Вход
ԵՏՀ-ն կներդնի միջպետական էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը

ԵՏՀ-ն կներդնի միջպետական էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը

30.05.2017

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան սահմանել է մի շարք ապրանքների հարկային տուրքերի դրույքաչափերը, փոփոխություններ կատարել վերարտադրողական նյութի նկատմամբ անասնապահական պահանջներում, հավանության արժանացրել ԵՏՀ և Միավորված Ազգերի Կազմակերպության Ասիայի ու Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ՄԱԿ ԷՍԿԱՏՕ) միջև համագործակցության ծրագրի նախագիծը, հաստատել տեղեկատվության անվտանգության սպառնալիքների մոդելը, որը թույլ կտա ստեղծել Հանձնաժողովի հավաստող կենտրոնն ու սկսել էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ճանաչումով միջպետական էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրումը:

Մայիսի 30-ին՝ ԵՏՀ Կոլեգիայի հերթական նիստին հավանության է արժանացել ՄԱԿ ԷՍԿԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագիրը: Փոխգործակցությունը կընթանա 10 ուղղություններով, ներառյալ մակրոտնտեսական քաղաքականությունը, առևտուրը, ներդրումները և ձեռնարկատիրական գործունեության աջակցությունը, տրանսպորտը, էներգետիկան, վիճակագրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, աշխատանքային միգրացիան: Այս հարցերով փոխգործակցությունը կնպաստի եվրասիական տարածաշրջանի երկրների զարգացմանը ֆինանսական անկայունության, գների ու միջազգային արժույթների փոխարժեքների տատանողականության պայմաններում, տարանցման ու լոգիստիկ ներուժի արդյունավետ օգտագործման ապահովմանը, երկաթուղային ու ավտոճանապարհային փոխադրումների ժամանակ մաքսային տարանցման պարզեցմանը:

ԵՏՀ Կոլեգիայի որոշմամբ սահմանվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը մի շարք ապրանքների նկատմամբ (խտացրած մրգային հյութերի, շարժիչային փոխադրամիջոցների, ձեռքի ժամացույցների առանձին տեսակներ, ինչպես նաև սառնարանային ու սառցարանային սարքավորումներ, վարսավիրական բազկաթոռներ և դրանց բաղադրիչներ, ընդամենը՝ 11 սակագնային գիծ): Այսպիսով, կատարվել են Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում:

Դրույքաչափերի համակցված ձևաչափը կգործի մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը: Ընդ որում ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի ադվալորային չափը համապատասխանում է ԱՀԿ շրջանակներում տուրքի վերջնական կապակցված դրույքաչափին:

ԵՏՀ Կոլեգիայի որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի սեպտեմբերի 1-ից:

Փոփոխություններ են կատարվել Միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում: Տեքստում մի գլուխ է հայտնվել, որը սահմանում է գենետիկ նյութի՝ ԵԱՏՄ տարածք ներմուծման ու անդամ պետությունների միջև փոխադրման պայմանները: Բացի այդ, նշված են պահանջներն ու սահմանված է համապատասխան անասնաբուժական սերտիֆիկատի ձևը: Ընդունված որոշումը կնպաստի սելեկցիոն-ցեղային աշխատանքի ու վերարտադրության վերածննդին, այդ թվում՝ ծառայողական շնաբուծության մեջ, և կկարգավորի անասնաբուժական կլինիկաների աշխատանքը:

ԵՏՀ Կոլեգիայի անդամները քննարկել են միջպետական էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ստեղծմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, հաստատվել է տեղեկատվության անվտանգության սպառնալիքների մոդելը, որը թույլ կտա բացահայտել առանցքային ռիսկերը ԵԱՏՄ միասնական տեղեկատվական համակարգի համար և ստեղծել ԵՏՀ հավաստող կենտրոն: 

Ընդունված որոշումը ևս մեկ քայլ է էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման մեխանիզմն ապահովող՝ վստահված երրորդ կողմի ծառայությունների օգտագործմամբ անդամ-պետությունների լիազորված մարմինների ու Հանձնաժողովի միջպետական էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովման փորձնական նախագծի փորձնական շահագործման գործարկման նախապատրաստման ավարտի ճանապարհին: Միջպետական էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի առաջին թեստային փորձարկումներն անցկացվել են ու արդեն դրական արդյունքներ տվել: 

««G2G» փաստաթղթաշրջանառությունում փորձնական նախագծի իրագործումը իրավաբանորեն կարևոր անդրսահմանային փաստաթղթաշրջանառության կազմակերպման կարևոր փուլ է, – նշել է ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը: – Հաջորդ փուլում նախատեսվում է իրականացնել պետական մարմինների հետ բիզնեսի էլեկտրոնային փոխգործակցության ընթացակարգերը»: