Вход
Եվրասիական տարածությունում ԵԱՏՄ-ն այլընտրանք չունի

Եվրասիական տարածությունում ԵԱՏՄ-ն այլընտրանք չունի

31.10.2017

«ԵԱՏՄ-ն բնակության բնական տարածություն է Միության քաղաքացիների համար: Մեր խնդիրը նրանց և բիզնես համայնքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է: Սա նշանակում է՝ վերացնել արգելքները, խոչընդոտները, որպեսզի մարդիկ, կապիտալը, ապրանքները և ծառայությունները կարողանան ազատ տեղաշարժվել», – հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով ԵԱԶԲ «Եվրասիական:

ինտեգրում» 12-րդ Միջազգային կոնֆերանսին:

Տիգրան Սարգսյանի կարծիքով, դրան կարելի է հասնել ապագային կողմնորոշված ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով: «Թվային վերափոխումը, մասնավորապես, ակնհայտ գլոբալ թրենդ է, է եթե մենք այստեղ ուշանանք, ապա ի հայտ կգան նոր խոչընդոտներ, արգելքներ և սահմանափակումներ», – համոզված է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:

Գնահատելով ընթացիկ ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը, Տիգրան Սարգսյանը հատուկ շեշտել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստեղծվել է հենց այն նպատակով, որ ապահովի ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ընդհանուր շուկաներին անցնելիս Միության բոլոր երկրներում կայանալիք փոփոխությունների համաձայնեցված լինելը: «Մենք պետք է արտացոլենք բոլոր հինգ մասնակից երկրների շահերը», – կարծում է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը: Այդ նպատակով Հանձնաժողովը շարունակում է միասնական մաքսային կանոնների ձևավորման, ընդհանուր տեխնիկական կանոնակարգերի, բուսասանիտարական և անասնաբուժական պահանջների մշակման աշխատանքները:  Այսօր ԵՏՀ-ի գործունեության շուրջ 50%-ն այսպես թե այնպես առնչվում է խոչընդոտների, բացառումների, սահմանափակման վերացման հարցով: ««Սպիտակ գրքի» ստեղծումը, որում մենք փորձեինք ոչ միայն նկարագրել այս խոչընդոտները, այլև գտնել դրանց վերացման վերաբերյալ երկրների համաձայնեցված դիրքորոշում, կարող ենք համարել այս տարվա մեծ ձեռքբերում», – համոզված է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:
 
«Միաժամանակ մենք ստիպված ենք լինում անընդհատ վերաիմաստավորել ինտեգրման ընթացքը, – նշել է Տիգրան Սարգսյանը: – Այսօր արդիական խնդիր է Հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը և, համապատասխանաբար, պատասխանատվության մակարդակի բարձրացումը: Վերազգային մարմնի պատասխանատվության ոլորտի ընդլայնումը նշանակում է ուշադրություն դարձնել ընդհանուր շահերին»:
«Եթե մենք ստեղծել ենք բոլոր կողմերի շահերն արտացոլող վերազգային մարմին, այն պետք է գործի: Ուստի լիազորությունները պետք է ընդլայնել: Այսպիսով ընդհանուր ապագայի համար Հանձնաժողովի պատասխանատվությունն ավելի ակնհայտ կդառնա: Եվ այս տեսանկյունից կարևոր է Եվրասիական միության փորձը, քանի որ համաշխարհային պրակտիկայում մենք թերևս նման խորը ինտեգրմամբ ու վերազգային մարմնով երկրորդ տնտեսական միավորումն ենք», – ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:
Հանձնաժողովի դիրքորոշումը պաշտպանել են լիագումար նիստի բոլոր մասնակիցները: Մասնավորապես, վերազգային ինստիտուտների դերն ուժեղացնելու անհրաժեշտությունը նշել է Ռազմավարական մշակումների կենտրոնի խորհրդի նախագահ Ալեքսեյ Կուդրինը: Նա, մասնավորապես, նշել է, «Ռուսաստանը, ըստ էության, պետք է ավելի համարձակ փոխանցի իր ինքնիշխան իրավունքները այս մակարդակի նկատմամբ, հրաժարվի իր ինքնուրույնությունից ու ազգային եսասիրությունից»:
 
ԵԱԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինի կարծիքով, ինտեգրացիոն գործընթացների արագացման ու Միության երկրների տնտեսությունների աճի արագացման համար անհրաժեշտ է շարունակել ԵԱՏՄ ներսում խոչընդոտների վերացման աշխատանքը, զարգացնել տնտեսական փոխգործակցությունը երրորդ երկրների հետ և առավելագույնս պարզեցնել ձեռնարկությունների ելքը արտաքին շուկաներ: Բացի այդ, Դմիտրի Պանկինն ընդգծել է համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության կարևորությունը մեծ ենթակառուցվածքային նախագծերի իրագործման ժամանակ: «Այն առանցքային տարրերից մեկը, որը կկապի մեր երկրների տնտեսությունը, հենց ընդհանուր ենթակառուցվածքն է: ԵՏՀ-ն սկսել է տրանսպորտային նախագծերի վերլուծության կարևոր և օգտակար աշխատանքը, որոնք յուրաքանչյուր երկիր պատրաստվում է զարգացնել: Այժմ արդեն հավաքված է ավելի քան 30 խոշոր նախագիծ: Ենթակառուցվածքային նախագծերի ինտեգրման խնդիրը ես չափազանց կարևոր եմ համարում», – նշել է Դմիտրի Պանկինը:
 
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի կարծիքով, «ինտեգրացիոն գործընթացների ապագան մեծապես կախված է նրանից, կկարողանան արդյոք Միության երկրները միասին արձագանքել բոլոր գլոբալ մարտահրավերներին»: Միայն միասին, մեկ ինտեգրացիոն միավորման մեջ մենք կարող ենք հաջողակ դառնալ և գտնել մեր տեղը համաշխարհային առաջատարների շարքում: Սա թույլ կտա բարձրացնել քաղաքացիների բարեկեցության մակարդակը և ապահովել եվրասիական բիզնեսի մրցունակությունը, համոզված է Տիգրան Սարգսյանը: