Նորություններ

01.06.2023 (Обновлено: 06.06.2023 09:30)

Արտակ Քամալյանը և Երբոլ Կարաշուկեևը քննարկել են միության ԱԱՀ-ում համագործակցության զարգացման հեռանկարները

Ագրոարդյունաբերական համալիրում Եվրասիական տնտեսական միության երկրների համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, ներառյալ ժամանակակից պայմաններում պարենային ապահովվածությունը, այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը և Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Երբոլ Կարաշուկեևը։


Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել ԵԱՏՄ պետություններում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության կարգավորման ընդհանուր մոտեցումների մշակման, Միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայականների թողարկման (տրամադրման), շրջանատության և մարման կանոնների մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Ղազախստանի կողմից ներպետական ընթացակարգերի անցկացման հարցերին։ Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակներում արտադրանքը օրգանական ճանաչելու կարգի մասին համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման արդյունքները։

«ԱԱՀ-ում ԵԱՏՄ երկրների փոխգործակցության զարգացումը ռազմավարական նշանակություն ունի այս գործընթացի բոլոր մասնակիցների համար։ Ուրախալի է, որ Միության երկրներից յուրաքանչյուրը նպատակաուղղված է կառուցողական երկխոսությանը և մեր ընդհանուր նպատակների գործնական իրականացմանը»,- ասել է Արտակ Քամալյանը։

Երբոլ Կարաշուկեևը նշել է նախարարության պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը «Գյուղատնտեսական բույսերի սորտերի միասնական գրանցամատյանի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին Ղազախստանի միանալու ուղղությամբ և հետաքրքրվածությունը տեխնիկական հարցերի մշակման համար մասնագետների միջև կանոնավոր աշխատանքային շփումների կազմակերպման հարցում։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը պահանջարկի և առաջարկի համատեղ ինդիկատիվ հավասարակշռությունների և 2023 թվականին գյուղատնտեսական արտադրանքի առանձին տեսակների առևտրի ինդիկատիվ (կանխատեսումային) ցուցանիշների ձևավորման ուղղությամբ։

Երբոլ Կարաշուկեևը Արտակ Քամալյանին և Ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու այս տարվա հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Աստանայում և Ալմաթիում կայանալիք միջազգային ագրարային ցուցահանդեսներին։

Հանդիպման արդյունքում նախարարները հաստատել են փոխշահավետ գործընկերություն զարգացնելու իրենց մտադրությունը, որն ուղղված է ԱԱՀ ոլորտում ԵԱՏՄ երկրների ներուժի իրականացմանը։