Вход
ԵՏՀ-ի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Թաիլանդի վարչապետ Չան-Օչա Պրայուտը նշել են թագավորության և ԵԱՏՄ-ի երկրների միջև ապրանքաշրջանառության աճը

ԵՏՀ-ի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Թաիլանդի վարչապետ Չան-Օչա Պրայուտը նշել են թագավորության և ԵԱՏՄ-ի երկրների միջև ապրանքաշրջանառության աճը

IMG_7807 (1).jpg
19.11.2018

Համագործակցության հեռանկարները նոյեմբերի 19-ին Բանգկոկում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Թաիլանդի Թագավորության վարչապետ Չան-Օչա Պրայուտը։
Այդ հանդիպումը նախորդել է ԵՏՀ-ի և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև Համագործակցության մասին հուշագրի ստորագրմանը։
«Վերջին տարիներին մենք ականատես ենք դարձել ԵԱՏՄ-ի և Թաիլանդի միջև ապրանքաշրջանառության էական աճին։ 2017 թվականի ընթացքում այն բարձրացել է 26%-ով, իսկ 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրեթե 29%-ով։. Համոզված եմ, որ համագործակցության մասին հուշագրի ստորագրումը լրացուցիչ ազդակ է հաղորդելու ապրանքների և ծառայությունների առևտրի զարգացմանը և ընդհանուր առմամբ օգնելու է փոխգործակցության հետագա խորացման ներուժի բացահայտմանը», – ընդգծել է ԵՏՀ-ի Կոլեգիայի նախագահը։
ԵՏՀ-ի Կոլեգիայի նախագահի խոսքերով, ինչպես Թաիլանդի, այնպես էլ ԱՍԵԱՆ-ի հետ հուշագրերի ստորագրումը ստեղծում է լավ բազիս՝ ոչ միայն բիզնես համաժողովների, հանդիպումների, աշխատանքային խմբերի կազմակերպման, այլ նաև այն արգելքների քննարկման համար, որոնց հանդիպում են պետությունները և գործարար համայնքները։ Այդ արգելքների բացահայտումը կարևոր քայլ է՝ դրանց վերացման և բարենպաստ ներդրումային մթնոլորտի ստեղծման համար։
Իր հերթին, Թաիլանդի վարչապետը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցությունն արագ զարգանում է ինչպես միավորումների մակարդակով, այնպես էլ երկրների միջև։ «Միջազգային առևտրում այսօր առկա լարվածության պայմաններում կարևոր է շարժվել առևտրատնտեսական հարաբերությունների խորացման ուղիով», – կարծում է Չան-Օչա Պրայուտը։ Թաիլանդի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ հուշագիրը հիմք է ստեղծելու թագավորության և Միության պետությունների, ինչպես նաև, որոշակի փուլում, ԱՍԵԱՆ-ի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագրի հեռանկարների հետագա քննարկման համար։
Նրա կարծիքով, Փոխըմբռնման մասին հուշագրի՝ ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև ասոցիացիայի անդամ պետությունների առաջնորդների և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ կնքումը նշանավոր իրադարձություն է։ Միաժամանակ Թաիլանդի վարչապետը նշել է, որ ԵՏՀ-ի և Թաիլանդի միջև կնքվելիք հուշագիրը թագավորության և ԵԱՏՄ-ի անդամ պետությունների համար բացում է փոխգործակցության ևս մի ուղի, որի շնորհիվ երկխոսությունն ավելի արդյունավետ կդառնա։ Չան-Օչա Պրայուտը նաև հայտնել է, որ ԵԱՏՄ-ի երկրների և Թաիլանդի միջև հարաբերությունների խորացման հարցը նա քննարկել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ վերջին հանդիպման ժամանակ, որտեղ արձանագրել է Թաիլանդի և Միության երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը։
Նա նշել է զբոսաշրջիկների հոսքի ավելացումը ոչ միայն անդամ պետություններից Թաիլանդ, այլ նաև հակառակ ուղղությամբ, որը կարևոր է երկրների միջև ավելի սերտ հարաբերությունների ստեղծման համար։
 «Թաիլանդն ակտիվ զարգացնում է Արևելյան տնտեսական միջանցքի ստեղծումը, որտեղ կենտրոնացվելու են տաս արդյունաբերական ճյուղեր հինգ ավանդական և հինգ նորարարական։ Հուսով ենք, որ ԵԱՏՄ-ի պետությունները մասնակցելու են միջանցքի ձևավորմանը, որը ևս մեկ խթան կհանդիսանա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար», – ասել է Չան-Օչա Պրայուտը։
Միության ճյուղերի ինտեգրացիոն ներուժի իրագործման պայմաններում համագործակցության հեռանկարային ուղղությունների թվում կարող են ներառվել զբոսաշրջության, ինչպես նաև արդյունաբերական և նորարարական ոլորտներում փոխգործակցությունը։
Հանդիպման ավարտից հետո Տիգրան Սարգսյանը և Չան-Օչա Պրայուտը ներկա են գտնվել ԵՏՀ-ի և Թաիլանդի միջև Համագործակցության մասին հուշագրի կնքմանը։ Փաստաթուղթը ստորագրել են ԵՏՀ-ի մակրոտնտեսության և ինտեգրման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան և Թաիլանդի առևտրի նախարար Սոնտիրատ Սոնտիխիրավոնգը։