Вход
ԵՏՀ-ն և ԱՀԿ-ն միավորելու են COVID-19-ի տարածման կանխարգելմանն ուղղված ջանքերը

ԵՏՀ-ն և ԱՀԿ-ն միավորելու են COVID-19-ի տարածման կանխարգելմանն ուղղված ջանքերը

25.09.2020

COVID-19-ի տարածման կանխարգելման, սպառողական շուկայում սննդամթերքի անվտանգության հսկողության, դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառման կարգավորման հարցերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության Դեղագիրքը և կայուն զարգացման նպատակները ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն և Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն։

 

Վիկտոր Նազարենկոյի խոսքերով, Հանձնաժողովը, արտադրանքի անվտանգության ոլորտում փաստաթղթերի նախագծերը նախապատրաստելիս, սերտորեն համագործակցում է ԱՀԿ-ի հետ։  ԱՀԿ-ի ներկայացուցիչները 2018 թվականից ի վեր մասնակցում են դեղերի շրջանառման ոլորտում Հանձնաժողովի բոլոր փաստաթղթերի նախագծերի հանրային քննարկմանը։  Անցկացվում են համատեղ տեսակոնֆերանսներ՝ Միության Դեղագրքի մշակման և միջազգային դեղագրքի հաշվի առնմամբ դրանց որակի վերահսկողության հարցերի շուրջ։ Իրականացվում է Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության իրավասությանը վերաբերող հարցերով փոխգործակցություն։ ԵՏՀ ներկայացուցիչները, որպես դիտորդներ, մասնակցում են ԱՀԿ մարմինների նիստերին։

 

Հանս Կլյուգեն նշել է COVID-19-ի տարածումը թույլ չտալու և կանխարգելելու հացում ԵԱՏՄ երկրների պատրաստականության մակարդակը։

 

«Հանձնաժողովն ակտիվ մասնակցում և օգնում է ԵԱՏՄ անդամ պետություններին COVID-19-ի տարածման դեմ պայքարում, ինչպես նաև աջակցում է տարածաշրջանում մակրոտնտեսական կայունության պահպանմանը»,– ընդգծել է ԵՏՀ նախարարը։  Նա հիշեցրել է, որ համավարակի հայտարարման սկզբից Հանձնաժողովը նախապատրաստել է անհրաժեշտ ապրանքներով, այդ թվում՝ պարենային, ինչպես նաև COVID-19-ի դեմ պայքարի համար նախատեսված ախտահանման միջոցներով, բժշկական և ոչ բժշկական նշանակության արտադրատեսակներով Միության երկրների անդրսահմանային անխափան մատակարարման վերաբերյալ փաստաթղթեր։ Բացի այդ, տարվել է կանխարգելման և հակահամաճարակային ուղղվածության միջոցառումների մշակման և համակարգման աշխատանք։

 

«Այդ կապակցությամբ ընդունվել է Առողջապահության և բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում միջոցառումների համալիր պլան, ընդունվել են «կանաչ» միջանցքներում լցակայանների օբյեկտների, միջազգային տրանսպորտի վարորդների հանգստի կետերի աշխատանքի կազմակերպման վերաբերյալ  սանիտարահամաճարակային հանձնարարականներ– նշել է Վիկտոր Նազարենկոն, –  Համաճարակաբանական իրավիճակի զարգացման մասին փոխադարձ տեղեկացման, ԵԱՏՄ երկրներում պատվաստումների հարցերը ներառյալ՝ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների հարցերի շուրջ, Հանձնաժողովի ակտիվ մասնակցությամբ, աշխատում է Բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման ոլորտի ղեկավարների խորհուրդը»։

 

Վիկտոր Նազարենկոն ընդգծել է, որ Հանձնաժողովը կարևոր է համարում ԱՀԿ-ի հետ փոխգործակցությունը և սպառողական շուկայում սննդամթերքի անվտանգության վերահսկողության վերաբերյալ տվյալների փոխանակումը։«Խոսքը վերաբերում է սննդամթերքի անվտանգության ապահովմանը՝ դրանում անասնաբուժական միջոցների մնացորդային քանակությունների պարունակության հայտնաբերման և նորմավորման առումով, ինչպես նաև շուկայում՝ անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակությունների հսկողության (վերահսկողության) կազմակերպման ընդունված մոտեցումներին», – հավելել է նա։

 

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել ԵԱՏՄ երկրների կողմից համաձայնեցված՝ ԵՏՀ-ի և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի միջև փոխըմբռնման մասին հուշագիրը մինչև 2020 թվականի վերջը ստորագրելու վերաբերյալ։ 
Հուշագիրը թույլ կտա փոխանակել նորմատիվային և տեխնիկական փաստաթղթեր, անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդատվություններ, համատեղ մասնակցել կոնֆերանսներին, սեմինարներին, խորհրդակցություններին։