Вход
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է ԵԱՏՄ երկրների առաջընթացը հիմնական ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է ԵԱՏՄ երկրների առաջընթացը հիմնական ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում

27.02.2019
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկայում սննդամթերքի որակը և անվտանգությունը, դրանում հակաբիոտիկների մնացորդային քանակների և տրանսճարպերը ներառյալ՝ այլ վնասակար նյութերի բացահայտումը գտնվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խիստ ուշադրության ներքո։ Ռիսկի հիմնական գործոնների, այդ թվում՝ սխալ սնվելու սովորույթի վերացումը կարող է կանխարգելել սրտային հիվանդությունների, կաթվածների և շաքարաղտի դեպքերի առնվազն 80%-ը, ինչպես նաև քաղցկեղի դեպքերի 40%-ը։

Այդ մասին հայտարարել է ԵՏՀ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Իգոր Գաևսկին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ փետրվարի 25-ից 26-ը Հանձնաժողովում անցկացված սեմինարին, որը նվիրված էր ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման նպատակով՝ սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման հարցերին։

«Կլիմայի և շրջակա միջավայրի շարունակական փոփոխությունը, սննդամթերքի արտադրման և մատակարարման գլոբալ համակարգերի զարգացումն ազդում են սպառողների, արդյունաբերության և հենց մոլորակի վրա. սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգերը պետք է հարմարեցվեն այդ փոփոխությունների տեմպերին», - ընդգծել է Իգոր Գաևսկին։

Նրա խոսքերով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրականացվող աշխատանքի շրջանակներում ապահովում է ԵԱՏՄ մաքսային տարածքում մարդու առողջության և կյանքի, կենդանիների և բույսերի, շրջակա միջավայրի համար անվտանգ արտադրանքի ազատ շրջանառության համար միասնական իրավական դաշտի ստեղծումը։

ԱՀԿ Եվրոպական բյուրոյի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցերով գրասենյակի ղեկավար Ժոաո Բրեդան հայտնել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային կոմիտեն ընդունել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում ՈՎՀ կանխարգելման և դրա դեմ պայքարի գործողությունների 2016-2025 թվականների պլանը։ Նպատակն է՝ մինչև 2030 թվականը մեկ երրորդով կրճատել ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը։ Պլանի շրջանակներում ԱՀԿ մյուս խնդիրներից է՝ արգելել սննդամթերքի մեջ ճարպաթթուների տրանսիզոմերների օգտագործումը, որոնք, մասնավորապես, ավելացնում են սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը։ Այդ կապակցությամբ Ժոաո Բրեդան նշել է, որ «ԵԱՏՄ պետություններն այդ հարցում նշանակալի առաջընթաց են գրանցել»։

Նա ընդգծել է, որ բացառիկ հնարավորություն է ստեղծվել՝ օգտագործելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական մեխանիզմները, լուծել սննդամթերքի անվտանգության և բնակչության առողջության մակարդակի բարձրացման հարցեր։

Հիշեցնենք, որ անցած տարի անցումային շրջանի ավարտից հետո ուժի մեջ են մտել միութենական տեխնիկական կանոնակարգով յուղաճարպային արտադրանքի նկատմամբ սահմանված խիստ նորմատիվները՝ այդպիսի արտադրանքում ճարպաթթուների տրանսիզոմերների պարունակության թույլատրելի մակարդակի վերաբերյալ։ Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն օգտագործման համար պատրաստ մթերքներին, այլ նաև պարենային հումքի բազմաթիվ անվանումներին, որոնք օգտագործվում են հացաբուլկեղենի և հրուշակեղենի, կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների և պաղպաղակի, սպրեդների, խոհարարական արտադրատեսակների և այլնի պատրաստման համար։ Տարսճարպերի պարունակությունը պինդ, փափուկ և հեղուկ մարգարինում, կաթնային ճարպի փոխարինիչներում և հատուկ նշանակության ճարպերում չպետք է գերազանցի սննդամթերքում ճարպի ընդհանուր պարունակության 2%։ Նախկինում դրանցում թույլատրվում էր այդպիսի տրանսիզոմերների 8-ից մինչև 20% պարունակությունը։

Սեմինարի մասնակիցներն ընդգծել են, որ Միության երկրներից յուրաքանչյուրն ունի լիազոր մարմին, որն ապահովում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կատարման նկատմամբ պետական հսկողությունը (վերահսկողությունը)։ Այնուամենայնիվ, վերջերս ԱՀԿ Եվրոպական բյուրոյի կողմից իրականացված դիտանցման ընթացքում ԵԱՏՄ որոշ երկրներում սննդամթերք մեջ հայտնաբերվել էին արդյունաբերական տրանսճարպերի դեռևս շատ բարձր ծավալներ։ Անցումային շրջանի ավարտի կապակցությամբ ակնկալվում է, որ անդամ պետություններն ապահովելու են սննդամթերքի համապատասխանությունը ճարպաթթուների տրանսիզոմերների պարունակության նորմերին, որոնք սահմանվել են յուղաճարպային կանոնակարգով։

ԵՏՀ և Միության երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչները, որոնք նույնպես մասնակցել են սեմինարին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ պայմանավորվել են սննդամթերքի անվտանգության և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում հետագա համագործակցությունը զարգացնելու մասին։ Մասնավորապես, ԵՏՀ և ԱՀԿ ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր Հանձնաժողովի և Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի միջոցով գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև։