Вход
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետության ղեկավարության հետ

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետության ղեկավարության հետ

26.01.2017

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հունաստանի Հանրապետության նախագահի և վարչապետի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ և Հունաստանի միջև տնտեսական համագործակցության խորացման հարցեր: Տիգրան Սարգսյանը համոզված է, որ եվրոպական երկրների ղեկավարների հետ ուղիղ երկխոսությունը թույլ կտա նոր մակարդակ դուրս բերել Եվրասիական և Եվրոպական միության փոխհարաբերությունները:

ԵԱՏՄ և Հունաստանի տնտեսական համագործակցության զարգացման հարցերը քննարկվում էին Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի աշխատանքային հանդիպման ընթացքում:

Ալեքսիս Ցիպրասը հայտնել է, որ Հունաստանը աջակցություն կցուցաբերի Եվրոպական միության հետ կառուցողական և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու գործում: Անդրադառնալով տնտեսական զարգացման հարցերին, Ալեքսիս Ցիպրասն ընդգծել է «Հունաստան - ԵԱՏՄ» բիզնես համաժողովի անցկացման կարևորությունը, որը «նոր հորիզոններ կբացի մեր երկրների առևտրային և արդյունաբերական կապերի զարգացման համար»:

«Հունաստանը ԵԱՏՄ ավանդական առևտրային գործընկերն է, – նշել է Տիգրան Սարգսյանը: – Սակայն հենց այժմ հույն գործարարների մոտ Եվրասիական տնտեսական միության հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու նոր հեռանկարային հնարավորություններ են առաջ գալիս: Այն աշխատանքը, որ ԵՏՀ-ն է կատարում, արդեն իսկ թույլ տվեց միասնական տեխնիկական կանոնակարգերով ընդհանուր շուկա ստեղծել՝ առանց ապրանքների կամ ծառայությունների տեղաշարժի համար որևէ խոչընդոտների: Ավելի քան 180 միլիոն բնակչություն ունեցող տարածքում արդեն գործում է բոլոր քաղաքացիների համար ընդհանուր Մաքսային օրենսգիրքը, և սա նշանակում է, որ մեր օտարերկրյա գործընկերները տարածություն են ստանում մանևրի համար և իրենց արտաքին տնտեսական գործունեությունն ավելի արդյունավետ պլանավորելու հնարավորություն»:

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ հանդիպմանը Տիգրան Սարգսյանը Հունաստանի ղեկավարներին շնորհակալություն է հայտնել ԵՄ և ԵԱՏՄ միջև ուղիղ երկխոսություն կառուցելու վերաբերյալ հստակ և միանշանակ դիրքորոշման համար:  
Պրոկոպիս Պավլոպուլոսն իր հերթին նշել է, որ հունական կողմը մեծ ուշադրությամբ հետևում է եվրասիական ինտեգրման ընթացքին: «Մենք կարծում ենք, որ Եվրասիական և Եվրոպական միությունների միջև երկխոսության հաստատումը շատ կարևոր է և կարող է բացառապես դրական ազդեցություն ունենալ նաև ԵՄ և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև երկկողմ հարաբերությունների ձևաչափի վրա», – կարծում է Պրոկոպիս Պավլոպուլոսը:

Արտաքին գործերի փոխնախարար Գեորգիոս Կատրուգալոսի հետ հանդիպման ժամանակ հունական կողմն առաջարկել է Հունա-Եվրասիական խորհուրդ ստեղծել, որի շրջանակներում կքննարկվեն ԵԱՏՄ և Հունաստանի միջև տնտեսական կապերի զարգացման գործնական հարցեր: Տիգրան Սարգսյանը պաշտպանել է այս նախաձեռնությունը և վստահեցրել, որ ԵՏՀ-ն շուտափույթ կմշակի այն: