Вход
ԵԱՏՄ-ն և ԱՍԵԱՆ-ը խորացնում են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը

ԵԱՏՄ-ն և ԱՍԵԱՆ-ը խորացնում են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը

14.11.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Լիմ Ջոկ Խոյը նոյեմբերի 14-ին Սինգապուրում ստորագրել են ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը։ Հուշագրի ստորագրման արարողությունը կայացել է ասոցիացիայի անդամ երկրների առաջնորդների և Ռուսաստանի Դաշնության նախագահ, Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ։
ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև հուշագիրը հիմք է ստեղծում ամբողջ Եվրասիական մայրցամաքի մասշտաբով ինտեգրացիոն դաշինքների փոխգործակցության հարցերի լայն շրջանակի քննարկման նպատակով երկխոսական հարթակի ձևավորման համար։
«Հուշագրի ստորագրումը նպաստելու է ԵԱՏՄ անդամ պետությունների և ԱՍԵԱՆ-ի մասնակից երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության բազմակողմանի ընդլայնմանը», - հայտարարել է Տիգրան Սարգսյանը ստորագրման արարողության ավարտից հետո լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում։
Կողմերը համագործակցելու են այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են մաքսային կարգավորումը և առևտրի ընթացակարգերի պարզեցումը, սանիտարական և բուսասանիտարական միջոցները, տեխնիկական կարգավորումը, էլեկտրոնային առևտուրը, ծառայությունների առևտուրը և ներդրումները, ինչպես նաև ձեռնարկատիրության զարգացումը։ Առաջին հերթին դա անհրաժեշտ պայմաններ կստեղծի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների մակարդակով կայուն փոխգործակցության զարգացման համար։
Համաժողովի լուսանցքներում կայացել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լունի հետ։ Կողմերը նշել են առաջընթացը Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցային գործընթացում։ Նրանց կարծիքով, փաստաթղթի ստորագրումը կարող է խթանել փոխադարձ ապրանքաշրջանառության, ներդրումների աճը, ինչպես նաև կապիտալի ներդրումներով և տեխնոլոգիաներով փոխանակումը։
Տեղեկանք
ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ի քարտուղարությունը փոխգործակցություն են իրականացնում կազմակերպությունների ղեկավարների մակարդակով 2014 թվականից։ 2016 թվականից գործում է ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ Սինգապուրի հետ ԱԱԳ մասին համաձայնագրի ստորագրման հեռանկարները քննարկվել էին 2016 թվականի մայիսին՝ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լունի հանդիպման ընթացքում, որի արդյունքում նշվել էր հետաքրքրությունն այդ ուղղության զարգացման մեջ։ Այդ ժամանակ էլ ստորագրվել էր ԵՏՀ-ի և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման հուշագիրը։
ԱՍԵԱՆ-ի անդամ պետություններն են հանդիսանում Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիլիպինները։