաշրջանային ու տարածաշրջանային գործընթացներում, պարզեցնել ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի գործընթացները:

ԵԱՏՄ երկրներում թվային տնտեսության զարգացման առանցքային ուղղություններ կդառնան տնտեսության ոլորտների ու շուկաների թվային վերափոխումը, ժամանակակից տեխնոլոգիաների ու ինտեգրացիոն գործընթացների կառավարման գործիքների ներդրումը, թվային ենթակառուցվածքի զարգացումը, ինչպես նաև տվյալների ու հաղորդակցության ուղիների պաշտպանությունը:

Արդեն հաջորդ տարի փորձագետները կսկսեն առաջարկներ հավաքագրել ու պատրաստ կլինեն այն նախաձեռնությունների մշակմանը, որոնք կհետաքրքրեն երկու կամ ավելի ԵԱՏՄ երկիր: Արդյունքում, եթե փորձագիտական խմբի աշխատանքի արդյունքները ստանան ԵՏՀ Խորհրդի և բոլոր ազգային կառավարությունների ներկայացուցիչների աջակցությունը, հավանության արժանացած նախաձեռնությունների հիման վրա կսկսվի կոնկրետ նախագծերի իրագործումը: Գերակա կարգով կքննարկվեն այն նախաձեռնությունները, որոնք առնչվում են էլեկտրոնային առևտրի, տրանսպորտային միջանցքների թվային ենթակառուցվածքի զարգացմանը, արդյունաբերական կոոպերացիայում նոր տեխնոլոգիաների օգտագործմանը, ինչպե նաև թվային հետագծելիությանը: Թվային վերափոխման շրջանակներում համատեղ աշխատանքի կարևոր մաս կդառնա ԵԱՏՄ-ում տվյալների շրջանառության մասին համաձայնագրի նախապատրաստումն ու Միության ռեգուլյատիվ «ավազախցերի» համակարգի ստեղծումը:

ԵԱՏՄ թվային օրակարգի հիմնական դրույթների նախագծի քննարկման ընթացքում Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է 2018 թվականին անցկացնել ԵՏԲԽ նիստ և մասնագիտացված համաժողով, որոնք նվիրված կլինեն Միության երկրների տնտեսությունների թվայնացման հարցերին:

Բարձր տեխնոլոգիաների բնագավառում ԵԱՏՄ երկրների համագործակցության օրինակ է կարգադրությունը տիեզերական ապարատների ու վերգետնյա ենթակառուցվածքի համատեղ օգտագործման ծրագիր մշակելու մասին, որն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Նախագահների հավանությանն արժանացած փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն Երկրագնդի հեռահար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական ու երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում:

Միության երկրների փոխգործակցության հիմքը «Տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաներ» եվրասիական տեխնոլոգիական հարթակը, որը Հանձնաժողովը ձևավորել է 2016 թվականին՝ ԵԱՏՄ առաջատար աերոտիեզերական ձեռնարկությունների ու գիտահետազոտական ինստիտուտների աջակցությամբ: Տիեզերական ապարատների ու վերգետնյա ենթակառուցվածքի գործող խմբավորումների ինտեգրման միջպետական ծրագիրը պետք է մշակվի մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը: Արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են Միության երկրների աերոտիեզերական գերատեսչությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ: Մեկ շաբաթից «Ղազախստանի Հանրապետության տիեզերքի օրեր» համաժողովի շրջանակներում կկայանա այդ խմբի առաջին նիստը:

Քննարկվում է տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների միավորված օպերատոր ստեղծելու հնարավորությունը, որը կստանձնի տիեզերական ապարատների համատեղ ուղեծրային խմբավորմն առևտրային շահագործման կառավարումն ու կմշակի համաշխարհային շուկա դուրս գալու մարկետինգային ռազմավարություն: Այս ծրագրի կարևոր մաս կդառնա տարբեր սերվիսներ  (ԱԻ մշտադիտարկում, օգտակար հանածոների որոնում և արդյունահանում, շինարարություն, բնապահպանություն և այլն) ներկայացնող տեղեկատվական պորտալի ի հայտ գալը:

Երրորդ փուլում կարող է սկսվել ԵԱՏՄ փոքր տիեզերական ապարատների կոոպերացիոն սերիական արտադրությունն ու գործարկումը: Արբանյակի ստեղծման ժամանակ կօգտագործվեն նպատակային սարքավորումների նախագծման ու արտադրության նորագույն թվային տեխնոլոգիաներ, ծառայողական հարթակի արտադրության ադդիտիվ տեխնոլոգիաներ, Միության երկրների ազգային արտադրողների մշակված կողային համակարգերն ու համալիրները: Միության ձեռնարկությունների արդյունաբերական համագործակցությունը հզոր խթան կդառնա ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ու կոմպոզիտային նյութերի արտադրության զարգացման համար և կարևոր շարժիչ ուժ՝ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի համար: Նան արբանյակների սերիական արտադրությունը կարող է սկսվել արդեն 2023 թվականից հետո:

Բարձրագույն խորհրդի անդամները քննարկել են ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման ընթացքը, որն իր նշանակությամբ երկրորդ փաստաթուղթն է՝ Միության մասին պայմանագրից հետո: Փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ նոր նորմեր, որոնք օգտակար են բիզնեսի համար: «ԵԱՏՄ ՄՕ ուժի մեջ մտնելը հզոր խթան կդառնա մաքսային տեխնոլոգիաները տեղեկատվական ռելսերին տեղափոխելու համար և կվերացնի իրավակիրառ պրակտիկայում կուտակված շատ խնդիրներ», - նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Մաքսային օրենսգիրքը լայնածավալ և ակնթարթային փոփոխություն կկատարի մաքսային կարգավորման մեջ: Սա ուղղակիորեն առնչվում է բազմաթիվ քաղաքացիներին ու ձեռնարկատերերի մեծամասնությանը: Այս առնչությամբ պետությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձնում օրենսգրքի հիմնադրույթների ու վերջինիս ուժի մեջ մտնելու մասին հանրությանը նախապես տեղեկացնելու անհրաժեշտությանը: Ենթադրվում է, որ ԵԱՏՄ ՄՕ-ն կգործի 2018 թվականի սկզբից: Ներկայումս Միության բոլոր երկրներում փաստաթուղթն ուղարկված է խորհրդարաններին, և այդպիսով սկսվել է վերջինիս վավերացման ընթացակարգը:

Հաջորդ երեք տարվա համար ԵԱՏՄ Դատարանի նախագահ է ընտրվել Ղազախստանի Հանրապետության ներկայացուցիչ Ժոլիմբետ Բաիշևը, իսկ նրա տեղակալը՝ Հայաստանի ներկայացուցիչ Էռնա Այրիյանը:

ԵՏԲԽ որոշմամբ Ռուսաստանի Դաշնությունը 2018 թվականին կնախագահի Միության մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդում: