Вход
ԵԱՏՄ երկրներն ու Կամբոջայի Թագավորությունը պատրաստ են ավելացնել տնտեսական համագործակցության մասշտաբները

ԵԱՏՄ երկրներն ու Կամբոջայի Թագավորությունը պատրաստ են ավելացնել տնտեսական համագործակցության մասշտաբները

15.02.2017

Կամբոջայի Թագավորության հետ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների առևտրի ծավալների մեծացման, ներդրումային նախագծերի ու տնտեսական համագործակցության նոր ուղղությունների աջակցման հարցերը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Կամբոջայի Թագավորության վարչապետ Խուն Սենը փետրվարի 14-ին Պնոմպենում: Հանդիպմանը մասնակցել են ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան, Կամբոջայի նախարարներ ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Կամբոջայի հետ ԵԱՏՄ երկրների տնտեսական գործընկերության ներուժը առայժմ մասնակի է օգտագործվում: Սակայն պարզ է, թե որ գործիքների օգնությամբ հնարավոր է փոխել այս իրավիճակը: Մի կողմից, անհրաժեշտ է կամբոջացի գործարարներին ծանոթացնել ԵԱՏՄ-ում գործող տեխնիկական կանոնակարգերին, բուսասանիտարական ու անասնաբուժական նորմերին, ինչպես նաև մաքսային կարգավորման համակարգին: Սա թույլ կտա ընդլայնել փոխադարձ առևտրի ծավալները և նոր մթերքներ ու ապրանքներ դուրս բերել դեպի Միության շուկաներ:

Պակաս կարևոր չէ աջակցությունը կամբոջական բիզնեսի ներկայացուցիչների հետ ԵԱՏՄ երկրների արդյունաբերողների ու գործարարների ուղիղ երկխոսության ձևավորմանը: Տիգրան Սարգսյանն առաջարկել է առաջին աշխատանքային հանդիպումներն անցկացնել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում: Այս հարթակում ԵՏՀ-ն հանդես կգա որպես նոր թրենդներին ու եվրասիական ինտեգրման մարտահրավերներին նվիրված նստաշրջանի կազմակերպիչ: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը կարևոր է համարում համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը, որի կազմում ընդգրկված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ երկրների ազգային կառավարությունների, բիզնես ընկերակցությունների և Կամբոջայի Թագավորության կառավարության ներկայացուցիչներ:

Կամբոջայի Թագավորության վարչապետն իր հերթին նշել է, որ իր երկիրը երկար տարիների ընթացքում հանդիսանում է ԵԱՏՄ պետությունների ավանդական գործընկերը: Հետագա համագործակցության որակապես նոր քայլ պետք է դառնա Միության երկրների ու Կամբոջայի միջև Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը: Այս ուղղությամբ ակտիվ տեղաշարժի համար անհրաժեշտ է զարգացնել վստահության մթնոլորտը, գործարարների համար ձևավորել աջակցող օրենսդրական միջավայր ու փոխգործակցության խթաններ: Նման խթանների թվում Խուն Սենը նշել է, մասնավորապես, ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը: 

Կամբոջայի վարչապետը հայտնել է, որ պաշտպանում է երկխոսությունը ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ-ի միջև, նշելով, որ երկու միավորումների միջև հարաբերությունների ամրապնդումը կարող է բացառապես դրական ազդեցություն ունենալ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վրա:

 Տատյանա Վալովայա. «Առջևում Եվրասիական տնտեսական միության և Կամբոջայի Թագավորության միջև առևտրատնտեսական կապերի ներուժի բացահայտման մասշտաբային և հետաքրքիր աշխատանք ունենք»