Вход
ԵՏՀ-ը սահմանել է ԵԱՏՄ ներմուծվող ապրանքների մաքսային վերահսկողության առանձնահատկությունները

ԵՏՀ-ը սահմանել է ԵԱՏՄ ներմուծվող ապրանքների մաքսային վերահսկողության առանձնահատկությունները

28.03.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի անդամները մարտի 27-ի նիստին որոշումներ են կայացրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային վարչարարության և արդյունաբերական քաղաքականության ոլորտներում։

ԵՏՀ Կոլեգիան սահմանել է ԵԱՏՄ ներմուծվող ապրանքների հայտարարագրում նշված արժեքի վերահսկման առանձնահատկությունները։

Հանձնաժողովի որոշման մեջ թվարկվել են փաստաթղթերը, որոնք մաքսային մարմինը կարող է պահանջել ապրանքների մաքսային արժեքի վերահսկողություն իրականացնելու ժամանակ։ Դրանցից են արտադրողի գնացուցակները, նրա առևտրային առաջարկները, ներմուծվող ապրանքների համար վճարելու մասին փաստաթղթերը, բեռնման (փաթեթավորման) թերթիկները և այլն։

Փաստաթուղթը պարունակում է պահանջներ, որոնք վերաբերում են արդեն մաքսային մարմնի տրամադրության տակ գտնվող տեղեկատվությանը, որը կարելի է օգտագործել Միություն ներմուծվող ապրանքների արժեքը հաստատելու համար։

Այդպիսի տեղեկատվությանն են պատկանում համեմատելի ապրանքների մասին տվյալները, նույնանման, միատեսակ ապրանքներով, նույն դասի կամ տեսակի ապրանքներով կատարված գործարքների մասին տեղեկությունները, կամ բորսայական գնանշումների, ինդեքսների, աճուրդներում գների մասին և որոշ այլ տեղեկություններ։

ԵՏՀ Կոլեգիայի որոշման մեջ նշված են հանգամանքներ, որոնք վկայում են ապրանքի մաքսային արժեքի մասին հայտարարագրված տեղեկությունների ոչ ստույգ լինելու մասին, ինչպես նաև իրավիճակներ, երբ փաստաթղթերի և տեղեկությունների ստուգում չի անցկացվում։

Այդպիսի հատկանիշներին կարելի է վերագրել, օրինակ՝ միևնույն փաստաթղթում գնի մասին տվյալների անհամապատասխանությունը, ներմուծման միատեսակ պայմաններում նույնանման ապրանքի գնից ապրանքի ավելի ցածր գնի բացահայտումը։

Գնի մասին տեղեկությունների ստուգում չի անցկացվի, եթե նախկինում ներմուծված ապրանքները նույնանման են, ներմուծվել են միևնույն արտաքին տնտեսական պայմանագրի կամ գործարքի շրջանակներում, իսկ գործարքի պայմանները չեն փոխվել։

Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի իրագործման համար և ապահովելու է մաքսային արժեքի վերահսկողության ընթացակարգի մոտեցումների միատեսակությունը։

ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնությանը տեղեկացնել ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության 2012 թվականի դեկտեմբերի 10-ի N 580н հրամանի ճշգրտման անհրաժեշտության մասին։

Այդ փաստաթուղթը պահանջվում է համապատասխանեցնել արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման միասնական միութենական կանոնների հետ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի աշխատանքի նախարարության հրամանով սահմանվել է, որ հատուկ հագուստ գնելու համար ապահովագրված անձի կատարած ծախսերը ենթակա են ֆինանսական ապահովման, եթե այդ հագուստը պատրաստվել է Ռուսաստանի Դաշնությունում, գործվածքից, տրիկոտաժային պաստառից, չգործված նյութերից, որոնց ծագման երկիրը նույնպես Ռուսաստանի Դաշնությունն է։