Вход
ԵՏՀ խորհուրդն ընդունել է գազի անվտանգության մասին Միության տեխնիկական կանոնակարգը և ճշգրտել է սննդամթերքի մակնշման վերաբերյալ պահանջները

ԵՏՀ խորհուրդն ընդունել է գազի անվտանգության մասին Միության տեխնիկական կանոնակարգը և ճշգրտել է սննդամթերքի մակնշման վերաբերյալ պահանջները

17.09.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) սեպտեմբերի 14-ի նիստին որոշումներ են ընդունվել առևտրի, տնտեսության թվայնացման, արդյունաբերության, ֆինանսական քաղաքականության և տեխնիկական կարգավորման ոլորտներում։
ԵՏՀ-ի խորհուրդը, մասնավորապես,  հաստատել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու  ստեղծմանը տանող ժամանակավոր համաձայնագրի և ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրագործման «ճանապարհային քարտեզները», հավանություն ե տվել Միության երկրների և Հանձնաժողովի միջև երրորդ կողմերի հետ առևտրում սահմանափակող միջոցների վերացման հարցերով համագործակցության կարգին, երկարաձգել է «Բելազների» հավաքման համար ներքին այրման շարժիչների ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափի գործողության ժամկետը, քննարկել է ԵԱՏՄ թվային օրակարգի իրագործման մասին տեղեկատվությունը։
ԵՏՀ խորհուրդն ընդունել է ԵԱՏՄ-ի «Տեղափոխման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված դյուրավառ բնական գազի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը։ Տեխնիկական կանոնակարգը սահմանում է մայրուղային գազամուղերով փոխադրման համար պատրաստված, արդյունաբերական կամ կոմունալ կենցաղային նշանակության, սեղմված, ներքին այրման շարժիչներում որպես վառելիք օգտագործման համար նախապատրաստված, հատուկ նախապատրաստումից հետո հեղուկացված և որպես վառելանյութ օգտագործվող դյուրավառ բնական գազի անվտանգության նկատմամբ պահանջները։ Փաստաթղթում սահմանվել են նաև գազի մեջ ծծմբաջրածնի, թթվածնի, ածխածնի դիօքսիդի, մերկապտանային և ընդհանուր ծծումբի, մեխանիկական խառնուրդների պարունակության չափանիշները։

Սահմանվել են ԵԱՏՄ շուկայում երկնագույն վառելիքի շրջանառության կանոնները։ Մասնավորապես, գազի յուրաքանչյուր խմբաքանակը պետք է ուղեկցվի որակի անձնագրով, որի տեղեկատվության հստակ ցանկը ներառում է արտադրողի մասին տեղեկություններ, գազի ցուցանիշների նորմատիվային և փաստացի արժեքները, լաբորատոր փորձարկումների արդյունքները, ԵԱՏՄ-ի շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը։ Նաև Միության երկրներում միասնականացվում են գազին վերաբերող նորմերն ու ստանդարտները, ինչը ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի մասնակիցների համար ապահովելու է ազատ մուտք դեպի անդամ պետությունների ապրանքային շուկաներում բորսայական աճուրդներ և ազգային գազափոխադրամիջոցային համակարգեր՝ միութենական երկրների միջև գազի անարգել փոխադրման համար։

«Տեղափոխման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված դյուրավառ բնական գազի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի ընդունումը Միությունում գազի ընդհանուր շուկայի ձևավորման կարևոր փուլ է հանդիսանում։ Փաստաթուղթը ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարի 1-ից։

Ընդունվել են փոփոխությունները Միության «Սննդամթերքը դրա մակնշման մասով» տեխնիկական կանոնակարգում։ ԵՏՀ խորհուրդը ճշգրտել է սննդամթերքի մակնշման նկատմամբ պահանջները, ինչն ապահովելու է սպառողական պաթեթվածքների վրա տեղեկատվության ավելի լավ ընթեռնելիությունը և ընկալելիությունը։

Մասնավորապես, հստակեցվել են «դյուրընթեռնելիություն», «հասկանալիություն» հասկացությունների չափորոշիչները, սահմանվել են սննդամթերքի մակնշման ժամանակ առանձին տեղեկությունների ներկայացման համար օգտագործվող տառերի բարձրության նկատմամբ պահանջները, պահանջներ են մտցվել փաթեթվածքի վրա սննդամթերքի հորինված անվանման մասին տեղեկությունների նկատմամբ։ Օրինակ, պատրաստման ամսաթվի և պիտանելիության ժամկետի մասին տեղեկությունները նշվում են 2 մմ ոչ պակաս բարձրություն ունեցող փոքրատառերով։
Դյուրընթեռնելիության չափորոշիչներն են մակնշվածքում օգտագործվող տառերի հստակությունը և ընթեռնելիությունը, ինչպես նաև ֆոնի և նրա վրա նշված տեղեկատվության գույների հակադրությունը, որն ապահովում է տեղեկատվությունը կարդալու հնարավորությունն առանց հատուկ օպտիկական հարմարանքների կիրառման (բացառությամբ ակնոցների կամ կոնտակտային լինզաների)։ «Հասկանալիության» չափորոշիչը՝ տեքստի կամ տեքստի և պատկերի միջոցով սննդամթերքի մասին տեղեկատվության իմաստի փոխանցման միանշանակությունն է։
Հստակեցվում են նաև սպառողական փաթեթվածքի վրա այն սննդամթերքի մասին տեղեկությունների տեղադրման նկատմամբ պահանջները, որը չի պարունակվում սպառողական փաթեթվածքի մեջ կամ չի օգտագործվել սպառողական փաթեթվածքի մեջ գտնվող սննդամթերքի կամ սննդամթերքի բաղադրիչների արտադրության ժամանակ, կամ որի համը, բուրմունքը չեն կրկնօրինակվում այդ արտադրանքի կազմում ներառված բաղադրիչներով։
ԵՏՀ խորհրդի որոշումը քաղաքացիներին թույլ կտա ավելի ճիշտ ընտրել սննդամթերքը։
Նախատեսվել է տեխնիկական կանոնակարգի մեջ կատարվող փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետը՝ պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացույցային օր անց։ Նաև նոր փաթեթավորմանը սահուն անցում կատարելու համար ենթադրվում է անցումային շրջան՝ ԵԱՏՄ կանոնակարգում փոփոխությունների ուժի մեջ մտնելու օրվանից առնվազն 24 ամիս։
ԵՏՀ խորհուրդը հաստատել է լուսատեխնիկական սարքավորումների մշակման և արտադրության ոլորտում «Եվրասիական լուսատեխնիկական հարթակ» նոր տեխնիկական հարթակը։ Այդ նպատակով հավանություն է տրվել ԵՏՀ խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Եվրասիական տեխնոլոգիական հարթակների (ԵԱՏՀ) ձևավորման և գործունեության մասին հիմնադրույթի հաստատման մասին» N 32 կարգադրության մեջ փոփոխություններին։ Հաստատված հարթակը տասնչորսերորդն է դարձել ԵԱՏՄ-ում։
Նոր հարթակի հիմնական ուղղություններն են՝ լուսատեխնիկական արտադրանքի արտադրության համար ժամանակակից սարքավորումների և նորարարական տեխնոլոգիաների, ինչպես նաև Միության ագրոարդյունաբերական համալիրի սննդային և վերամշակող արտադրությունների համար էներգախնայող լուսատեխնիկական սարքավորումների մշակումը։ Բացի այդ, միավորումը ներկայացնելու է ԵԱՏՀ մասնակիցների շահերը Միության երկրների լիազորված մարմիններում և միջազգային կազմակերպություններում, զբաղվելու է մշակվող տեխնոլոգիաների արտոնագրային պաշտպանության մակարդակի գնահատմամբ և պրոֆիլային կրթական և գործարար միջոցառումների կազմակերպմամբ։
Եվրասիական լուսատեխնիկական հարթակը, ի լրումն նեղ մասնագիտական լուսադիոդայինի, նպաստելու է ԵԱՏՄ-ում լույսի աղբյուրների բոլոր տեսակների հիման վրա լուսավորման համակարգերի համատեղ նախագծերի և համալիր արտադրության ստեղծմանը՝ նատրիումային, հալոգենային, լյումինիսցենտտային և այլ լուսարձակների։
Հարթակի հիմնադիրներն են Ռուսաստանի Ս.Ի.Վավիլովի անվան լուսատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտը և ԵԱՏՄ երկրների լուսատեխնիկական արտադրանքի մի ծարք արտադրողներ։
Միության երկրների փոխվարչապետերը ստորագրել են ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիր։ Համաձայնագիրը միջազգային սկզբունքների և ստանդարտների հիման վրա սահմանում է բանկային, ապահովագրական հատվածներում և արժեթղթերի շուկայում ծառայությունների հատվածում ԵԱՏՄ երկրների օրենսդրության ներդաշնակեցման ուղղությունները և կարգը։ Փաստաթուղթն անհրաժեշտ է ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման և Միության երկրներում արտոնագրերի փոխադարձ ճանաչման համար։ Ազգային նորմերի մերձեցման գործընթացը պետք է ավարտվի մինչև 2025 թվականը։
Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս համաձայնագիրը կստորագրեն ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական և ազգային բանկերի ղեկավարները։
Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից ինն ամսվա ընթացքում կողմերը, ԵՏՀ-ի հետ համատեղ մշակելու են ֆինանսական ոլորտում ազգային օրենսդրությամբ նախատեսված նորմերի մերձեցման «ճանապարհային քարտեզ»։
ԵՏՀ խորհուրդը Կոլեգիային հանձնարարել է ԵԱՏՄ պետությունների իշխանության մարմինների հետ համատեղ մշակել դեպի արտահանում կողմնորոշված եվրասիական ոսկերչական բրենդի ստեղծման հարցը։
Դրա համար ԵՏՀ հարթակում աշխատելու է նախագծային թիմ, որը առաջարկություններ կներկայացնի անդամ պետությունների մասնագիտացվածության, ապրանքային նշանի անվանման և երրորդ երկրներում բրենդի առաջխաղացման ռազմավարության, եվրասիական բրենդի մակնիշի տակ մշակված արտադրանքի և նախագծի մասնակիցների նկատմամբ կիրառվող ստանդարտների և կանոնների, անհրաժեշտ ենթակառուցվածքի, թվային և տեղեկատվական լուծումների, ինչպես նաև շուկայի մասնակիցների պաշտպանության և նրանց ծախքերի կրճատման համար՝ Միության երկրների օրենսդրության մեջ փոփոխությունների կատարման վերաբերյալ։
Հանձնաժողովը հրավիրում է շուկայի շահագրգռված մասնակիցներին՝ միանալու նախագծային թիմի աշխատանքներին։