Вход
ԵՏՀ-ը սահմանել է 2020 թվականի սակագնային քվոտաները ԵԱՏՄ ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների համար

ԵՏՀ-ը սահմանել է 2020 թվականի սակագնային քվոտաները ԵԱՏՄ ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների համար

31.07.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան հուլիսի 31-ին քննարկել է մաքսասակագնային կարգավորման, միջազգային համագործակցության, տնտեսության թվայնացման, վիճակագրության, հանրային իրավունքի, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ներքին շուկայի գործունեության ոլորտի հարցեր։

ԵՏՀ Կոլեգիան սահմանել է 2020 թվականի սակագնային քվոտաները ԵԱՏՄ ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների համար, ինչպես նաև դրանց համար սակագնային քվոտաների ծավալները։ Այսպես, Բելառուսի համար առաջիկա տարում թույլատրելի են հետևյալ ծավալներով քվոտաները. խոզի միս՝ 20 հազար տոննա, ընտանի հավերի ոսկրահան արված միս՝ 10 հազար տոննա, հնդկահավի ոսկրահան արված միս՝ 0,9 հազար տոննա։ Ղազախստանի համար խոշոր եղջերավոր անասունների մսի քվոտան սահմանվում է 21 հազար տոննա ծավալի չափով, թռչնի մսի համար՝ 140 հազար տոննա։ Ղրղզստանի համար խոշոր եղջերավոր անասունների մսի քվոտան կազմելու է 5 հազար տոննա, խոզի մսի քվոտան՝ 3,5 հազար տոննա, թռչնի մսի քվոտան՝ 58 հազար տոննա։ Ռուսաստանի համար խոշոր եղջերավոր անասունների մսի քվոտան նախատեսվել է 570 հազար տոննա, թռչնի մսի քվոտան՝ 364 հազար տոննա, կաթնային շիճուկի քվոտան՝ 15 հազար տոննա ծավալի չափով։ Հայաստանը տեղեկացրել է 2020 թվականին սակագնային քվոտաներ սահմանելու անհրաժեշտության բացակայության մասին։

Միաժամանակ ԵՏՀ Կոլեգիայի որոշմամբ նախատեսվել է, որ անդամ պետությունները կբաշխեն սակագնային քվոտաների ծավալները արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ազգային օրենսդրությանը համապատասխան։ Նրանց լիազորված մարմինները արտոնագրեր կտրամադրեն սահմանված սակագնային քվոտաների շրջանակներում արտադրանքի ներմուծման համար։ Ռուսաստանը սակագնային քվոտաների ծավալները բաշխելու է երրորդ երկրների միջև՝ իր ազգային օրենսդրությանը և ԱՀԿ-ում պարտավորություններին համապատասխան։

Նշանակված սակագնային քվոտաների սահմաններում թույլատրվում է երրորդ երկրներից գյուղատնտեսական արտադրանքը ներմուծել Միասնական մաքսային սակագնի դրույքաչափերի հետ համեմատ ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափերով։

Հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) միջև փոխըմբռնման հուշագիրը։

Ուժի մեջ են մտել մաքսային կարգավորման ոլորտում մի շարք ընդհանուր գործընթացներ։ Դրանք ապահովում են մաքսային ներկայացուցիչների, ժամանակավոր պահպանման պահեստների սեփականատերերի, մաքսային պահեստների սեփականատերերի և մաքսային փոխադրողների ընդհանուր գրանցամատյանների ձևավորումը, վարումը և օգտագործումը։ Կոլեգիայի համապատասխան կարգադրություններ են ընդունվել ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման համար։