Вход
ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայան ԵԱՏՄ և Չիլիի համագործակցության գերակա ուղղություններ է նախանշել մոտ ապագայի համար:

ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայան ԵԱՏՄ և Չիլիի համագործակցության գերակա ուղղություններ է նախանշել մոտ ապագայի համար:

27.07.2017

Մաքսային համագործակցությունը, թվային օրակարգը և ագրարային հատվածում համագործակցության հեռանկարները կդառնան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների և Չիլիի 2018 թվականի փոխգործակցության գերակա ուղղությունները: Այս մասին հուլիսի 26-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան և Չիլիի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առևտրի գծով տեղակալ Պաուլինա Նազալը:

Նախանշվել է մաքսային հարցերով փորձագիտական խորհրդակցություններ անցկացնել՝ հաշվի առնելով ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելը: Բացի այդ, ԵՏՀ և Չիլիի կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի ամենամյա նիստի շրջանակներում նախատեսվում է կարծիքներ փոխանակել ԵԱՏՄ և Չիլիի թվային օրակարգի վերաբերյալ, ոլորտային խորհրդակցություններ անցկացնել ագրարային արդյունաբերությունում, մասնավորապես, ձկնորսությունում համագործակցության հեռանկարային ուղղությունների վերաբերյալ:

«Չիլին կարող ենք համարել Լատինական Ամերիկայի երկրների առաջատարը ԵԱՏՄ հետ համագործակցության զարգացման առումով: Վերջին տարիներին՝ հուշագրի ստորագրման միջոցով շփումները ձևակերպելուց հետո համագործակցությունն այս երկրի հետ թափ է հավաքում, իսկ Չիլիի Հանրապետությունը ԵՏՀ համար դարձել է տարածաշրջանի առանցքային գործընկերը, - նշել է նախարարը: - Մենք 2017-2018 թվականների գործողությունների ծրագիր ենք մշակել, փոխանակել ԵԱՏՄ-ում Չիլիի և Չիլիում Միության արտահանման շահի ապրանքների ցանկերը: Սա թույլ կտա աճեցնել ԵԱՏՄ և Չիլիի միջև ապրանքաշրջանառության ավելացման ջանքերը»:

Չիլին ավանդաբար ակտիվորեն աշխատում է ԵԱՏՄ երկրների հետ գործընկերական կապերի զարգացման ուղղությամբ: Անցյալ տարի պաշտոնական ու գործարար շրջանակների պատվիրակությունը համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստն անցկացնելուց հետո այցելել է Բելառուսի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը: Այս տարի նախատեսված է այցելություն Ղրղզստանի Հանրապետություն՝ պաշտոնական ու գործարար շրջանակների հետ հանդիպումներ անցկացնելու և համագործակցության, մասնավորապես, ակվամշակույթի ոլորտում, ընդլայնման համար հնարավորություններ որոնելու համար: Սա կլինի չիլիական պատվիրակության առաջին այցը այս երկիր: Չիլիի և ԵՏՀ համագործակցությունը հանրապետությանը թույլ տվեց իր համար Եվրասիայի տարածաշրջանում նոր գործընկերներ բացահայտել:

Պաուլինա Նազալը հիշատակել է Խաղաղօվկիանոսյան դաշինքի՝ Մեքսիկայի, Չիլիի, Կոլումբիայի ու Պերուի ինտեգրացիոն միավորման հետաքրքրությունը ԵՏՀ-ի հետ բազմակողմ մակարդակով շփումները զարգացնելու նկատմամբ: Նա նշել է, որ նման փոխգործակցությունը ընդլայնում է համագործակցության հորիզոնները:

Տեղեկագիր
ԵՏՀ և Չիլիի Հանրապետության կառավարության միջև համագործակցությունն իրականացվում է Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Փաստաթուղթը ստորագրվել է 2015 թվականի հունիսի 19-ին:

Հուշագրին համապատասխան՝ ամեն տարի տեղի են ունենում համատեղ հանձնաժողովի նիստեր: 2015 թվականի հոկտեմբերի 2-ին Սանտյագո քաղաքում կայացել է 1-ին նման հանդիպումը:

2016 թվականի սեպտեմբերի 26-ին Մոսկվա քաղաքում կայացել է համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը, որի շրջանակներում տեղի է ունեցել սեմինար ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների համար, որը նվիրված էր ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունների վարման վերաբերյալ փորձի փոխանակմանը:

2017 թվականի մարտի 20-21-ին Սանտյագո քաղաքում կայացել է համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը, որի արդյունքներով՝ համաձայն նախնական պայմանավորվածությունների, հաստատվել է գործողությունների պլանը և կայացել արտահանման շահի ապրանքների ցանկերի փոխանակում: Նիստի շրջանակներում կայացել է սեմինար, որը նվիրված էր տեխնիկական կարգավորմանը, ԵԱՏՄ-ում սանիտարական, բուսասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառմանը, ինչպես նաև քննարկվել են հակամենաշնորհային կարգավորման հարցերը և պետական գնումների համակարգերը: