Вход
Ճարպաթթուների գլիցիդիլ եթերների պարունակության նորմատիվները կարող են ընդգրկվել սննդամթերքի նկատմամբ պահանջներ սահմանող՝ ԵԱՏՄ-ի անմիջապես մի քանի տեխնիկական կանոնակարգերում

Ճարպաթթուների գլիցիդիլ եթերների պարունակության նորմատիվները կարող են ընդգրկվել սննդամթերքի նկատմամբ պահանջներ սահմանող՝ ԵԱՏՄ-ի անմիջապես մի քանի տեխնիկական կանոնակարգերում

23.10.2020
Եվրասիական տնտեսական միության երկրների լիազորված մարմինները, սպառողների պաշտպանության ուժեղացման նպատակով, ընդհանուր առմամբ, հավանություն են տվել ճարպաթթուների գլիցիդիլ եթերների պարունակության նորմատիվները «փաթեթային սկզբունքով» սննդամթերքի նկատմամբ պահանջներ սահմանող՝ անմիջապես մի քանի Միության տեխնիկական կանոնակարգերում ընդգրկմանը։ Մասնավորապես, քննարկվում է այդ պահանջները «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգերի՝ Միության պորտալում հանրային քննարկում անցնող փոփոխություններում ընդգրկելու հարցը։

Այդ որոշումն ընդունվել է սննդամթերքի մեջ գլիցիդիլ եթերների պարունակության նորմավորման պարտադիր պահանջների՝ Միության տեխնիկական կանոնակարգերում ընդգրկման հարցի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում անդամ պետությունների լիազորված մարմինների և բիզնես համայնքների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում։ 

Անդամ պետություններին անհրաժեշտ է հնարավոր կարճ ժամկետներում ձևավորել և Հանձնաժողով ներկայացնել իրենց դիրքորոշումները՝ ադապտացված և մասամբ ադապտացված կաթնային խառնուրդների և երեխաների բուժիչ սննդի համար նախատեսված հատուկ մթերքների մեջ ճարպաթթուների գլիցիդիլ եթերների պարունակության թույլատրելի մակարդակների վերաբերյալ։

«Սննդամթերքի արտադրության ոլորտում արմավենու յուղի օգտագործման թեման Եվրասիական տնտեսական միությունում որոշ զանգվածային լրատվամիջոցներում վերջին ժամանակներս դարձել է ակտիվ շահարկուների առարկա։ Մի շարք այսպես կոչված փորձագետներ նպաստում են այն բանին, որ ԵԱՏՄ-ի բնակչության մոտ սխալ պատկերացում ստեղծվի այդ ոլորտում տեխնիկական կարգավորման մասին և տարածում են ԵՏՀ Կոլեգիայի դիրքորոշման վերաբերյալ ոչ հավաստի տեղեկատվություն, իբր նա միտումնավոր ձգձգում է համապատասխան փաստաթղթերի ընդունման գործընթացը», — նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն։

ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ ճարպաթթուների գլիցիդիլ եթերների նորմավորումը այսօրվա դրությամբ կարևոր և արդիական հարց է, որի լուծման մեջ շահագրգռված են կարգավորիչները, արդյունաբերական ձեռնարկությունները և սպառողները։ Միության երկրներում աստիճանաբար ավելանում է ներմուծվող արևադարձային յուղերի ծավալը, որոնց մեծ մասը օգտագործվում է սննդամթերքի արտադրության ժամանակ որպես հումք։  Դրա հետ կապված առաջացել է Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա ներմուծվող արևադարձային յուղերի որակի և անվտանգության մոնիտորինգի անհրաժեշտություն։

«Հաշվի առնելով արևադարձային յուղերի օգտագործման ընդլայնումը, ԵԱՏՄ-ի արդյունաբերությունը և վերահսկիչ մարմիններն արդեն այսօր կարող են կիրառել գլիցիդիլ եթերների պարունակության նորմատիվները, որոնք ներդաշնակեցված են առաջատար միջազգային պահանջների հետ՝ արտադրության տեխնոլոգիաների կատարելագործման համար և Միության պահանջների կատարման մոնիտորինգի նպատակով», – համարում է Վիկտոր Նազարենկոն։

ԵՏՀ Կոլեգիայի կողմից 2019 թվականի օգոստոսի 6-ի N 132 որոշման ընդունումը դարձել է առաջին քայլը գլիցիդիլ եթերների պարունակության նորմատիվների՝ Միության իրավական բազայում, այդ թվում՝ սննդամթերքին և դրա արտադրության համար նախատեսված հումքին ներկայացվող անվտանգության պահանջի կիրառման և կատարման համար պարտադիր միասնական պահանջները սահմանող տեխնիկական կանոնակարգերի մեջ ընդգրկման հարցում։

Համանման նորմատիվներ են գործում Եվրոպական միության երկրներում։ Դրանց սահմանման գործընթացը եվրոպացի օրենսդիրների կողմից իրականացվել է երկար ժամանակ՝ տաս տարուց ավել։ Դա հնարավոր է դարձել միայն գլիցիդիլների հսկողության մեթոդաբանությունների մշակումից, շուկայում լայնածավալ մոնիտորինգային հետազոտությունների անցկացումից, հսկողության համապատասխան համակարգերի ներդրումից, իր բաղադրամասերի կազմում բուսական յուղեր պարունակող ճարպայուղային և սննդային այլ արտադրանքի արտադրության տեխնոլոգիական գործընթացների արդիականացումից հետո։

ԵԱՏՄ-ում այդ գործընթացն իրականացվում է զգալիորեն ավելի արագ։ Հանձնաժողովը Ռուսաստանի Դաշնության Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել և համակարգում է գլիցիդիլների պարունակության նորմատիվների՝ անհրաժեշտ ընթացակարգերի անցկացման ավարտական փուլում գտնվող Միության ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) մեջ ընդգրկումը։ Դա թույլ կտա սահմանել բուսական յուղերի, դրանց վերամշակման արտադրանքի, այդ թվում՝ հատուկ նշանակության ճարպերի, կաթնային ճարպի փոխարինիչների, կակաո յուղի համարժեքների և փոխարինիչների մեջ գլիցիդիլ եթերների թույլատրելի մակարդակները, սպառողներին պաշտպանել օգտագործման համար պատրաստի բուսական յուղի, ինչպես նաև այլ ճարպայուղային արտադրանքի մեջ գլիցիդիլների հավելյալ քանակից։

Անդամ պետությունների ձեռնարկությունները և վերահսկիչ մարմինները նույնպես սկսել են բուսական յուղերի և ճարպերի մեջ ճարպաթթուների գլիցիդիլ եթերների պարունակության հետ կապված ընթացիկ իրավիճակի գնահատման աշխատանքը, հաշվի առնելով լաբորատոր հսկողության առկա հեռանկարային մեթոդները։ Լաբորատորիաներն իրականացնում են ISO միջազգային ստանդարտների և ռուսական մեթոդաբանական ցուցումների հիման վրա մշակված մեթոդաբանությունների փորձարկում, ընթանում է երկրներում ստեղծված լաբորատոր փորձարկման համալիրի համար առավել հարմար մեթոդների որոնում և հարմարեցում։  Մասնագետների գնահատմամբ, առավել հեռանկարային են հանդիսանում գազային քրոմատազանգվածասպեկտրաչափական և մակարդային ջրատարրալուծման մեթոդները։ Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերում պարտադիր պահանջների ներառման ժամանակ դրանց հսկողության համար՝ այս մեթոդները պետք է դառնան միջպետական ստանդարտների հիմք։

«Ընդ որում չափազանց կարևոր ենք համարում Միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման վերաբերյալ որոշումների նախապատրաստման ժամանակ ձևավորել անդամ պետությունների միասնական դիրքորոշումը նոր պահանջներին անցնելու ժամկետների վերաբերյալ, հաշվի առնելով գործող արտադրությունների արդիականացման և համապատասխան փորձարկման համալիրների ստեղծման անհրաժեշտությունը», — նշել է Վիկտոր Նազարենկոն։​​