Вход
ԵՏՀ-ում մշակվել է գյուղատնտեսությունում համատեղ գիտական հետազոտությունների կարգը

ԵՏՀ-ում մշակվել է գյուղատնտեսությունում համատեղ գիտական հետազոտությունների կարգը

02.03.2017
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ Գիտահետազոտական և փորձնակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) կազմակերպման կարգը: Նախատեսվում է, որ փաստաթուղթը միութենական երկրների կառավարությունների ղեկավարների կողմից կհաստատվի այս տարի:

Կարգը մշակել է ԵՏՀ Հանձնաժողովը գյուղատնտեսական ոլորտում Միության երկրների գիտական և նորարարական ներուժի արդյունավետ օգտագործման, համագործակցության ամրապնդման համար: Փաստաթուղթը կանոնակարգում է համատեղ ԳՀՓԿԱ ներկայացվող պահանջները, մասնակիցների ու կատարողների գործառույթներն ու պատասխանատվությունը, աշխատանքի փուլերը, ֆինանսավորման աղբյուրներն ու սխեմաները:

Համատեղ ԳՀՓԿԱ են հանդիսանում Միության պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համար հետաքրքրություն ներկայացնող գիտական հետազոտությունները: Դրանք իրականացվում են համաձայնեցված թեմատիկայի հիման վրա, ուղղված են արտադրության նորարարական զարգացմանը և ապրանքների ու ծառայությունների իրացմանը: Դրանց նպատակն է մթերային շուկաների պարենային անվտանգության, հավասարակշռվածության, միութենական երկրների գյուղատնտեսության արդյունավետության ու մրցունակության բարձրացման, դրանցում կենսաբազմազանության ու էկոլոգիական հավասարակշռության պահպանման ապահովումը:

Համատեղ հետազոտություններին պետք է մասնակցեն ոչ պակաս, քան ԵԱՏՄ երկու երկիր: ԵՏՀ Հանձնաժողովը հարցում է ուղարկում անդամ պետությունների կառավարություններ կամ դրանց կողմից լիազորված մարմիններ համատեղ ԳՀՓԿԱ կատարմանը մասնակցելու մասին: Միության երկրների կառավարությունները կամ լիազորված մարմինները հարցումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում տեղեկացնում են ԵՏՀ Հանձնաժողովը մասնակցության հնարավորության կամ համատեղ գիտական հետազոտությունների կատարման գործում իրենց չհետաքրքրված լինելու մասին:

ԳՀՓԿԱ ցանկը ձևավորվում է հնգամյա ժամանակահատվածի համար անդամ պետությունների առաջարկների հիման վրա ու հաստատվում ԵՏՀ Հանձնաժողովի կողմից: Ընդ որում հաշվի են առնվում գյուղատնտեսական ոլորտի զարգացման ազգային գերակայությունները, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ Միության նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի
ոլորտում միջպետական գիտատեխնիկական և նորարարական քաղաքականության գերակայությունները:

Համատեղ ԳՀՓԿԱ-ների պատվիրատու կարող են դառնալ անդամ պետությունների պետական իշխանության մարմիններն ու գիտությունների ակադեմիաները: Համատեղ ԳՀՓԿԱ կատարման ժամկետը սահմանափակվում է հինգ տարի ժամկետով:

«Տվյալ փաստաթղթի մշակման արդիականությունը պայմանավորված է գիտության լավագույն ձեռքբերումների ու առաջատար փորձի օգտագործման, տեխնոլոգիաների ու նորարարությունների փոխանակման հիման վրա ԵԱՏՄ երկրների ագրարային ոլորտի տեխնիկա-տեխնոլոգիական արդիականացման անհրաժեշտությամբ», – նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին: – Այս առնչությամբ ԱԱՀ գիտական և նորարարական զարգացումը սահմանվել է որպես համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը»:

Ըստ ԵՏՀ նախարարի, ագրոարդյունաբերական համալիրի (ԱԱՀ) զարգացման առավել հեռանկարային ուղղությունների գիտական մշակման նպատակով մշակվել է 14 գերակա թեմատիկաներից կազմված ցանկ, ներառյալ բուսաբուծությունը, անասնաբուծությունը, ակվամշակույթը, անասնաբուժությունը և այլն: Դրանց վերաբերյալ ձևավորվել է կողմերի անցկացվող հետազոտությունների գրանցամատյան, որը ներառում է Միության երկրների 50 գիտական կազմակերպությունների կողմից կատարվող ավելի քան 150 հետազոտություն:

Կարգի ընդունումը կապահովի Միությունում ԱԱՀ ոլորտի համատեղ հեռանկարային հետազոտությունների իրագործման հնարավորություն: Սա ԵԱՏՄ երկրներին թույլ կտա բարձրացնել գիտական ներուժի օգտագործման էֆեկտիվությունն ու արդյունավետությունը, բացառել հետազոտությունների կրկնությունը և աճեցնել ԱԱՀ ոլորտի կոոպերացիան գիտական և նորարարական գործունեության մեջ: