ԵԱՏՄ երկրների ագրարային բուհերը ակվամշակույթի վերաբերյալ համատեղ կրթական նախագիծ են գործարկել

Մարտի 13-ին բացվել է «Ձկների արժեքավոր տեսակների բուծում փակ ջրամատակարարման կայանքներում» համատեղ կրթական առցանց դասընթացը Եվրասիական տնտեսական միության երկրների բուհերի ղեկավարության մասնակցությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական բլոկի և Ձկնորսության դաշնային գործակալության համակարգմամբ: Կրթական ինտենսիվի համար ընտրված թեմայի արդիականությունն ու կարևորությունը պայմանավորված է ակվամշակույթի արտադրության տեխնոլոգիական շղթայի բոլոր ուղղություններով իրավասությունների ձևավորման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով ԵԱՏՄ երկրներում այս ոլորտի դինամիկ զարգացումը:

«Այսօր մեր երկրների կրթության ոլորտի առջև խնդիր է դրված նախապատրաստել տնտեսության նորարարական զարգացման ժամանակակից միտումներին համապատասխանող մասնագետներ։ Ուստի կարևոր է ձևավորել բիզնեսի գործնական կարիքներին ուղղված, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների սրընթաց առաջացումը և ներդրումը հաշվի առնող հմտություններ և գիտելիքներ», — ընդգծել է ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։

Նախագծին մասնակցում է 14 կրթական կազմակերպություն Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից և Ռուսաստանից։ Դասընթացի պահանջարկը հաստատում է ավելի քան 350 ունկնդրի հետաքրքրությունը դրա նկատմամբ։

Ընթացիկ ուսումնական կիսամյակում առցանց ռեժիմով դասախոսությունները կանցկացվեն սովորողների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առարկաներով: Ուսումնասիրելով դասընթացի ծրագիրը՝ ակվամշակույթի ոլորտի առաջատար բուհերի ուսանողները հնարավորություն ունեն փորձի փոխանակում կատարել և նոր հմտություններ ձեռք բերել։

«Վստահ եմ, որ ակվամշակույթի արտադրության ոլորտի նոր համատեղ կրթական նախագծով ձեռք բերված գիտելիքները կնպաստեն ամբողջ ոլորտի մրցունակության բարձրացմանը», — նշել է Արմեն Հարությունյանը։

Դասընթացի մասնակիցներին ողջույնի խոսքով է դիմել Ձկնորսության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Վասիլի Սոկոլովը: Իր ելույթում նա նշել է, որ ձկնաբուծության ոլորտի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ են տեխնոլոգիական արդիականացում, ներմուծման փոխարինման զարգացում, կադրային ներուժի կատարելագործում։ Նման նախագծերը լուծում են այս խնդիրները՝ ընդլայնելով մտահորիզոնը և «կամուրջներ կառուցելով» կրթական հաստատությունների միջև։ Նման համատեղ նախագծերն օգտակար են գործարար համայնքի համար, քանի որ ստեղծում են ժամանակակից նորարարական մակարդակով հարցեր լուծելու ունակություն ունեցող որակյալ կադրերի պուլ։

Կիսամյակի արդյունքների հիման վրա ուսանողները կստանան կրթական դասընթացն անցնելու մասին վկայականներ։

Տեղեկանք

Կրթական դասընթացը կազմակերպվել է արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի կադրերի նախապատրաստման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության զարգացման մասին 2021 թվականի նոյեմբերի 24-ի հուշագրի իրականացման շրջանակներում՝ ԵՏՀ ագրոարդյունաբերական բլոկի համակարգմամբ։