Вход
Մինչև 2020 թվականը ԵԱՏՄ երկրներում ակվամշակույթի արտադրանքի արտադրությունը կաճի մինչև 350 հազ. տոննա

Մինչև 2020 թվականը ԵԱՏՄ երկրներում ակվամշակույթի արտադրանքի արտադրությունը կաճի մինչև 350 հազ. տոննա

30.05.2017

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում վերջին տարիներին նկատվում է ձկնաբուծական տնտեսություններում ձկան արտադրության կայուն զարգացում: Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում 2016 թվականին արտադրվել է ավելի քան 200 հազար տոննա, որը գրեթե մեկ հինգերորդով ավել է, քան երկու տարի առաջ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում ներկայիս իրավիճակն ու ակվամշակույթի զարգացման հեռանկարները քննարկել են կլոր սեղանի մասնակիցները, որը կայացել է Մոսկվայում՝ Fish & SeaFood միջազգային գագաթաժողովի և VIV Russia 2017 ԱԱՀ-ի համար նորարարական տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակում:

Միջոցառմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ), ԵԱՏՄ պետությունների գիտական հաստատությունների, ձկնաբուծական ու ձկնավերամշակման ձեռնարկությունների ներկայացուցիչներ և այլն:

ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Այնա Կուսաինովան նշել է, որ ԵԱՏՄ-ում իրականացվում է համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականություն, Հանձնաժողովը մշակել է անդամ պետություններում ակվամշակույթի զարգացման հայեցակարգի նախագիծը: Լճակային ձկնաբուծության հիմնական օբյեկտներն են ծածանը, հաստաճակատը, սպիտակ ամուրը:  Արդյունաբերական ձկնաբուծությունը զարգանում է թառափների, լոսդազգիների, սիգերի, լոքոների արտադրության ավելացման հաշվին: Միության երկրներում ակվամշակույթի զարգացման հայեցակարգի և միջպետական փոխգործակցության ներուժի օգտագործման դեպքում այդ ոլորտի զարգացման ազգային ծրագրերի իրականացումը թույլ կտա 2020 թվականին ակվամշակույթի արտադրանքի արտադրությունն ավելացնել մինչև 350 հազար տոննա:

«Ներկայումս անդամ պետություններն ապահովում են համաշխարհային ձկնարտադրության մոտ քառորդ տոկոսը ձկնաբուծությունում և հինգ տոկոսը՝ ձկնորսությունում, – ընդգծել է Այնա Կուսաինովան: – Առավելագույն զարգացումը ակվամշակույթն ստացել է Հայաստանում, ինչը թույլ է տալիս փակել բնակչության՝ ձկան պահանջարկի 95 տոկոսը: Ռուսաստանն, ընդհակառակը, պահանջարկի շուրջ 96 տոկոսն ապահովում է ձկնորսության արտադրանքի հաշվին և Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի հետ մեկտեղ տվյալ ոլորտի զարգացման էական ներուժ ունի»:

Կլոր սեղանի մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել տեխնոլոգիաների զարգացման, ռեսուրսային ու կադրային ապահովման, գիտական մշակումների, ոլորտի պետական կարգավորման միջոցների հարցերին՝ այն ամենին, ինչը թույլ կտա բարձրացնել վերջինիս արդյունավետությունը ԵԱՏՄ շրջանակներում: Բանավեճի ընթացքում առաջարկներ են բարձրաձայնվել կերային ապահովման ոլորտում ներդրումային նախագծերի իրականացման, ձկնաբուծության նյութի արտադրության, նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ համատեղ գիտական մշակումների անցկացման անհրաժեշտության մասին: Սա պետք է ապահովի նաև ոլորտի՝ ներմուծումից կախվածության նվազումը:

Կլոր սեղանի ավարտից հետո միջոցառման մասնակիցներն այցելել են մերձմոսկովյան Բիսերովսկի կոմբինատը, որտեղ ծանոթացել են ձկնաբուծության ոլորտի ներդրումային նախագծերից մեկի՝ լճակային ձկան աճեցման և առևտրային ցանցեր շուրջտարյա մատակարարման առանձնահատկությունների, իրագործման հաջողված փորձին:   
 
Տեղեկագիր
«Եվրասիական տնտեսական միությունում ակվամշակույթի զարգացման ներուժ» կլոր սեղանի կազմակերպիչն էր ԵՏՀ Ագրոարդյունաբերական քաղաքականության վարչությունը՝ Եվրասիական ակվամշակութային դաշինքի ու «Աստի Գրուպ» ցուցահանդեսային ընկերության մասնակցությամբ: