Вход
ԵՏՀ խորհուրդը զրոյացրել է գորգերի պատրաստման համար մի շարք պրոպիլենային թելերի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը

ԵՏՀ խորհուրդը զրոյացրել է գորգերի պատրաստման համար մի շարք պրոպիլենային թելերի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը

22.02.2019
Փետրվարի 22-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նիստ, որին քննարկվել են ինտեգրման, առևտրի, մաքսային և տեխնիկական կանոնակարգման զարգացման, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների կիրառման հարցեր։

ԵՏՀ խորհուրդը զրոյացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Միասնական մաքսային սակագնի (ՄՄՍ) ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը գորգերի և գորգային արտադրատեսակների պատրաստման համար պրոպիլենային թելերի առանձին տեսակների հանդեպ, հավանություն է տվել ԵԱՏՄ և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով փոխադրվող ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրին։ Փոփոխություններ են կատարվել մի շարք նորմատիվ իրավական փաստաթղթերում։

ԵՏՀ խորհուրդը մինչև 2020 թվականի փետրվարի 29-ը ժամկետով զրոյացրել է ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագնի (ՄՄՍ) ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը պրոպիլենային թելերի առանձին տեսակների նկատմամբ, որոնք օգտագործվում են գորգերի և գորգային արտադրատեսակների պատրաստման համար և դասակարգվում են Միության Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 5402 63 000 0 ծածկագրով։ Այսօր դրանց հանդեպ գործում է 5% դրույքաչափը։ Միջոցն աջակցելու է Միության պրոֆիլային ձեռնարկություններին, օգնելու է իջեցնել ինքնարժեքը և բարձրացնել թողարկվող արտադրանքի մրցունակությունը, Միության շուկայում ավելացնել հայրենական ապրանքների մասնաբաժինը։

ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով փոխադրվող ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրին և կարգադրել է այն ուղարկել Միության երկրներ՝ միջազգային համաձայնագրի ստորագրմանը նախորդող ներպետական ընթացակարգերի անցկացման համար։

Համաձայնագիրը մշակվել է Միության և ՉԺՀ մաքսային տարածքներ ներմուծվող, ինչպես նաև տարանցիկ փոխադրվող ապրանքների հանդեպ մաքսային գործողությունների իրականացումն արագացնելու համար։ Կողմերը պլանավորում են օգտագործել ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվության փոխանակման ընթացքում ստացած տվյալները ռիսկերի կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացման և մաքսային հսկողության ձևերի կատարելագործման համար։ Այդպիսի փոխանակումը թույլ է տալու պարզեցնել միջազգային առևտրի ընթացակարգերը և նպաստելու է մաքսային կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի խախտումների կանխարգելմանը, ավելացնելու է փոխադարձ վստահությունը։ Սպասվում է, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարի։

ԵԱՏՄ երկրներում անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների միասնական ցանկում ներառվել է սննդային արտադրանքը, որը պատրաստվում է պանրի տեխնոլոգիայով կաթնային հումքից, որտեղ կենդանի ճարպն ամբողջությամբ կամ մասամբ փոխարինվել է բուսականով։

Ըստ իրենց կազմի, այդ ապրանքները չեն կարող դասակարգվել որպես «պանրային արտադրանք», չնայած նրան, որ իրենց տեսքով և անվանմամբ ներկայացվում են հենց այդպես կամ նույնիսկ որպես պանիր։ Կաթնային ճարպի փոխարինմամբ կաթնային հումքից պատրաստված ապրանքների անասնահամաճարակային ռիսկերը համանման են անքաշ կաթից պատրաստված ապրանքների համար ռիսկերին։

Ցանկի մեջ Միության Արտաքին տնտեսական գործունեության Ապրանքային անվանացանկի որոշակի ծածկագրերին համապատասխանող ապրանքների ներառելը թույլ է տալու Միության տարածք ներմուծման ժամանակ դրանց հանդեպ իրականացնել անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) և դրանց նկատմամբ կիրառել անասնաբուժական միջոցներ։ Դա նպաստելու է ԵԱՏՄ պետություններում անասնահամաճարակային բարեկեցության պահպանմանը։

ԵՏՀ խորհուրդը փոփոխություններ է կատարել Կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը, օջախների տեղայնացմանն ու վերացմանն ուղղված ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալիզացիայի ու կոմպարտմենտալիզացիայի իրականացման կարգի առանձին դրույթներում։

Մասնավորապես, նախատեսվել է վարակման օջախի հայտնաբերման մասին տեղեկատվության ներկայացման ձևը բաժանել երկու մասի՝ անասնահամաճարակային օջախի հայտնաբերման մասին տեղեկություններ (ըստ գրանցման փաստի) և տվյալներ դրա վերացման միջոցների մասին (ներկայացվում են յուրաքանչյուր եռամսյակում)։ Դա թույլ է տալու լավարկել կենդանիների վարակիչ հիվանդությունների հայտնաբերման և վերջիններիս տարածման վտանգի, դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ լիազոր մարմինների փոխադարձ տեղեկացման պարբերականությունը։ Կարգի այլ փոփոխությունները կպարզեցնեն Միության երկրների փոխգործակցության ձևերը կենդանիների առանձին հիվանդությունների հարցերով։