Вход
«Եվրոպական և Եվրասիական ինտեգրում. համակցման հարցերը» ՊՄՏՀ պանելային նստաշրջանի արդյունքները. եվրոպական բիզնեսը պետք է շարունակի զարգացնել համագործակցությունը ԵԱՏՄ երկրներում գործընկերների հետ

«Եվրոպական և Եվրասիական ինտեգրում. համակցման հարցերը» ՊՄՏՀ պանելային նստաշրջանի արդյունքները. եվրոպական բիզնեսը պետք է շարունակի զարգացնել համագործակցությունը ԵԱՏՄ երկրներում գործընկերների հետ

02.06.2017

Եվրոպական բիզնեսը ցանկանում է ընդլայնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում գործընկերների հետ, չնայած Եվրոպական ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովների միջև ինստիտուցիոնալ փոխգործակցության բացակայությանը: Այսպիսի եզրակացություններ են արել «Եվրոպական և Եվրասիական ինտեգրում. համակցման հարցերը» պանելային նստաշրջանի մասնակիցները, որն անցել է հունիսի 1-ին Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում: 

Նստաշրջանի մոդերատորն էր ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա գործընկեր և ինտերակտիվ քվեարկության կազմակերպիչն էր ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան: Միջոցառման հիմնական թեմա էր ընտրվել Եվրոպական և Եվրասիական տնտեսական միությունների միջև կառուցողական երկխոսությունն ու զարգացումն ապահովող ձևաչափերի ու գործիքների որոնումը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներկայիս նստաշրջանը նախորդ տարվանի թեմատիկ շարունակությունն է: Նա հիշեցրել է, որ 2016 թվականին հարթակում անցկացվող քվեարկությունը ցույց տվեց, որ նրանք, ովքեր Եվրոպական միությունը տեսնում էին որպես ԵԱՏՄ ամենացանկալի գործընկերը, միայն հարաբերական մեծամասնությունն էին կազմում՝ քվեարկածների 26%-ը:

Այս տարի նստաշրջանի մասնակիցների գրեթե կեսը՝ 41%-ը քվեարկել է ԵՄ-ի հետ երկխոսություն զարգացնելու օգտին: Քվեարկածների 70%-ը համոզված են, որ եվրոպական բիզնեսը պատրաստ է համագործակցելու եվրասիականի հետ:

Տիգրան Սարգսյանը ուշադրություն է դարձրել անցյալ տարի ԵԱՏՄ զարգացման կարևոր փուլի սկզբին՝ մեկնարկել են առևտրատնտեսական համաձայնագրի ստորագրման հարցի շուրջ բանակցությունները Չինաստանի հետ: «Այս ուղղությունը կարելի է համարել կարևորագույնը Միության առևտրային և տնտեսական օրակարգում և ԵԱՏՄ և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համակցման առանցքային տարրը: Մեզ պետք է անխոչընդոտ միջավայր, մուտք դեպի շուկաներ և փոխադարձ ընդունելի ստանդարտների ու նորմեր ինչպես Չինաստանի, այնպես էլ Եվրոպայի հետ», – ընդգծել է Տիգրան Սարգսյանը: Նա նաև հայտարարել է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունների մասին ԵՏՀ և Հնդկաստանի միջև հայտարարության ստորագրումը: 

«Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ու համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկան, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության պատվավոր նախագահ Սերգեյ Կարագանովը նշել է, որ ԵԱՏՄ երկրները սկսել են շրջվել դեպի Արևելք, քանի եր դժվար է պայմանավորվել եվրոպական բյուրոկրատիայի հետ: Նրա կարծիքով, բիզնես ընկերակցությունները պետք է օրակարգ մշակեն, որը պետք է ներկայացվի Եվրոպական և Եվրասիական հանձնաժողովներին: Բանախոսը կարծում է, որ երկխոսության հաստատման համար կարևոր է շարժումը ներքևից, ընդ որում անհրաժեշտ է զգուշորեն առաջ շարժվել:

Ռուսաստանում Alstom նախագահ, Եվրոպական բիզնեսի ընկերակցության (АЕВ) վարչության անդամ Ֆիլիպ Պերգորյեն իր ելույթում նշել է, որ, չնայած ԵՄ և ԵԱՏՄ միջև ինստիտուցիոնալ երկխոսության բացակայությանը, եվրոպական ընկերությունները աշխատում են Միության ընդհանուր շուկայում, օգտվելով դրա առավելություններից: Գործարար համագործակցությունը խթանելու համար Ֆիլիպ Պերգորյեն առաջարկել է զարգացնել տրանսպորտային միջանցքները: Նա նաև կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ բոլոր երկրների միացումը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը կնպաստի ավելի սերտ փոխգործակցությանը: 

Նրա կարծիքով, անհրաժեշտ է քաղաքական մղում Գերմանիայի ու Ֆրանսիայի կողմից, հնարավոր է, իրավիճակի վրա ազդեցություն կունենա նոր նախագահը:   

Տիգրան Սարգսյան իր կողմից խոսել է եվրոպական բիզնեսի հետ փոխգործակցության իր փորձի մասին: Նրա խոսքով, Գերմանիայի խոշորագույն երկու բիզնես ընկերակցությունների կողմից կազմակերպված միջոցառումների մասնակիցների տրամադրվածությունը վկայում է այն մասին, որ Եվրոպայի ու Եվրասիայի միջև համագործակցությունը համապատասխանում է բիզնեսի շահերին, իսկ վստահությունը Եվրասիական հանձնաժողովի նկատմամբ բավականին բարձր է: 

«Ճանաչում ենք Եվրասիան» ընկերակցության նախագահ, «Բանկ Ինտեզա» ԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆալիկոն կարծում է, որ Եվրոպական միությունը, որը նշել է իր 60-ամյակը, այսօր նոր մարտահրավերների է բախվում և դրանցից մեծ մասին դեռ պատասխան չունի: Ըստ նրա, ԵՄ-ն ինքն իրեն համարում է ինտեգրացիոն նորաձևության օրենսդիր, և հնարավոր է, որ սա մոլորություններից մեկն է: Անտոնիո Ֆալիկոն կոչ է արել Եվրոպական միության աշխատանքային մակարդակով տեխնիկական երկխոսություն հաստատել և ջանասիրաբար աշխատել դրա զարգացման համար: «Եվրոպական բիզնեսի ներկայացուցիչները պետք է հասկանան, որ երկխոսությունն ու աշխատանքը կիրականացվեն ոչ թե առանձին պետությունների, այլ հենց ԵԱՏՄ-ի հետ, միայն այս կազմակերպության շրջանակներում, և սա պետք է հաշվի առնել», – ասել է նա:  

Խոսելով ԵՄ և ԵԱՏՄ միջև հարաբերությունների հաստատման տարբերակների մասին, ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ընդգծել է, որ աշխարհը արմատապես փոխվել է: Դրա ապագան ձևավորում է չորս կարևորագույն ենթակառուցվածք. տրանսպորտային, տեղեկատվական, էներգետիկ և ֆինանսական: «Դրանք են որոշում տնտեսության արտաքին տեսքը, – ասել է ԵԱՏՄ Գործարար խորհրդի ղեկավարը: – Իսկ «թիվը», ըստ էության, փոխում է ամեն ինչ: Այս իրավիճակում գոյություն ունի ինչպես ինտեգրումների ներսում, այնպես էլ դրանց միջև գործընթացներ կառուցելու մեկ ճանապարհ՝ այս չորս ենթակառուցվածքների միասնականացումն ու թվայնացումը»:

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշել է, որ Հայաստանը եվրոպական ու եվրասիական ինտեգրման գործընթացները դիտարկում է որպես փոխլրացնող և ձգտում, դրանք համադրելով, ձևաչափեր ձևավորել, որոնց կիրառելի կլինեն ավելի լայն մասշտաբով՝ ամբողջ եվրասիական տարածքում: «Հայաստանն որպես այդպիսին չի հավակնում ԵՄ և ԵԱՏՄ միջև կամրջի դերին: Դրա համար տնտեսական հնարավորություններ են պետք, մասշտաբի էֆեկտի առկայությունը և շատ այլ բաներ: Դրան զուգահեռ, մեր փորձը ցույց է տալիս, որ ԵՄ և ԵԱՏՄ միջև փոխգործակցությունը հեռանկար ունի», – ասել է Վաչե Գաբրիելյանը:

Eurasian Resources Group S.a.r.l. (ERG) տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մաշկևիչը, լինելով փիլիսոփա, և ոչ միայն գործարար, կարծում է, որ հիմա արդեն երկխոսություն պետք է վարել, ամեն օր որևէ բան անել՝ ապագայում համագործակցության համար: «Պետք է ձգտել ներդաշնակեցնել ստանդարտները, առաջին հերթին, լավագույն պայմաններ ստեղծել սեփական երկրում բիզնես վարելու համար: Եկեք ցույց տանք աշխարհին, որ մենք բաց ենք: Պետք է ուժեղացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով և բոլորի հետ: Իմ կարծիքով, միայն ներդաշնակ մարդը կարող է հաջողակ դառնալ: Նույնը կարելի է ասել նաև պետության մասին», – նշել է բանախոսը: 

Եվրոպական և Եվրասիական համագործակցության քննարկումներին մասնակցել են նաև Thomas Vendome Investment-ի նախագահը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախկին խորհրդական Ժան-Պիեր Տոման, Եվրոպական բիզնեսի ընկերակցության (АЕБ) գլխավոր տնօրեն Ֆրանք Շաուֆը, ընդլայնման ու բարիդրացիության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: