Вход
Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի անդամների՝ COVID-19 պանդեմիայի հետ կապված համատեղ հայտարարությունը

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի անդամների՝ COVID-19 պանդեմիայի հետ կապված համատեղ հայտարարությունը

14.04.2020

Մենք, Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի անդամներս,

 հաշվի առնելով մեր երկրների միջև

 քաղաքական, տնտեսական և պատմական սերտ կապերը, հաստատելով համախոհությունը Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում ամրագրված նպատակներին և սկզբունքներին,

 ուշադրության առնելով այն, որ COVID-19 կորոնավիրուսային վարակը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարվել է պանդեմիա և բնութագրվել որպես արտակարգ իրավիճակ հասարակական առողջապահությունում, ունի միջազգային նշանակություն, տանում է դեպի բնակչության շարժունակության էական նվազեցման, դժվարացնում է ապրանքների և ծառայությունների առևտուրը, անհաստատունություն է առաջացնում գլոբալ ֆինանսական և հումքային շուկաներում, համաշխարհային և տարածաշրջանային տնտեսությունների համար ստեղծում է ապաինտեգրման ռիսկեր,

 ընդգծելով COVID-19 պանդեմիայի պայմաններում մարդկանց առողջության և բարեկեցության պահպանման և տնտեսության համար բացասական հետևանքների մեղմացման ուղղությամբ մեր պետությունների քաղաքացիների կողմից ցուցաբերած աջակցության և համաշխարհային հանրության կոլեկտիվ ջանքերի կարևորությունը,

 հայտնելով այդ ընդհանուր սպառնալիքին համատեղ դիմակայելու համար ջանքերի միավորման հարցում մեր վճռակամությունը,

 հայտարարում ենք հետևյալը՝

Հաստատում ենք COVID-19 պանդեմիայի բացասական հետևանքների վերացման, ձեռք բերված ինտեգրացիան համագործակցության մակարդակի պահպանման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետագա տնտեսական զարգացման, մեր երկրներում սոցիալական և մակրոտնտեսական կայունության ապահովման, գործարար և ներդրումային ակտիվության պահպանման  համար համախմբված աշխատանքը շարունակելու   մեր պատրաստակամությունը։ 

Հստակ համոզված ենք, որ COVID-19 պանդեմիայի դեմ պայքարը չպետք է հանգեցնի ստեղծված կոոպերացիոն կապերի ընդհատմանը, միջազգային առևտրի շարժականգին, ներդրումային գործունեության դադարեցմանը։  

Կոչ ենք անում բոլոր պետություններին աջակցել միջազգային համագործակցությանը, ամրապնդել վստահությունը, դադարեցնել զինված հակամարտությունները, առևտրային պատերազմները, միակողմանի ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները և անխոտոր հետևել միջազգային իրավունքի նորմերին։

Հանդես ենք գալիս հօգուտ միջազգային հանրության միասնության և համաշխարհային տնտեսության կայունության, ապրանքների, այդ թվում սոցիալապես կարևոր ապրանքների, սննդամթերքի, բժշկական սարքավորումների և պատրաստուկների, անհատական պաշտպանության բժշկական միջոցների տեղաշարժի ազատության սկզբունքի պահպանման։    Մեր պետությունների կողմից ձեռնարկվող օպերատիվ և համակարգային բնույթի միջոցներն ուղղված են մեր երկրների տնտեսությունների վրա COVID-19 պանդեմիայի ազդեցության մեղմացմանը և միասնական տնտեսական տարածքի գործունեության ապահովմանը։ Ելնում ենք նրանից, որ COVID-19-ի պատճառով ամբողջ աշխարհում մտցված սահմանափակումները հանդիսանում են ստիպված միջոց և չեղյալ են համարվելու մարդկանց կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքների վերացումից հետո։

COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում մենք նպատակադրել ենք շարունակել միմյանց ցուցաբերվող անհրաժեշտ աջակցությունը, ամրապնդել առողջապահության համակարգերը, անցկացնել համատեղ գիտական հետազոտություններ վարակների կանխարգելման, ախտորոշման և բուժման միջոցների մշակման ոլորտում, կատարելագործել փոխգործակցության ալգորիթմերը համաճարակներին արձագանքելիս։  

Կառավարություններին, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարում ենք իրականացնել համակարգված միջոցներ, որոնք ուղղված կլինեն COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ու կանխմանը, մեր տնտեսական համագործակցության ամրապնդմանը, ներքին շուկաների, այդ թվում՝ պարենային շուկայի գործունեության կայունության պահպանմանը, COVID-19 պանդեմիայի բացասական հետևանքների հաղթահարման համար մեր պետությունների քաղաքացիներին և բիզնեսին աջակցությանը։

Մենք հստակ համոզված ենք, որ ինտեգրացիայի առավելությունները կօգնեն մեր երկրներին և ժողովուրդներին պատվով դուրս գալ այս փորձությունից։

Բելառուսի Հանրապետության նախագահ, ԵՏԲԽ-ի նախագահ Ա.Գ. Լուկաշենկո

 Հայաստանի Հանրապետության վարչապետ, ԵՏԲԽ-ի անդամ Ն.Վ. Փաշինյան

 Ղազախստանի Հանրապետության նախագահ, ԵՏԲԽ-ի անդամ Կ.Կ. Տոկաև

 Ղրղզստանի Հանրապետության նախագահ, ԵՏԲԽ-ի անդամ Ս.Շ. Ժեենբեկով

 Ռուսաստանի Դաշնության նախագահ, ԵՏԲԽ-ի անդամ Վ.Վ. Պուտին։