Вход
Մոլդովայի Հանրապետության նախագահը և ԵՏՀ Կոլեգիայի նախագահը քննարկել են Համագործակցության հուշագրի ընդունման հնարավորության հարցը

Մոլդովայի Հանրապետության նախագահը և ԵՏՀ Կոլեգիայի նախագահը քննարկել են Համագործակցության հուշագրի ընդունման հնարավորության հարցը

17.01.2017

Մոլդովայի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման հնարավորությունները քննարկվել են ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հանդիպմանը: Որոշում է ընդունվել Եվրասիական տնտեսական միության ու Մոլդովայի Հանրապետության միջև Համագործակցության հուշագրի նախապատրաստման մասին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը շահագրգռված է Մոլդովայի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև ավանդապես դրական և փոխշահավետ տնտեսական շփումները վերականգնելու հարցում: Նրա կարծիքով, «գործարար համագործակցության զարգացումը, բիզնես վարելու համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, արգելքների վերացումը և մաքսային ռեժիմի սինխրոնիզացիան թույլ կտան նոր ազդակ հաղորդել մեր երկրների տնտեսություններին»:

Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնն իր հերթին նշել է, որ «Եվրասիական տնտեսական միության հետ տնտեսական համագործակցությունը շահավետ է Մոլդովայի քաղաքացիների համար, և նրանցից ավելի քան 50 տոկոսը կողմ են վերջինիս հետ ավելի սերտ ինտեգրմանը»: Սակայն նա նշել է, որ «կամ՝ Եվրոպայի հետ համագործակցություն, կամ՝ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցություն հարց դնելը հեռանկարային չէ: Մենք, անշուշտ, պետք է ընդհանուր շահեր և փոխգործակցության հնարավորություններ գտնենք թե մեր հարևան՝ Եվրոպական միության, թե մեր բարեկամների՝ Եվրասիական միությունից մեր ռազմավարական գործընկերների հետ»:

Տիգրան Սարգսյանը Մոլդովայի նախագահի հատուկ ուշադրությունն է հրավիրել առ այն, որ ԵԱՏՄ գործունեության սկզբունքները նախատեսում են Միության յուրաքանչյուր անդամ պետության շահերի առավելագույն հաշվառում: «Խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մակարդակով բոլոր մեր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, – նշել է Տիգրան Սարգսյանը: – Սա ստիպում է լրջորեն մոտենալ յուրաքանչյուր երկրում ստեղծված տնտեսական իրավիճակին, բոլորի համար աճի ընդհանուր կետեր, տնտեսության սեգմենտներ ու ոլորտներ փնտրել, որոնք առավելագույն ինտեգրացիոն ներուժ ունեն: ԵԱՏՄ-ում հատուկ ուշադրություն է դարձվում մարդկային կապիտալի միասնական տարածության ձևավորմանը, դիպլոմների փոխադարձ ճանաչման, բժշկական սպասարկման հավասար անխոչընդոտ մատչելիության հարցերի լուծմանը»:

Հանդիպման արդյունքներով Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը որոշում ընդունեցին Համագործակցության հուշագրի նախապատրաստման մասին: «Մենք այդ փաստաթղթի ստորագրմանը պատրաստ կլինենք այս տարվա առաջին եռամսյակում՝ մինչև մարտի վերջ», – նշել է Իգոր Դոդոնը, ևս մեկ անգամ ընդգծելով, որ հուշագրի խնդիրը տեղեկատվության փոխանակումն է, հնարավոր փոխգործակցության ոլորտների սահմանումը և մոտեցումների ներդաշնակեցումը:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահն իր հերթին պաշտպանել է մոլդավական կողմի առաջարկը, հայտնելով, որ «հուշագրի ստորագրումը թույլ կտա պատասխան տալ այն բազմաթիվ հարցերին, որոնք այսօր հետաքրքրում են թե բիզնեսը և թե մեր քաղաքացիներին. մենք ինչպես կկարողանանք առևտրային փոխհարաբերություններ կառուցել, միգրացիոն հոսքեր, քաղաքացիների համար ինչ ռեժիմներ կստեղծվեն, նրանք ինչպես են հատելու սահմանը, աշխատանքի տեղավորվելու, հարմարավետ ապրելու ԵԱՏՄ երկրներում»: