Вход
ԵԱՏՄ երկրների վարչապետները քննարկել են թվային ոլորտում փոխգործակցության ձևաչափերը և մեխանիզմները

ԵԱՏՄ երկրների վարչապետները քննարկել են թվային ոլորտում փոխգործակցության ձևաչափերը և մեխանիզմները

02.02.2018

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թվային օրակարգը, թվային վերափոխման ծրագրի և էլեկտրոնային վստահության տարածության ստեղծումը, կրիպտո արժույթի կիրառման հարցերում փոխգործակցությունը քննարկել են Միության երկրների կառավարությունների ղեկավարները փետրվարի 2-ին Ալմաթիում (Ղազախստանի Հանրապետություն) «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրի ներքո կայացած համաժողովի շրջանակներում։ Միջոցառումը կազմակերպվել էր Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ։ Նրա նստաշրջաններին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի անդամներ (նախագահներ), Ադրբեջանի և Տաջիկստանի պաշտոնական պատվիրակությունները, ինչպես նաև մի շարք խոշոր միջազգային IT- ընկերությունների ներկայացուցիչներ։

Թվայնականացման հարցերում ջանքերի միավորումը սիներգետիկ ազդեցություն է ունենալու ԵԱՏՄ-ի զարգացման նկատմամբ, ասվում է Նուրսուլթան Նազարբաևի ողջույնի խոսքում։ Նշվել է, որ Միության ընդհանուր շուկայի առկայությունը պահանջում է մշակել համատեղ մոտեցումներ և միջոցներ թվայնականացման հարցերում։

 Ներկայացնելով ազգային թվային օրակարգը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ զարգանալու մասին։ Այդ ոլորտում տարեկան աճն արդեն մի քանի տարի է կազմում է մոտ 25%։ 2017 թվականի արդյունքներով այն պետք է հասնի 28-30%-ի։ Սահմանվել են Հայաստանի թվային զարգացման վեց առանցքային ուղղություններ՝ թվային կառավարությունը, կիբեր անվտանգությունը, մասնավոր հատվածը, ինստիտուցիոնալ հիմքը, թվային հմտությունները և ենթակառուցվածքը։ Մինչև 2030 թվականը Հայաստանում ծրագրվում է 100% թվայնականացման հասնել պետություն – բիզնես փոխհարաբերության մեջ, և 80%՝ քաղաքացիներին ծառայությունների տրամադրման գծով։ «Թվային վերափոխումը՝ դա ոչ միայն քայլ է դեպի տեխնոլոգիական առաջընթացը, դա միակ հնարավորությունն է կարճ ժամկետներում վերածվել տնտեսության կառավարման արդյունավետ համակարգ ունեցող պետության» - համոզված է Տիգրան Կարապետյանը – «այստեղ երկընտրանք չկա»։

Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի կարծիքով, աշխարհում ոչ մի երկիր չի կարող միայնակ պատասխանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ժամանակակից մարտահրավերներին։ «Միայն կոորդինացված համատեղ գործողությունները մեր ընդհանուր թվային օրակարգի իրագործման շրջանակներում թույլ կտան մեզ ամրապնդվել առաջատար դիրքերում, ինչպես եվրասիական մայրցամաքի մասշտաբներում, այնպես էլ աշխարհում», - հայտարարել է Անդրեյ Կոբյակովը։

Այդ կապակցությամբ Բելառուսն առաջարկում է դիտարկել երկու նախաձեռնություններ։ Առաջինը՝ ԵԱՏՄ երկրների թվային ենթակառուցվածքի ինտեգրումն է, որը ենթադրում է ոչ միայն միասնական չափորոշիչների ներդնում, այլ նաև ֆիզիկական ենթակառուցվածքի ընդհանուր կառավարում, արևելք-արևմուտք ուղղությամբ լիարժեք թվային տրանսպորտային միջանցքների ձևավորում։

Երկրորդ նախաձեռնությունը կայանում է թվային օրակարգի բնագավառում համաձայնեցված քաղաքականությունից Միության անդամ երկրների միասնական ռազմավարությանն անցնելու մեջ։ «Առաջարկում ենք մշակել ԵԱՏՄ թվային վերափոխման ընդհանուր ծրագիր, ընդ որում, ոչ թե ընդհանուր սկզբունքների և մոտեցումների մակարդակով՝ դրանք միևնույնն է հասկանալի են, այլ կոնկրետ միջոցառումներով և դրանց կատարման ժամկետներով», - նշել է Բելառուսի կառավարության ղեկավարը։ «Միայն այդ դեպքում մենք կկարողանանք խոսել թվային ոլորտում իրական, այլ ոչ թե հանդիսավոր ինտեգրման մասին»։

Բելառուսում թվային վերափոխումն արդեն սահմանվել է որպես ազգային զարգացման առանցքային առաջնայնություն։ Երկրի ռազմավարությունը կառուցվում է երեք հիմնական դրույթների վրա՝ առաջատար IT-ընկերությունների աշխատանքի համար առավել գրավիչ պայմանների ստեղծում, նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար խոչընդոտների համատարած վերացում, նորարարությունների էկոհամակարգի ձևավորում։ Մասնավորապես, Անդրեյ Կոբյակովը հայտնել է բիզնեսի համար արտոնյալ պայմաններով Տեղեկատվական տեխնոլոգիաների պարկի ստեղծման և բլոկչեյնի ու կրիպտո արժույթի հիման վրա իրականացվող բիզնեսի օրինականացման մասին։

Համատեղ թվային օրակարգի իրագործման կարևորության մասին խոսել է Ղրղզական Հանրապետության վարչապետ Սապար Իսակովը։ Նրա խոսքերով, այն թույլ է տալու միավորել և արդյունավետ կերպով համադրել թվային բնագավառում ընդհանուր նպատակներին հասնելուն ուղղված ջանքերը, նպաստում է տարածաշրջանային զարգացմանը, մասնակից երկրների մրցունակության բարձրացմանը, քաղաքացիների բարեկեցության ավելացմանը։

Սապար Իսակովը հիշեցրել է, որ Ղրղզստանում մշակվել է թվային վերափոխման «Տազա Կոոմ» համազգային ծրագիրը։ «Դա թույլ կտա մեզ լավարկել պետական ծախսերը, ավելացնել բյուջեի եկամտային մասը, արմատապես կվերացնի որոշակի կոռուպցիոն տարրերը», - նշել է Ղրղզստանի կառավարության ղեկավարը։ Նա նույնպես հայտնել է, որ ներկայումս ուսումնասիրվում է պետգնումներում կրիպտո արժույթի կիրառման հնարավորությունը։

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակտիժամ Սագինտաևն իր ելույթի ժամանակ ընդգծել է, որ Միության յուրաքանչյուր երկիր յուրովի է զարգացնում բարձր տեխնոլոգիաները, կարևոր է թվային բնագավառում ինտեգրման հնարավորությունը։ «Մենք հաճախ ենք հանդիպում այնպիսի իրավիճակների, երբ նույնիսկ մեր տարբեր նախարարություններում ընդունված ծրագրերը միմյանց միջև չեն ինտեգրվում, - ասել է Ղազախստանի կառավարության ղեկավարը։ - Իսկ եթե մենք խուսում ենք ԵԱՏՄ միասնական թվային հարթակի շրջանակներում ինտեգրման մասին, ապա այստեղ մենք պետք է լրջորեն մտածենք, թե ինչպես ենք միավորելու այս ամենը։ Այստեղ, հավանաբար, պետք է լավագույն պայմանները ստեղծել տեխնոլոգիական ձեռնարկատիրության համար»։

Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է թվային գործընթացների կարգավորման հուսալի, չծանրաբեռնող և թափանցիկ ռեժիմի անհրաժեշտության մասին, ընդ որում՝ անդրսահմանային մակարդակով։ Այդ ժամանակ կարևոր խնդիր է հանդիսանալու հակերային հարձակումներին, կիբեր խարդախությանը և ահաբեկչական գործունեությանը հակազդելը։ Դմիտրի Մեդվեդևի կարծիքով, Միության շրջանակներում թվային ինտեգրման մեջ կարելի է ներառել երեք բաղադրիչ։ Առաջինը, կրում է ԵԱՏՄ Data X պայմանական անվանումը և հանդիսանում է էլեկտրոնային տեսքով տվյալների փոխանցման և փոխանակման միասնական ենթահամակարգ։ Դա հարթակ է, որը կարող է օգտագործվել տեղեկատվության փոխանակման, իսկ վերջին հաշվով՝ մասնավոր ընկերությունների միջև իրավաբանական նշանակություն ունեցող արարողակարգերի փոխանակման համար։

Երկրորդ բաղադրիչը, ЕАЭС ID՝ էլեկտրոնային վստահության միասնական տարածություն է։ Այն իր մեջ ներառում է նույնականացման, վավերացման, իրավազորման, թվային արխիվի ծառայությունները։ Դա թույլ կտա, օրինակ՝ թվային ֆորմատում մի երկրի քաղաքացիներին տեղեկանքներ տրամադրել մյուս երկրի տարածքում։ Երրորդ բաղադրիչը՝ ЕАЭС Geo, դա գեոտեղեկատվական համակարգ է, և քարտեզագրական հիմքի ծառայություններ, որոնք նպաստում են ապրանքների տեղափոխման և հետագծելիության նկատմամբ վերահսկողության պարզեցմանը։

«Ահա այսպիսի գործիքները կստեղծեն մեր փոխգործակցության սարքաշղթան, - ասել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահը։ - Մենք անշուշտ ստիպված ենք լինելու պայմանավորվել նաև ընդհանուր չափորոշիչների, ազգային լուծումների համաձայնեցման մասին։ Մենք պատրաստ ենք տրամադրել մեր փորձը մեր բոլոր ընկերներին ու գործընկերներին, գործնականում անհատույց հիմունքներով»։

Խոսելով կրիպտո արժույթի մասին, Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ նրա կարգավորումը չի կարող իրականացվել միայն մեկ երկրի շրջանակներում և պետք է լինի վերազգային։ «Մեր դիրքորոշումները պետք է մոտեցնել Միության մակարդակով։ Էլ չեմ ասում, որ շատ լավ դեպքում կրիպտո ակտիվների մասով պետք է պատրաստել միջազգային կոնվենցիաներ», - համարում է ռուսական կառավարության ղեկավարը։
Համաժողովին մասնակցած Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովը կոչ է արել ԱՊՀ երկրների համատեղ ջանքերի միջոցով կատարելագործել մարդկային կապիտալի զարգացման համակարգը, ինչպես նաև ստեղծել ավանդական ֆինանսական ինստիտուտների և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի նորարարական ընկերությունների միջև ինտեգրացիոն գործընկերության համատեղ հարթակ։ Այդպիսի համագործակցությունը նպաստում է ԱՊՀ պետությունների ֆինանսական շուկաներում թվային նորարարական ապրանքների համատեղ ներդրմանը։

Տեղեկանք.

«Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովն անցկացվում է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ։ 2017 թվականի հոկտեմբերին Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հաստատել են մինչև 2025 թվականը Թվային օրակարգի հիմնական ուղղությունները, ինչպես նաև ողջունել են Ղազախստանի նախագահի նախաձեռնությունը ԵԱՏՄ-ի տնտեսության թվայնականացման հարցերով հատուկ հանդիպման անցկացման վերաբերյալ։

Այսօր աշխարհի առաջատար պետությունները լուրջ ռեսուրսներ են ներդնում Չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեխնոլոգիաների կիրառմամբ թվային ճյուղերի զարգացման նպատակով։ Համաժողովի հիմնական նպատակը համատեղ միջոցների մշակումն է, որոնք թույլ կտան արագացնել սեփական թվային տնտեսությունների զարգացումը, բարձրացնելով նրանց մրցունակությունը, ինչպես նաև կոնկրետ երկրի առավելությունների և տարածաշրջանային ինտեգրացիոն վերափոխման հիման վրա դիվիդենդների հետագա ստացման ճանապարհների գտնելն է։