Արդիականացվել է ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների գրանցամատյանը
25.07.2025

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացված կանոնավոր մշտադիտարկման արդյունքների հիման վրա «Առևտուր» պորտալի էջում տեղադրվել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների նորացված գրանցամատյանը:

Ներկա պահի դրությամբ հայտնաբերվել է 271 սահմանափակող միջոց, որը կարող է հանդես գալ որպես ԵԱՏՄ հիմնական առևտրային գործընկերների և այնպիսի երկրների կողմից կիրառվելիք արգելք արտաքին առևտրում, որոնց հետ կնքվել են առևտրատնտեսական համաձայնագրեր կամ բանակցություններ են վարվում դրանց կնքման շուրջ:

Ընդ որում, Իրանի սահմանափակող միջոցը, որը սահմանում է երրորդ երկրներից հրուշակեցենի ներմուծման արգելք, ԵԱՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագրի 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտնելուց հետո վերացվել է: Համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ կողմերը պարտավորություն են ստանձնել չսահմանել և չպահպանել ապրանքների ներմուծման արգելքներ կամ սահմանափակումներ, այդ թվում՝ քվոտաների, ներմուծման կամ արտահանման լիցենզիաների և այլ միջոցների ձևով:

Սերբիայի մասով նույնականացվել է ԵԱՏՄ դեղամիջոցների մուտքի թույլտվությանն առնչվող տեխնիկական արգելք, որը կապված է գրանցման համար ԵՄ-ի GMP հավաստագրի տրամադրման պահանջի առկայության հետ:

Ուզբեկստանի սահմանափակող միջոցների ցանկը լրացվել է կենցաղային տեխնիկայի ներմուծման համապատասխանության ուզբեկական հավաստագրի ստացման ոչ թափանցիկ և երկարատև ընթացակարգով:

Երրորդ երկրների հետ առևտում սահմանափակող միջոցների մշտադիտարկման և սահմանափակման ուղղությամբ ԵՏՀ-ի գործունեությունն իրականացվում է ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթներին համապատասխան: Դրա իրականացման համար 2018 թվականին Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական միության պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության կարգը:

Մշտադիտարկումն ուղղված է ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ երկրների սահմանափակող միջոցների վերացման ուղիների հայտնաբերման և որոնման հարցերով համակարգային աշխատանքի իրականացմանը: