Вход
Ստորագրվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը

Ստորագրվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը

17.05.2018

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։
 
Համաձայնագրում իրենց ստորագրություններն են դրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ Վասիլի Մատյուշևսկին, Ղազախստանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Դմիտրի Կոզակը և Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Շարիատմադարին։
 
Ստորագրման արարողությանը զուգադիպեցվել է «ԵԱՏՄ-Իրան՝ համագործակցության նոր հեռանկարները արտոնված առևտրի պայմաններում» պանելային բանավեճին, որի մասնակիցները քննարկել են համաձայնագրի կնքումից սպասվող արդյունքները, նոր հնարավորությունները, որոնք բացվում են Միությունից և Իրանից արտահանողների համար, ինչպես նաև կողմերի միջև համագործակցության խորացման ուղիները։
 
Բացելով բանավեճը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ փաստաթուղթը յուրահատուկ է դարձել ԵԱՏՄ-ի համար, քանի որ ենթադրում է ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման երկու փուլ։ Ընթացիկ փուլում գործելու է Ժամանակավոր համաձայնագիրը։ Երեք տարում նախատեսվում է պայմանավորվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ԱԱԳ-ի մասին լիաձևաչափ համաձայնագրի վերաբերյալ։ ԱԱԳ մասին համաձայնագիրն ընդգրկելու է ամբողջ ապրանքային անվանացանկը։ Հեռանկարում ապրանքաշրջանառությունը կարող է ավելանալ մինչև մեկ ու կես անգամ (150%)։
 
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանակցային գործընթացի բոլոր մասնակիցներին՝ Միության հինգ երկրների ներկայացուցիչներին, գործարար համայնքին և Հանձնաժողովի աշխատակիցներին, որոնք ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինայի ղեկավարության ներքո կատարել են «բովանդակալից և կազմակերպչական շատ մեծ աշխատանք և հասել են այնպիսի արդյունքի, որը բավարարում է համաձայնագրի բոլոր կողմերին»։ Ինչպես նաև իրանցի գործընկերներին՝ «նման ծավալուն և առարկայական պայմանավորվածություններին հասնելու ժամանակ ճկունության դրսևորման համար»։
 
«Այժմ համաձայնագիր է ներառվել ապրանքների առաջնակի ցանկը, որոնց նկատմամբ փոխադարձ առևտրում ներմուծման մաքսատուրքերը կնվազեցվեն կամ կվերացվեն փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո, - պատմել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։ - Համաձայնագիրն ընդգրկում է փոխադարձ առևտրի ծավալի 50%, որը, անշուշտ վկայում է պայմանավորվածությունների նշանակալիության և լրջության մասին»։
 
Տիգրան Սարգսյանը նշել է մի քանի հիմնական առավելություններ, որոնք ստանալու են Միության երկրների և Իրանի ձեռնարկատերերը պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Այդպիսի օգուտներից մեկը ներմուծման մաքսատուրքերի վճարման ընթացքում տնտեսելն է։
 
Երկրորդ առավելությունը փոխադարձ առևտրի թափանցիկ և կանխատեսելի միջավայրն է։ «Ներմուծման մաքսատուրքերն իջեցնելուց բացի, Ժամանակավոր համաձայնագիրը նախատեսում է, որ կողմերը հետևելու են միջազգային առևտրի հիմնարար սկզբունքներին։ Ամրագրվել է ԱՀԿ նորմերին նույնական սխեմա, որը պարտավորություններ և պահանջներ է դնում Իրանի վրա, չնայած որ մեր գործընկերներն ԱՀԿ-ին չեն անդամակցում», - հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համաձայնագրում թվարկված ապրանքների նկատմամբ առևտուրը սահմանափակող չհիմնավորված ոչ սակագնային միջոցների չկիրառման վերաբերյալ։
 
Տիգրան Սարգսյանը կոչ է արել տնտեսական օպերատորներին ակտիվորեն օգտագործել հնարավորությունները և ստեղծված կարգավորիչ միջավայրը։ «Անհրաժեշտ է զարգացնել ամբողջ արտադրանքի առևտուրը, քանի որ միջնաժամկետ հեռանկարում դա նույնպես հանդիսանալու է այն չափորոշիչը, որի հիման վրա ընտրվելու են երկրորդ փուլում ազատականացվող ապրանքները», - բիզնես համայնքին է դիմել ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։
 
Ղազախստանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ Սակար Մամինն ընդգծել է 2018 թվականի առաջին եռամսյակում Ղազախստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության դրական շարժընթացը։ «Առևտրի ծավալի աճը առաջին եռամսյակում ավելացել է 72% դեռ մինչև համաձայնագրի ուժի մեջ մտնելը», - հայտնել է վարչապետի առաջին տեղակալը։
 
Ասկար Մամինը նաև նշել է Ղազախստանի՝ Իրանից ԵԱՏՄ շուկա և Միությունից Իրան ապրանքների մատակարարման համար արդյունավետ լոգիստիկայի ապահովման  պատրաստակամությունը։ Որպես օրինակ՝ նա բերել է երկաթուղային տրանսպորտի և նավահանգստային ենթակառուցվածքի գործող լոգիստիկական նախագծերը։
 
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է Իրանի հետ պատմականորեն ստեղծված բարիդրացիական հարաբերությունները։ «Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն ունի Իրանի հետ ցամաքային սահման, և մենք կփորձենք դա օգտագործել ի շահ Հայաստանի, ԵԱՏՄ-ի և Իրանի շուկաներին», - ասել է նա։
 
Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Իրանի հետ առևտրի մեջ ներգրավվելու է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ)։ Դա հնարավորություն է ընձեռում իր հարթակում համատեղ արտադրության ստեղծման համար։ Արտադրողներն Իրանից կարող են ԱՏԳ ներմուծել հումք և ստանալ պատրաստի արտադրանք առանց ԵԱՏՄ շուկա մատակարարման համար բյուրոկրատական ընթացակարգերի։
 
Որպես Իրանի հետ համագործակցության օրինակ՝ Հաաստանի ներկայացուցիչը նշել է արդեն գոյություն ունեցող փորձը. Հայաստանն արտադրում է սննդամթերք իրանական «հալյալ» ստանդարտին համապատասխան։
 
«ԻԻՀ-ի հետ բազմակողմանի հարաբերությունների ստեղծման յուրահատուկ փորձը բավականին հեռանկարային է։ Մենք շատ լավ փոխադարձ արդյունքների ենք հասել», - նշել է Բելառուսի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ Վասիլի Մատյուշևսկին։
 
Բելառուսի ներկայացուցիչը նշել է համաձայնագրի կարևորությունը հանրապետության արտահանման ռազմավարության իրագործման համար։ «Մեր փոխադարձ առևտուրը բավականին ակտիվ է զարգանում 1993 թվականից։ 2017 թվականին Բելառուսի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է երեք անգամ։ Շատ դրական շարժընթաց է նկատվում նաև 2018 թվականի առաջին եռամսյակում», - հայտնել է Վասիլի Մատյուշևսկին։
 
Ավանդական առևտրատնտեսական համագործակցությունից բացի, զարգանում է նաև ներդրումայինը։ Բելառուսը ներդրումներ է իրականացնում Իրանի մեքենաշինությունում։ Իրանը Բելառուսում իրականացնում է մի շարք խոշոր լոգիստիկական նախագծեր։
 
Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը շեշտը դրել է առավելությունների վրա, որոնք ստանալու է հանրապետությունը Ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։ «Իրանի և Ղրղզստանի միջև առևտրի ծավալները դեռ փոքր են, սակայն նկատվում է փոխադարձ առևտրի աճի միտում։ Ղրղզստանը կարող է Իրան մատակարարել մակարոնային արտադրատեսակներ, սերուցքային կարագ, շիկալար էլեկտրոնային լամպեր և այլ արտադրանք», - հայտնել է Զամիրբեկ Ասկարովը։ Նա նշել է համաձայնագրում առավել բարենպաստության ռեժիմի սահմանման վերաբերյալ կողմերի պարտավորությունների ամրագրման կարևորությունը։
 
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Դմիտրի Կոզակը ողջունել է համաձայնագրի ստորագրումը։ Նա նշել է, որ բիզնեսը դրա հիմնական շահառուն է։ «Փաստաթղթում նախատեսվել է հատուկ հոդված բիզնես-երկխոսության հաստատման մասին։ Այդ հարթակի հստակ ձևաչափը բիզնեսի մասնակցությամբ կորոշվի ամենամոտ ժամանակներս», - ասել է Դմիտրի Կոզակը։
 
Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Շարիատմադարին նշել է ԵԱՏՄ-ի և Իրանի՝ որպես համաշխարհային տնտեսության սուբյեկտների մեծ ներուժը։
 
«Իրանը խնդիր է դնում պարզեցնել արտահանման ընթացակարգերը, վերացնել արգելքները, զարգացնել լոգիստիկան և կայում առևտրատնտեսական հարաբերություններ հաստատել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև, - հայտարարել է հանրապետության ներկայացուցիչը։ - Մենք որպես թիրախ ընտրել ենք երկրորդ փուլը, որը կդառնա ապագայում մեր հարաբերությունների զարգացման երաշխավորը»։
 
Տեղեկանք
 
ԵԱՏՄ-ի համար ցանկ ներառվելու են մսային և յուղաճարպային արտադրանքը, հրուշակեղենի և շոկոլադի առանձին տեսակները, էլեկտրոնային և մեխանիկական սարքավորումների առանձին տեսակներ։
 
Իրանական կողմին սակագնային առանձնաշնորհումներ են տրամադրվելու սննդամթերքի ընդարձակ ցուցակի, առաջի հերթին, բանջարեղենի, մրգերի, չորացրած մրգերի, ինչպես նաև շինանյութերի, ամանեղենի, գորգերի, գունավոր մետաղներից որոշ արտադրատեսակների նկատմամբ։
 

Իրանի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի միջին մակարդակը արդյունաբերական ապրանքների նկատմամբ նվազելու է 22,4%-ից մինչև 15,4%, այսինքն՝ 7 տոկոսային կետով, Միությանը՝ 8%-ից մինչև 4,7%, այսինքն՝ 3,3 տոկոսային կետով։ Գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ Իրանը կնվազեցնի տուրքերը միջինում 32,2%-ից մինչև 13,2%, այսինքն՝ 19 տոկոսային կետով, Միությունը՝ 9,6%-ից մինչև 4,6%, այսինքն՝ 5 տոկոսային կետով։