Вход
ԵՏՀ-ում ձևավորվել է ԱԱՀ հարցերով վեճերի միջդատական կարգավորման թափանցիկ համակարգ

ԵՏՀ-ում ձևավորվել է ԱԱՀ հարցերով վեճերի միջդատական կարգավորման թափանցիկ համակարգ

02.03.2017
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրագործման հետ կապված վեճերի վերաբերյալ բանակցությունների ու խորհրդակցությունների կազմակերպման ու անցկացման կարգը, այդ թվում՝ գյուղատնտեսության պետական աջակցության հարցերով:

Այդպիսի փաստաթղթի մշակումը նախատեսել են Միության երկրները, ավելի վաղ ներառելով համապատասխան դրույթներ ԵԱՏՄ մասին պայմանագրում: Երկրների միջև վեճի միջդատական կարգավորման համար Պայմանագիրը սահմանում է 60 օրացուցային օրից ոչ պակաս: Նախատեսված է նաև, որ ԵՏՀ Կոլեգիան աջակցություն է ցուցաբերում ԵԱՏՄ երկրներին կոնֆլիկտների միջդատական կարգավորման գործում:

Ագրոարդյունաբերական համալիրում հնարավոր վեճերի վերաբերյալ բանակցությունների ու խորհրդակցությունների կազմակերպման ու անցկացման կարգը պարունակում է Միության երկրների ու Հանձնաժողովի փոխգործակցության հստակ ալգորիթմ: Մասնավորապես, պաշտոնական խնդրանքում, որը ԵՏՀ-ին է ուղարկում վեճը նախաձեռնող երկիրը, հարկ է նշել դրա պատճառը դարձած փաստերը, հղում տալ ազգային ու միութենական օրենսդրությանը: Անհրաժեշտ են նաև առաջարկներ բանակցությունների կազմակերպման վերաբերյալ, որոնք կարող են անցկացվել Հանձնաժողովի Կոլեգիային կից ԱԱՀ հարցերով խորհրդատվական կոմիտեի շրջանակներում:

Միության պատասխանող երկիրը պաշտոնական խնդրանքը ստանալուց հետո տասը օրացուցային օրվա ընթացքում համաձայնեցնում է վեճը նախաձեռնողի հետ բանակցությունների ու խորհրդակցությունների անցկացման ամսաթիվն ու վայրը և այս մասին տեղեկացնում ԵՏՀ-ին: Հանձնաժողովին տրվում է հինգ աշխատանքային օր բանակցությունների անցկացման մասին բոլոր անդամ պետություններին հայտնելու համար: Հաջորդ տասը օրվա ընթացքում ԵԱՏՄ երկրները տեղեկացնում են Հանձնաժողովին բանակցային գործընթացին մասնակցելու, վեճի վերաբերյալ դիրքորոշման ու դիրքորոշման ձևավորման համար պատասխանատու լիազորված պետական մարմնի մասին:

Բացի այդ, սահմանվել է բանակցությունների ու խորհրդակցությունների եզրափակիչ փուլի կարգը. պետական մարմինների պաշտոնական ներկայացուցիչները ստորագրում են վեճի կարգավորման արդյունքների մասին ամփոփիչ արձանագրությունը:

ԵԱՏՄ-ում դեռ չեն եղել երկրների միջև գյուղատնտեսության հարցերի հետ կապված դատական նախադեպեր, այնուամենայնիվ ԵՏՀ-ում նման հնարավորություն չեն բացառում:   Նոր նորմատիվ ակտը Միության պետություններին կոգնի վեճին քաղաքակիրթ լուծում տալ, այն չհասցնելով ծայրահեղ միջոցին՝ եվրասիական դատարանին:

Հարկ է նշել, որ նախնական բանակցությունների ու խորհրդակցությունների անցկացումը պարտադիր պայման է հետագայում Միության Եվրասիական տնտեսական Դատարանում վեճի հնարավոր դիտարկման համար: