Вход
Մետաքսի ճանապարհի եվրասիական էլեկտրոնային ապրանքային բորսան կստեղծվի Եվրասիական համագործակցության ունիվերսալ ապրանքահումքային բորսայի հիման վրա

Մետաքսի ճանապարհի եվրասիական էլեկտրոնային ապրանքային բորսան կստեղծվի Եվրասիական համագործակցության ունիվերսալ ապրանքահումքային բորսայի հիման վրա

06.06.2017

Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ընկերակցության (ԵԱՀ ՖԲԸ) դիտորդական խորհուրդը պաշտպանել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Գործարար խորհրդի նախագահության առաջարկը Մետաքսի ճանապարհի եվրասիական էլեկտրոնային ապրանքային բորսայի ստեղծման մասին: Ընկերակցությունը պատրաստ է հանդես գալ Եվրասիական համագործակցության ունիվերսալ ապրանքահումքային բորսայի (ԵՀ ՈւԱՀԲ) հիման վրա այս նախագծի իրականացման նախաձեռնությամբ: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը, որն առաջին անգամ Դիտորդական խորհրդի նիստն անցկացրեց որպես վերջինիս նախագահը: 

«Մետաքսի ճանապարհի նախաձեռնության ու ԵԱՏՄ համակցման գործընթացն էլ ավելի ակտիվ է դուրս գալիս արագացված զարգացման փուլ, ստեղծելով այդ մեծածավալ նախագծերի միջև սիներգիայի նոր հնարավորություններ: Անկասկած, ֆինանսական կառույցների ու ընկերակցությունների աջակցությունը կնպաստի ԵԱՏՄ բոլոր երկրների տնտեսական զարգացման ճանապարհով առաջ շարժվելուն», – հայտնել է Տիմուր Ժակսիլիկովը: Նա հիշեցրել է, որ այս տարվա փետրվարին Բիշքեկում Մետաքսի ճանապարհի Միջազգային առևտրային պալատը և ԵԱՏՄ Գործարար խորհուրդը ստորագրել են Համաձայնագիր Մետաքսի ճանապարհի Եվրասիական էլեկտրոնային ապրանքային բորսայի ստեղծման մասին:

Ղազախստանի Հանրապետությունում ընկերակցության ներկայացուցչության ղեկավար, ԵԱՀ ՖԲԸ նախագահի խորհրդական Ալեքսեյ Սմոլյակովի խոսքով, ԵՀ ՈւԱՀԲ առանձնահատկությունն այն է, որ տվյալ դեպքում միավորված են բորսայական մեխանիզմն ու բազմարժույթ ռեժիմով քլիրինգային փոխհաշվարկների կատարման մեխանիզմը: Ռուսաստանի և Ղազախստանի բանկերի միացումն ապահովել է բորսայական գործարքների անխափան սպասարկում: Ինչպես հայտնել է Ալեքսեյ Սմոլյակովը, ստեղծվում է ԵՀ ՈւԱՀԲ լայն մասնաճյուղային ցանց՝ աճուրդների մասնակիցների հաշվարկային հաշիվներ բացելով: Սա նրանց թույլ է տալիս վճարել պայմանագրերը իրենց արժույթով, իսկ անդրսահմանային վճարումներն ու արժույթի փոխանակումն իրականացնում է հենց բորսան: Բացի արժույթների ցանկի ընդլայնման և մասնաճյուղային ցանցի զարգացման խնդիրներից, ԵՀ ՈւԱՀԲ առջև դրված է ռիսկերի հեջավորման գործիքների ստեղծման խնդիրը: Ալեքսեյ Սմոլյակովը նշել է, որ Եվրասիայի շուկայի բոլոր մասնակիցները հետաքրքրված են միասնական էլեկտրոնային բորսայական հարթակի ստեղծման գործում:

Ընդ որում գործարքների ծավալները ԵՀ ՈւԱՀԲ-ում վերջին ժամանակներս զգալիորեն աճել են: Բորսայի մասնաճյուղային ցանցի ղեկավար Եգոր Իվանկովի տվյալներով, ամբողջ 2016 թվականի ընթացքում Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև առևտրային հարթակում գործարքների ծավալը կազմել է ձ մլրդ ռուբլի, մինչդեռ միայն այս տարվա վերջին հինգ ամսվա ընթացքում շրջանառությունը կազմել է 6 մլրդ ռուբլի:

Այսօր գործարքները կնքվում են մեծապես Ռուսաստանի ու Ղազախստանի սուբյեկտների միջև: Նիստի արդյունքներով որոշվել է շարունակել Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում կենտրոնական կոնտրագենտի գործառույթներ ստանձնած իրավաբանական անձանց պետական գրանցման աշխատանքը՝ հանրապետությունների փոքր և միջին բիզնեսի տնտեսվարող սուբյեկտների մուտքը դեպի ԵՀ ՈւԱՀԲ պարզեցնելու համար: Սա կհանգեցնի աճուրդների ծավալի մեծացմանն ու վաճառվող ապրանքային անվանացանկերի ցանկի ընդլայնմանը:

Նիստի արդյունքներով նաև որոշումներ են ընդունվել ակտիվացնել «Բարձր տեխնոլոգիաների տրանսֆերտի կենտրոն» նախագծի զարգացումը՝ նորարարությունները մշակելու և ԵԱՏՄ երկրների տնտեսություն ներդնելու ու աշխատանքի շուկայում որակավորումների գնահատումը կազմակերպելու համար: 

Տեղեկագիր
ԵվրԱսիական համագործակցության ֆինանսաբանկային ընկերակցությունը (ԵԱՀ ՖԲԸ) գրանցվել է 2013 թվականի սեպտեմբերի 11-ին: Վերջինիս հիմնադիրներն են Ղազախստանի Հանրապետության բանկերի ընկերակցությունը, Ռուսաստանի տարածաշրջանային բանկերի ընկերակցությունը, Տաջիկստանի բանկերի ընկերակցությունը, Ղազախստանի ֆինանսիստների ընկերակցությունը, ՇՀԿ գործարար ակումբը, ՄԱԳԿ (Մոսկվայի արդյունաբերողների և գործարար կոնֆեդերացիա) ֆինանսական կորպորացիան, ԱՊՀ Ֆինանսաբանկային խորհուրդը: Ընկերակցությունը ներկայացուցչություններ ունի նաև Չինաստանում, Սինգապուրում, ԱՄԷ-ում, Բուլղարիայում, Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանի շրջաններում: ԵԱՀ ՖԲԸ-ի անդամներն ու գործընկերներն են ֆինանսական հատվածի ավելի քան 40 կառույցներ: 

Ընկերակցության նպատակը բարենպաստ պայմանների կազմակերպումն է ՇՀԿ, ԲՌՀՉԱ, ԵԱՏՄ, ԵՄ երկրներում ընկերակցության անդամ ազգային ֆինանսական շուկաների մասնակիցների արդյունավետ գործունեության համար՝ բիզնես նախագծերի ընտրության և իրագործման գործում միջբանկային համագործակցության հաստատման, Ներդրումային նախագծերի եվրասիական բանկի ստեղծման ճանապարհով:

«Եվրասիական համագործակցության ունիվերսալ ապրանքահումքային բորսա» (ԵՀ ՈւԱՀԲ) ԲԸ-ն հիմնվել է 2013 թվականի դեկտեմբերի 10-ին, գլխավոր գրասենյակը գտնվում է Ղազախստանում: «ԵՀ ՈւԱՀԲ» ԲԸ-ն իրականացնում է առևտրային արտահանման-ներմուծման գործարքներ և գործարքներ ներքին շուկայում, ինչպես նաև պետական գնումներ իրականացնում ըստ բորսայական ապրանքների ցանկի: Էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս աճուրդների տարբեր մեթոդներ իրականացնել (դասական աճուրդներ, ստանդարտ աճուրդ, կրկնակի հակընդդեմ աճուրդ, կոմերցիոն առաջարկների հարցումներ ու համեմատություններ) տարբեր երկրներից ցանկացած տեսակի ընկերությունների համար: 

Այսօր բորսայում հավատարմագրված է 50 բրոքերային ընկերություն: Բորսան չորս մասնաճյուղ ունի Ղազախստանում, ներկայացուցիչներ ունի նաև Ռուսաստանում: Բորսայի կանոնադրական կապիտալը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար: Ղազախստանի ազգային բանկը կատարել է «ԵՀ ՈւԱՀԲ» ԲԸ բաժնետոմսերի թողարկման պետական գրանցում: