Вход
«Եվրասիական շաբաթին» կքննարկեն Վիետնամի, Հնդկաստանի և Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտիների զարգացումը

«Եվրասիական շաբաթին» կքննարկեն Վիետնամի, Հնդկաստանի և Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտիների զարգացումը

24.07.2017

«Եվրասիական շաբաթ» համաժողովին կամփոփվեն Վիետնամի հետ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) աշխատանքի առաջին տարվա արդյունքները և կքննարկվեն Հնդկաստանի և Իրանի հետ առևտրի ռեժիմի ազատականացման հնարավորությունները: Համաժողովը տեղի կունենա օգոստոսի 24-26-ին Աստանայում (Ղազախստան) և կհավաքի Միության անդամ երկրների ու գործընկեր երկրների պաշտոնատար անձանց, միջազգային բիզնեսի ներկայացուցիչների:

«ԵԱՏՄ - Վիետնամ. առաջին բիզնես-արդյունքները: Առևտրային  ֆորսայտ» սեմինարին Միության երկրների ընկերությունների ներկայացուցիչները կպատմեն ԱԱԳ օգտագործման իրենց փորձի, ինչպես նաև Վիետնամի և ԵԱՏՄ միջև բիզնեսի հետագա զարգացման հնարավորությունների մասին: ԱԱԳ շրջանակներում համագործակցության մեկնարկը տրվել է 2016 թվականի հոկտեմբերին, և արդեն տարեսկզբին նախագիծը լավ արդյունքներ է ցույց տվել:

«Արտահանման ու ներմուծման բաղադրիչների աճի ցուցանիշները, որոնք մենք նկատում ենք այդ տարվա սկզբից, խոսում են Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու արդյունավետ աշխատանքի մասին: Միայն 2017 թվականի հինգ ամսվա ընթացքում Վիետնամի հետ ԵԱՏՄ ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար, ցուցադրելով 26,6% աճ: Մեր հետագա քայլերն են՝ ապրանքների ծագման հավաստագրերի հաստատման էլեկտրոնային համակարգի ստեղծումը, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների կիրառման, ինչպես նաև գործընկերների շուկաներ ապրանքների մուտքի ապահովման համար առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման ոլորտում պատասխանատու մարմինների համագործակցության զարգացումը», – նշել է ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան:

«ԵԱՏՄ - Իրան. տրանսպորտային-լոգիստիկ միջանցքի կատարելագործումը» Իրանի շուկայի նկատմամբ աճող հետաքրքրության հետ կապված արդիական թեմա է: Ավարտվում է ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքը, որը տանում է Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանը: Այս առնչությամբ սկզբունքորեն կարևոր է կանոնավոր շփումը գործարար շրջանակների հետ՝ այս երկրի հետ առևտրային կապերի զարգացման մասին հետադարձ կապ ստանալու, իրանական շուկա ԵԱՏՄ պետությունների ընկերությունների մուտքի ժամանակ դժվարությունների ու խոչընդոտների հայտնաբերման համար: Սեմինարին կքննարկեն մաքսային կարգավորման, լոգիստիկ ծախքերի, տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման և հարմարավետ բիզնես-միջավայրի ձևավորման հարցեր:

«ԵԱՏՄ - Հնդկաստան. դեպի ԱԱԳ ճանապարհին» սեմինարը կոչված է հայտնաբերել ԵԱՏՄ և Հնդկաստանի բիզնեսի՝ երկկողմ առևտրի առավել պահանջված ուղղությունների պահանջարկը:

Միջոցառման շրջանակներում ուղիղ երկխոսության ռեժիմով արդիական հարցեր կբարձրացվեն, կքննարկվեն տնտեսական փոխգործակցության հեռանկարներ, բիզնեսի առաջ նոր հեռանկարներ բացող առևտրի ազատականացման պայմաններում վերջինիս հետագա խորացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը: Սեմինարի ընթացքում նախատեսվում է քննարկել տնտեսական ինտեգրման զարգացման գործնական առաջարկներ, որը կառուցված կլինի Հնդկաստանի հետ ազատ առևտրի մասին ապագա համաձայնագրում ամրագրված կանխատեսելի ու երկարաժամկետ կանոնների հիման վրա: Նախատեսվում է անդրադառնալ այնպիսի հարցերի, ինչպես առևտրային կարգավորումը, վարչական ընթացակարգերի միասնականացումը, առևտրային խոչընդոտների վերացումը, առևտրային և ներդրումային հոսքերի աջակցությունը, տեխնոլոգիական և արտադրական կոոպերացիան: 

Տեղեկագիր

«Եվրասիական շաբաթ» համաժողովը ԵԱՏՄ երկրների ու ԵՏՀ կողմից անցկացվող ամենամյա միջոցառում է: Համաժողովի անցկացման նախաձեռնությունը հաստատվել է 2015 թվականի մայիսին՝ ԵԱՏՄ հինգ երկրների վարչապետների որոշմամբ: Համաժողովը ներառում է գործարար ու էքսպոզիցիոն մասերը, նպաստում B2B- և B2G-շփումների հաստատմանը: «Եվրասիական շաբաթ» առաջին համաժողովը կայացել է 2016 թվականի հոկտեմբերին՝ «Բաց նորարարություններ» Մոսկվայի նորարարական զարգացման միջազգային համաժողովի ու շոուի հարթակում: Անցկացվել է 16 թեմատիկ միջոցառում՝ Միության ու երրորդ երկրների (Վիետնամ, Սինգապուր, Եգիպտոս, Հարավային Կորեա, ԵՄ երկրներ) գործարար ու փորձագիտական շրջանակների մասնակցությամբ: Համաժողովի հարթակում ելույթ է ունեցել ավելի քան 400 բանախոս: Ցուցահանդեսային մասին մասնակցել է 43 էքսպոնենտ Միության երկրներից: Համաժողովն այցելել է ավելի քան 2 000 մարդ: