Вход
ԵՏՀ Խորհրդի որոշումները խթանում են ԵԱՏՄ երկրների ազգային տնտեսությունների զարգացումը

ԵՏՀ Խորհրդի որոշումները խթանում են ԵԱՏՄ երկրների ազգային տնտեսությունների զարգացումը

17.03.2017

Մարտի 17-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհրդի նիստը: Որոշումներ են հաստատվել, որոնք ապահովում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում սպառողների անվտանգությունը և բուսասանիտարական վերահսկողության արդյունավետությունը:

ԵՏՀ Խորհրդի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը ուշադրությունը հրավիրել է Խորհրդի ընդունած որոշումների կարևորությանը. «Ժամանակակից աշխարհում տեխնիկական կարգավորման նորմերն ու կանոնները կոչված են ապահովելու ապրանքների անվտանգությունը սպառողների համար, բարձրացնելու արտադրության արդյունավետությունը և նվազեցնելու բիզնեսի ծախքերը, – նշել է Օլեգ Պանկրատովը: – Մեզ համար կարևոր է մշակել միատեսակ մոտեցումներ, Միության երկրների համար ընդհանուր՝ ԵԱՏՄ ստանդարտներին ապրանքների ու ծառայությունների համապատասխանության որոշման կարգ»:

ԵՏՀ Խորհուրդը հաստատել է.
  • Կոշկեղենի արտադրությունում լայն կիրառություն ունեցող եթերային սպիրտների և դրանց արտադրյալների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափի զրոյացումը: Ռուսաստանի կաշեգործների ու կոշկակարների միության գնահատականներով, տվյալ միջոցը պետք է թույլ տա նվազեցնել ոլորտի ձեռնարկությունների ծախսերը տարեկան 735,3 հազ. ԱՄՆ դոլարով և բարձրացնել արտադրությունների շահութաբերությունը 13%-ով՝ ընթացիկ մակարդակին համեմատ (2,8%-ից մինչև 3,16%):
  • Եվրասիական տնտեսական միության «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում մի շարք նոր դրույթների ներառումը, որոնք ուղղված են նաև մագնիսական տարրեր ունեցող արտադրանքի անվտանգության ապահովմանը: Մասնավորապես, արգելված են փոքր չափերի չամրացված գերհզոր մագնիսներով խաղալիքների վաճառքը և տարածումը: Սա թույլ կտա նվազեցնել երեխաների առողջության սպառնալիքները, քանի որ կբացառի դրանք կուլ տալու հնարավորությունը:
  • ԵԱՏՄ ենթակարանտինային արտադրանքի ներկրման և անդամ պետությունների միջև դրա տեղափոխման ժամանակ իրականացվող կարանտին բուսասանիտարական վերահսկողության ոլորտում մի շարք կրկնվող նորմերի բացառում: Այս որոշումը կնպաստի առևտրում չհիմնավորված վարչական խոչընդոտների վերացմանը և կարանտին բուսասանիտարական վերահսկողություն անցկացնելիս կոնֆլիկտային իրավիճակների կրճատմանը:
  • «Պայթուցիկ նյութերի ու դրանց հիման վրա պատրաստված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին: Պայթուցիկ նյութերի մակնշումը նախատեսող նորմի գործողության սկզբի ժամկետը տեղափոխվել է 2021 թվականի հունվարի 1-ին: Կանոնակարգը նորմատիվորեն ամրագրում է ԵԱՏՄ երկրներում ածխային, նավթային, գազային և արդյունաբերության մի շարք այլ ոլորտներում կիրառվող պայթուցիկ նյութերի շրջանառությունը:
Տեխնիկական կանոնակարգի 4-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսում է պայթուցիկ նյութերում մակնշող նյութերի ներառում, որոնց վրա նշվում են արտադրող երկրի, արտադրանքի տեսակի, արտադրողի, արտադրված խմբաքանակի և արտադրման ժամկետի կոդային նշումներ:

Եթերային սպիրտների և դրանց արտադրյալների ներմուծման մաքսատուրքերի զրոյացման մասին որոշման վերաբերյալ ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան նշել է, որ այս միջոցը կգործի մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը ներառյալ: «Նշված քիմիական արտադրանքի ներմուծման զրոյական դրույքաչափի ներդնումը կապահովի կաշեգործական, կաշեգալանտերեայի արտադրանքի ու կոշկեղենի արտադրողների աջակցություն, որոնց՝ քիմիայի գնման ծախքերը արժույթների փոխարժեքների աճի պատճառով աճել են 2,5 անգամ, – հայտնել է Վերոնիկա Նիկիշինան: – Այսպիսով, ներմուծման մաքսատուրքերի զրոյացումը պետք է ձեռնարկություններին թույլ տա կրճատել ծախքերը և ավելի մրցունակ գներ առաջարկել ներքին և արտաքին շուկաներում»:

ԵՏՀ Խորհրդի շրջանակներում Ղազախստանի Հանրապետությունը և Ղրղզստանի Հանրապետությունը փաստաթղթեր են ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը անդամության կապակցությամբ Ղրղզստանի տնտեսության ադապտացման ընթացքում երկրին տեխնիկական և ֆինանսական օգնություն տրամադրելու մասին: «Մենք հուսով ենք, որ ԵԱՏՄ պետությունների կողմից աջակցությունը մեզ թույլ կտա առավելագույնս կարճ ժամկետներում օգտվել ինտեգրման բոլոր առավելություններից, մեծացնել հանրապետության ձեռնարկությունների մասնակցությունը փոխադարձ առևտրում և բարձրացնել երկրի կենսամակարդակը, – նշել է Ղրղզստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը: – Ուրախ եմ, որ նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները վերածվել են այսօր ստորագրված համաձայնագրերի»:

Ինչպես հայտնել է Ղրղզստանի փոխվարչապետը, հանրապետությունը մեծ գործ է կատարել Միության երկրներ մատակարարվող ապրանքների որակն ու անվտանգությունն երաշխավորող պայմաններ ստեղծելու համար: «Ղազախստանի տրամադրած միջոցները կուղղվեն հենց անհրաժեշտ ենթակառուցվածքի, մասնավորապես՝ անասնաբուժական ու բուսասանիտարական լաբորատորիաների արդիականացմանն ու զարգացմանը», – հայտնել է Օլեգ Պանկրատովը:

Ղազախստանը կմեծացնի ֆինանսական աջակցության ծավալները 7-ից մինչև 41 մլն. դոլար: Միջոցները կուղղվեն ենթակառուցվածքի զարգացմանը, այդ թվում՝ Ղրղզստանի Հանրապետություններում հսկիչ անցակետերի ու լաբորատորիաների շինարարությանը, արդիականացմանը և լրազինմանը:

Կպարզեցվի նաև երկու երկրների փոխգործակցության գործընթացը: Երկրները համաձայնեցրել են լիազորված մարմինները, որոնք կսահմանեն օգնության տրամադրման պայմաններն ու ձևաչափերը՝ Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարությունը և Ղազախստանի ֆինանսների նախարարությունը: