Вход
Սերգեյ Գլազևն առաջարկել է ձևավորել եվրասիական արժութաֆինանսական համակարգ

Սերգեյ Գլազևն առաջարկել է ձևավորել եվրասիական արժութաֆինանսական համակարգ

26.10.2020
Ազգային արժույթների վրա հենվելով՝ Եվրասիական տնտեսական միության արժութաֆինանսական համակարգի ստեղծման վերաբերյալ իր առաջարկներն է հնչեցրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև ֆինանսական համագործակցության ընդլայնման հեռանկարներին նվիրված՝ հոկտեմբերի 26-ին առցանց ռեժիմով անցկացվող «ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության համակցում» նստաշրջանին։ 

Ինչպես ընդգծել է Սերգեյ Գլազևը, ԵԱՏՄ-ում աշխատանք է տարվում ազգային արժույթներով փոխհաշվարկներին անցնելու ուղղությամբ, սակայն դրանց մասնաբաժինը ինչպես և նախկինում մնում է շատ համեստ՝ մոտավորապես 50% Միության ներսում և 15%-ի չափով՝ Չինաստանի հետ հաշվարկներում։

«Ռուսաստանում և Չինաստանում ստեղծվել են սեփական վճարային համակարգերը, բանկերի միջև էլեկտրոնային փոխանակման համակարգ, սակայն տնտեսական գործունեության մասնակիցները դեռ շատ անաշխույժ են օգտվում ենթակառուցվածքի այդ տարրերով և նախկինի պես աշխատում են օտար արժույթներով, – նշել է Սերգեյ Գլազևը։ – Համարում եմ, որ իրավիճակն անհրաժեշտ է էապես փոխել, ստեղծել մեր սեփական եվրասիական արժութաֆինանսական համակարգը։ Այն կապահովագրեր մեզ ռիսկերից և կլիներ հուսալի, թափանցիկ, հարմար, արդյունավետ և չէր ծանրաբեռնի տնտեսական գործունեության մասնակիցներին»։

Նա նաև հնչեցրել է իր առաջարկները, թե ինչպես հասնել այդ արդյունքին։ Առաջին հերթին, ըստ նրա, կարևոր է կայունացնել ազգային արժույթների փոխարժեքները։ «Հասունացել է ԵԱՏՄ պետությունների միջև արժույթների փոխարժեքների կայունացման ապահովման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման, Եվրոպական միության երկրներում նախկինում աշխատող «արժութային օձին» համանմանի ստեղծման անհրաժեշտությունը», – ասել է Սերգեյ Գլազևը։

Երկրորդ ուղղությունը՝ եվրասիական բորսաների և գնագոյացման մեխանիզմների ձևավորումն է։ Այդ ուղղությունը նախատեսվել է Միության պետությունների ղեկավարների կողմից ընդհանուր առմամբ հավանության արժանացած՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծի մեջ։

Երրորդ ուղղությունը՝ ազգային արժույթներով հաշվարկներին առավելությունների տրամադրումն է։ Սերգեյ Գլազևի կարծիքով, ԱՊՀ-ի Միջպետական բանկը կարող է կարևոր դերակատարում ունենալ առևտրային բանկերից ավելի ցածր սակագնով կոնվերսիոն գործառնությունների ապահովման մեջ։

Բացի այդ, Սերգեյ Գլազևն առաջարկել է չտարածել արժութային հսկողությունը ազգային արժույթով հաշվարկների վրա և քննարկել փոխադարձ առևտրի և համատեղ ներդրումների վարկավորման և ֆինանսավորման հարցերը։

«Հուսով եմ, որ Ռազմավարություն-2025-ի իրագործման շրջանակներում մեզ կհաջողվի դա մշակել։ Փաստաթղթի արդեն իսկ հաստատված ուղղություններից են զարգացման համատեղ ծրագրերի, համատեղ ենթակառուցվածքային նախագծերի մշակումը, եվրասիական ինտեգրացիայի խորհրդանիշների՝ ներդրումային նախագծերի ձևավորումը, արտադրական համագործակցության ընդլայնումը։ Այդ ամենի համար անհրաժեշտ է ստեղծել երկարաժամկետ վարկերի հզոր աղբյուրներ», – ամփոփել է ԵՏՀ նախարարը։​