Вход
ԵՏՀ Նախարար Արա Նռանյանը խոսել է ԵԱՏՄ կազմում Հայաստանի առաջին տարվա արդյունքների և Միության հեռանկարների մասին

ԵՏՀ Նախարար Արա Նռանյանը խոսել է ԵԱՏՄ կազմում Հայաստանի առաջին տարվա արդյունքների և Միության հեռանկարների մասին

13.11.2015

Նոյեմբերի 13-ին Օրենբուրգում (Ռուսաստան)՝ «Օրենբուրժիե-2015» խորագրով 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում, ելույթ ունենալով լիագումար նիստին, ինչպես նաև «Աշխատանքային փորձը ԵԱՏՄ գործունեության սկզբնական փուլում» խորագրով կլոր սեղանին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի Անդամ (Նախարար) Արա Նռանյանը խոսել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ծրագրերի և հեռանկարների, ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամության առաջին տարվա արդյունքների մասին:

Օրենբուրգի մարզի կառավարության կողմից կազմակերպված համաժողովին մասնակցել են Ռուսաստանի դաշնային նախարարությունների և գերատեսչությունների, իշխանության տարածաշրջանային մարմինների, արդյունաբերական պարկերի, բանկային հատվածի ներկայացուցիչներ:

Արա Նռանյանը նշել է, որ Միությանը միանալուց անմիջապես հետո Հայաստանը մի շարք էական դժվարություններ է ունեցել, որոնք կապված էին ոչ միայն ազգային արժույթների արժեզրկման, այլև ԱԱՀ վերադարձի մեխանիզմի բարդության, «Վերին Լարս» անցակետի ցածր թողունակության և այլնի հետ: Սակայն խնդիրներն աստիճանաբար լուծվում են: Օրինակ, ԵՏՀ-ն այժմ ակտիվորեն զբաղվում է ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմի պարզեցմամբ, ինչը դրական ազդեցություն կունենա Միության բոլոր երկրների փոխադարձ առևտրի վրա:

Ընդ որում, միանալով ինտեգրացիոն նախագծին, Հայաստանը բավականին շատ դրական արդյունքներ է ունեցել. երկրում աճել է դեպի Միության երկրներ, հատկապես Ռուսաստանի Դաշնություն գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մասնաբաժինը, ստեղծվել է բարենպաստ ներդրումային ֆոն, ինչը պայմանավորված է ինչպես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամությամբ, այնպես էլ Իրանի հետ համագործակցության հեռանկարներով, ինչպես նաև բարձրացել է Հայաստանի նկատմամբ Միության երկրների զբոսաշրջիկների հետաքրքրվածության մակարդակը:

ԵՏՀ Նախարարի խոսքով, ինտեգրման ուղին նոր մրցակցային տնտեսության կառուցումն է, որն պահովում է քաղաքացիների բարեկեցության աճը:«Անհրաժեշտ է տնտեսություն կառուցել, որը մրցունակ կլինի համաշխարհային, այլ ոչ թե ներքին շուկայում, - ընդգծել է Արա Նռանյանը: - Անհրաժեշտ է վերացնել արգելքներն ու բացառումները փոխադարձ առևտրում, նվազեցնել ներմիութենական շրջանառության մեջ պահանջվող փաստաթղթերի, թույլտվությունների քանակը»:

Ոչ մի երկիր միայնակ, առավել ևս՝ ինտեգրման գործընթացներից մեկուսացված, չի կարող դառնալ զարգացած պետություն, եթե գործընկեր երկրներն ունեն սոցիալական և տնտեսական խնդիրներ, համոզված է ԵՏՀ Նախարարը: Այլ ինտեգրացիոն միավորումների փորձն ապացուցում է, որ երկրների կենսամակարդակի բարձրացմանն աջակցելը դրական է անդրադառնում ոչ միայն հետ մնացողների, այլև տարածաշրջանային առաջատարների վրա:

Հետագա մերձեցման և զարգացման համար Միությանն անհրաժեշտ են համագործակցության նոր ոլորտներ, որոնք կմերձեցնեն մասնակից երկրների տնտեսություններն ու դրանց քաղաքացիներին: Անհրաժեշտ են նոր ռազմավարական նախագծեր:«ԵԱՏՄ հարավային ուղղությամբ նման նախագիծ կարող է և պետք է դառնա Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման իրականացումը և Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն երկաթուղային հաղորդակցության բացումը, - կարծում է Արա Նռանյանը: - Պետք է նաև ավարտվի Հայաստանում «Հյուսիս-Հարավ» արագընթաց ավտոճանապարհի շինարարությունը, որը Միության երկրները կկապի Պարսից ծոցի իրանական նավահանգիստների հետ: Արևելյան ուղղությամբ գերակայությունը Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու նախագծի իրագործմանը մասնակցելն է: Նման խոշոր տարածաշրջանային նախագծերը՝ մի քանի երկրների և խոշոր ներդրողների ներգրավմամբ, կստեղծեն աճի նոր կետեր, զարգացման նոր ուղիներ, որոնք, իրենց հերթին, մեր տնտեսությունների կառուցվածքում որակական փոփոխությունների կհանգեցնեն»: