Вход
ԵԱՏՄ - ԵՄ. եվրոպացի երիտասարդ տնտեսագետներն ու քաղաքագետները համագործակցության կոչ են անում

ԵԱՏՄ - ԵՄ. եվրոպացի երիտասարդ տնտեսագետներն ու քաղաքագետները համագործակցության կոչ են անում

25.07.2017

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև պաշտոնական գործընկերական կապերի շուտափույթ հաստատման անհրաժեշտության գաղափարը «Մեծ Եվրոպայի հանդիպումներ» 5-րդ միջազգային երիտասարդական համաժողովի ուշադրության կենտրոնում էր, որն անցել է հուլիսի 24-25-ին Փարիզում՝ Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՈ) և Ա.Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի նախաձեռնությամբ՝  մի շարք խոշոր ֆրանսիական ընկերությունների աջակցությամբ:

Համաժողովին մասնակցել են Ֆրանսիայի ու ԵՄ այլ երկրների առաջատար համալսարանների ուսանողներ ու դասախոսներ, եվրոպացի երիտասարդ տնտեսագետներ ու քաղաքագետներ, Ֆրանսիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Օրլովը, ՅՈՒՆԵՍԿՈ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը:

Համաժողովի բացման արարողությանը հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան: Նա Մեծ Եվրոպայի նախագծի վերաիմաստավորման մասին գաղափարներ է ներկայացրել՝ վերջին հինգ տարվա ընթացքում կատարված փոփոխությունների համատեքստում, պատմել, թե ինչպես է ԵԱՏՄ ստեղծումն անդրադարձել Մեծ Եվրոպայի հեռանկարի վրա:

ԵՏՀ նախարարը նշել է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն այսօրվա դրությամբ աշխարհում լիարժեք տնտեսական միությունների առավել հաջողված օրինակներն են, դրանց միջև համագործակցության անհրաժեշտությունն ակնհայտ է, երկուստեք շահավետ և հենվում է Եվրասիայի և Եվրոպայի ժողովուրդների ու տնտեսությունների՝ միմյանց ընդառաջ գնալու բազմադարյա պատմության վրա: Տատյանա Վալովայան նշել է, որ սահմանափակող միջոցները և պատժամիջոցների փոխանակումը կողմերից ոչ մեկի համար դրական արդյունք չտվեցին, միայն վերաուղղորդել են ապրանքաշրջանառության հոսքերը: Այսպես, 2016 թվականի արդյունքներով Ասիայից (ԱԽՏՀ երկրներից) ԵԱՏՄ պետություններ ներմուծումը առաջին անգամ գերազանցել է ԵՄ-ից ներմուծումը: Ընթացիկ տարում այս միտումը շարունակվում է, և ճեղքումը կարող է էլ ավելի էական դառնալ:

«Ժամանակը տեղում կանգնած չէ: Քանի դեռ Մեծ Եվրոպայի նախագիծը քննարկման փուլում էր, տնտեսական զարգացման ու միջազգային համագործակցության տրամաբանությունը մեզ բերել է մայրցամաքային եվրասիական գործընկերության՝ ավելի լայն ինտեգրացիոն ուրվագծի ձևավորման գաղափարին՝ ոչ միայն ԵԱՏՄ և ԵՄ ազգային տնտեսությունների ու տարածաշրջանային միավորումների մասնակցությամբ, այլև Ասիայի և Լատինական Ամերիկայի՝ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են առևտրատնտեսական համագործակցության նոր կոոպերացիոն շղթաների ստեղծման գործում», – հայտարարել է Տատյանա Վալովայան:

Համաժողովի բացման արարողությանը հանդես եկած բարձր մակարդակի փորձագետ, ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահության նախկին Գլխավոր քարտուղար Կլոդ Բլանշմեզոնը կողմ է արտահայտվել Եվրոպական և Եվրասիական տնտեսական հանձնաժողովների միջև աշխատանքի բոլոր ընդհանուր ուղղություններով պաշտոնական կապերի շուտափույթ հաստատմանը: Նա նշել է, որ պաշտոնական շփումների ու համակարգային երկխոսության բացակայությունը երկու կողմերի համար հանգեցնում է հնարավորությունների ու ժամանակի կորստի:

ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարի օգնական Ֆյոդոր Չերնիցինը հանդես է եկել ԵԱՏՄ և ԵՄ համագործակցության պատմական, իրավական և տնտեսական ասպեկտների մասին դասախոսությամբ: Խոսելով Եվրասիական տնտեսական միության նպատակների ու խնդիրների, դրա ընթացիկ վիճակի ու զարգացման ծրագրերի, ԵՏՀ միջազգային աշխատանքի մասին, Ֆյոդոր Չերնիցինը ուղիղ զուգահեռներ է անցկացրել Եվրոպական միության և Եվրոպական հանձնաժողովի հետ:

«Երբ դուք իրավիճակի վերաբերյալ տեղեկությունների եք տիրապետում, դուք պարզ տեսնում եք, որ փոխգործակցությունից խուսափելը անտրամաբանական է, ոչ կառուցողական և ոչ ժամանակակից: Մենք պատրաստ ենք ապագան համատեղ ծրագրել, և դա ենք ակնկալում գործընկերներից», – հայտնել է Չերնիցինը: Դասախոսությունից հետո ԵՏՀ նախարարի օգնականը պատասխանել է եվրոպական-եվրասիական երկխոսության հաստատման ու պահպանման հնարավոր ուղիների ու ճանապարհների վերաբերյալ լսարանի բազմաթիվ հարցերի:

Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանու ներքո կայացած միջազգային համաժողովի ընթացքում եվրասիական թեմատիկայի քննարկումը Եվրոպայի փորձագիտական, գիտական և գործարար շրջանակների՝ ԵԱՏՄ-ԵՄ ձևաչափով հարաբերությունների ինստիտուցիոնալացման ու համագործակցության զարգացման ձևավորվող պահանջարկի հերթական ապացույցն էր: