Вход
ԵԱՏՄ-ում ստեղծվելու են եվրասիական բրենդեր

ԵԱՏՄ-ում ստեղծվելու են եվրասիական բրենդեր

23.11.2018
«Մենք պետք է կենտրոնացնենք մեր ուշադրությունն այնպիսի գլոբալ ինտեգրացիոն նախագծերի վրա, որոնք ստեղծելու են եվրասիական բրենդեր և օգնելու են առաջ շարժել մեր ապրանքները երրորդ երկրների շուկաներում»։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հանդես գալով Մոսկվայում կայացած «Եվրասիական տնտեսական ինտեգրում» XIII-րդ միջազգային կոնֆերանսի լիագումար նիստին։

Եվրասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված ամենամյա միջոցառման մասնակիցները քննարկել են եվրասիական ինտեգրման մարտահրավերներն ու հեռանկարները։

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) չնայած երիտասարդ լինելուն՝ գոյության տարիներին ապացուցել է իր հիմնավորված լինելը և արդյունավետությունը։ Հաջորդ տարի ԵԱՏՄ-ի երկրները նշելու են Միության մասին պայմանագրի հնգամյակը։

ԵՏՀ-ն արձանագրել է փոխադարձ առևտրի աճ, դրա կառուցվածքի բարելավում և կոոպերացիոն կապերի ամրապնդում։ «Դա խոսում է այն մասին, որ միութենական պայմանագրում ամրագրված հիմնական սկզբունքների իրագործումը հանգեցնում է Միության տնտեսության աճի համար դրական արդյունքների։ Հանձնաժողովի գնահատմամբ, այդ արդյունքի ներուժը մոտավորապես հավասար է ազգային համախառն արտադրանքի 1% աճին», - ընդգծել է ԵՏՀ-ի Կոլեգիայի նախագահը։

ԵԱՏՄ-ի լուրջ հաջողություններից է Միության հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման և խորացման մեջ երրորդ երկրների շահագրգռվածության աճը։ «Դա վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ-ը կայացել է որպես ինտեգրացիոն միավորում», – կարծում է Տիգրան Սարգսյանը։

Օրերս ԵՏՀ-ը Սինգապուրում կնքել է մի շարք հուշագրեր. փոխըմբռնման մասին՝ ԱՍԵԱՆ-ի և համագործակցության մասին՝ Թաիլանդի Թագավորության կառավարության հետ։ Հանձնաժողովը մտադիր է համանման փաստաթուղթ ստորագրել ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ։ 2018 թվականի մայիսին առևտրատնտեսական համաձայնագրեր են կնքվել Չինաստանի և Իրանի հետ։ Աշխատանք է տարվում ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարների կողմից հաստատված ուղղություններով, որի նպատակն է Եգիպտոսի, Հնդկաստանի, Իսրայելի, Սինգապուրի, Սերբիայի հետ ազատ առևտրի գոտիների ստեղծումը։ Անցկացվել է բանակցությունների հինգ ռաունդ Սինգապուրի հետ։ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ հանրապետության հետ ԱԱԳ-ի շուրջ բանակցությունների ավարտին կհաջողվի մոտենալ 2019 թվականին։

«Այդ երկրների հետ ԱԱԳ-ի կնքումը՝ լուրջ ներուժ է մեր պետություններում տնտեսական աճի խթանման, այդ երկրների շուկաներ արտահանման ծավալի ավելացման համար։ Դա նաև ներդրումների լրացուցիչ ներգրավման հնարավորություն է», – հայտնել է ԵՏՀ-ի Կոլեգիայի նախագահը։



Տիգրան Սարգսյանը նաև նշել է այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել եվրասիական ինտեգրման առաջխաղացման համար։ Նրա կարծիքով, դրանք կապված են Միության տարածությունում «թերի ինտեգրման» հետ։ Գոյություն ունեն արգելքներ, որոնք խոչընդոտում են չորս «ազատությունների» սկզբունքի իրագործմանը և որոնք անհրաժեշտ է վերացնել։ Այդպիսի խնդիր են դնում ԵՏՀ-ի առջև անդամ պետությունների ղեկավարները։

«Արգելքները՝ չհամաձայնեցված գործողությունների արդյունք են։ Ուստի պետությունները պետք է իրականացնեն համաձայնեցված քաղաքականություններ։ Համաշխարհային տնտեսության այնպիսի ուղղությունները, ինչպեսիք են պրոտեկցիոնիզմը, սեփական արտադրողների պաշտպանությունը,առևտրային պատերազմները՝ անթույլատրելի են մեր Միությունում», – ընդգծել է Տիգրան Սարգսյանը։
Այդպիսի համաձայնեցված քաղաքականությունների հիմքում ընկած է ազգային օրենսդրությունների ներդաշնակեցումը, այդ թվում՝ նաև ֆինանսական ոլորտում։ Նախագահների հանձնարարությամբ, մասնակից երկրների ազգային և կենտրոնական բանկերը մշակում են ԵԱՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգը։

ԵՏՀ-ի Կոլեգիայի նախագահը նաև նշել է Եվրոպական միությունում «Աերոբուս» նախագծի նման եվրասիական բրենդերի ձևավորման անհրաժեշտությունը։ «Մեզ անհրաժեշտ է գործարկել Միության շրջանակներում բոլոր գործընկերների մասնակցությամբ այնպիսի մասշտաբային կոոպերացիոն նախագծեր, որոնք թույլ կտաին երրորդ երկրների նկատմամբ ներկայանալ որպես միասնական ամբողջություն», – հայտարարել է նա։

Հանձնաժողովն ակտիվ աշխատում է ոսկերչության ոլորտում եվրասիական բրենդի ստեղծման վրա, քանի որ Միության երկրներն այդ ոլորտում ունեն որոշակի առավելություններ։ Աշխատանք է տարվում լուսատեխնիկական ոլորտում եվրասիական բրենդի ձևավորման շուրջ։ Իրագործվում է ԵԱՏՄ-ի թվային օրակարգը, որն ընդգրկում է մասնակից երկրների գործունեության բոլոր ոլորտները։ Մոտ 30 թվային նախաձեռնություն ՝ խոշոր թվային նախագծեր, ուսումնասիրում է ԵՏՀ-ի գրասենյակը՝ դրանցից շատերը ֆինանսավորում են ստանալու 2019 թվականին։

ԵՏՀ-ի Կոլեգիայի նախագահը նշել է, որ Հանձնաժողովը շահագրգռված է այդ նախագծերի շուրջ ԵԱԶԲ-ի հետ համագործակցելու մեջ։ «Այդպիսի գլոբալ ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեջ առանցքային դերակատարություն կարող է ունենալ Եվրասիական զարգացման բանկը», – կարծում է Տիգրան Սարգսյանը։

ԵԱՏՄ-ի երկրներում ազգային արժույթներով իրականացվող փոխհաշվարկների պահանջվածության աճից ելնելով, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյամինովն առաջարկել է մշակել ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման եվրասիական համակարգ։ «Եվրասիական տարածությունում ազգային արժույթներով փոխհաշվարկների առաջխաղացման համար մեզ անհրաժեշտ է ստեղծել ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման եվրասիական համակարգ՝ օգտագործելով «կարգավորիչ ավազարկղի» մասով մեր ունեցած հնարավորությունները», – ասել է նա։

Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը գնահատում է ԵԱՏՄ-ի՝ մասնակից երկրների միջև հարաբերությունների խորացման, արգելքների վերացման, այդ թվում նաև ՝ ֆինանսական շուկայում ընդհանուր ստանդարտների, կարգավորման նոր մոդելների ձևավորման խնդիրը որպես ինտեգրման տարր։

Քանի որ եվրասիական ինտեգրումը զգալի չափով կախված է ամենամեծ՝ ռուսական տնտեսությունից, ՌԴ-ին՝ որպես բոլորի համար շուկա ստեղծող երկրի, անհրաժեշտ է ավելացնել տնտեսական աճի տեմպերը, հանել արգելքները և հասանելի դարձնել պետական գնումները Միության երկրների համար։ «Այստեղ Ռուսաստանը պետք է երբեմն զիջի՝ այդ ժամանակ դա խթան կհանդիսանա Միության զարգացմանը», – կարծում է Ալեքսեյ Կուդրինը։

Լիագումար նիստին նաև մասնակցել են Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը, «Վնեշէկոնոմբանկի» նախագահի տեղակալ, վարչության անդամ Անդրեյ Կլեպաչը, «Ղազախստանի զարգացման բանկ» ԲԸ-ի վարչության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Բաբիչևը, «ՏԲԴ» ԳՀԻ-ի համաշխարհային քաղաքականության և համաշխարհային տնտեսության ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարախանովը։

Տեղեկանք
Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին՝ մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, եվրասիական տարածությունում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը ներդրումային գործունեության միջոցով աջակցելու նպատակով։ ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ-ի դոլար։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։