Էլեկտրոնային առևտրի հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի (ԲՄԱԽ) նիստի արդյունքում կոնսենսուս է ձեռք բերվել մնացած խնդրահարույց հարցերի շուրջ, և այդպիսով սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի շուրջ։
«Համաձայնագրի հիմնական նպատակն է նվազեցնել էլեկտրոնային առևտրի ապրանքների ազատ տեղաշարժի ճանապարհին խոչընդոտների առաջացման ռիսկը, որոնք պայմանավորված են այս ոլորտում Միության համալիր իրավունքի բացակայությամբ և անդամ պետություններում սեփական նորմատիվ իրավական բազայի ակտիվ զարգացմամբ», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:
Համաձայնագիրը նախատեսում է, որ նյութական և թվային ապրանքները, ինչպես նաև էլեկտրոնային առևտրին ուղեկցող ծառայություններն ազատ տեղաշարժվելու են եվրասիական «հնգյակի» երկրներում։ Այսինքն՝ անդամ պետությունները ապրանք վաճառողների և մարկետփլեյսերի նկատմամբ չեն սահմանելու Միության մասին պայմանագրով չնախատեսված որևէ սակագնային, ոչ սակագնային կամ այլ բնույթի սահմանափակում։ Իսկ մարկետփլեյսերը չպետք է խտրականություններ դնեն ԵԱՏՄ այլ երկրների վաճառողների և գնորդների նկատմամբ։
Միաժամանակ բոլոր հինգ պետությունների օրենսդրության պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված կարգավորիչ բեռը նվազեցնելու համար Միության մակարդակով կընդունվի վերազգային կանոնների փաթեթ։ Ընդհանուր կանոններով են ձևակերպվելու հրապարակային օֆերտաները, ապրանքների քարտերը, ցուցադրվելու է պատվերի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև իրականացվելու է ապրանքների և դրամական միջոցների վերադարձը։ Սա շահավետ կլինի ինչպես սպառողի համար, որը կստանա սպասարկման երաշխավորված մակարդակ՝ անկախ ապրանքը գնելու երկրից, այնպես էլ վաճառողների/մարկետփլեյսերի համար, որոնք կկարողանան ստանդարտացնել իրենց բիզնես գործընթացները միասնական հարթակում։
Նախատեսվում է նաև էլեկտրոնային առևտրի անցում թվայինի: Ներկայումս փոխադարձ էլեկտրոնային առևտուրը կառուցված է ավանդական թղթային փաստաթղթաշրջանառության վրա, ինչը անհարկի մեծ բեռ է ստեղծում շուկայի բոլոր մասնակիցների համար: Այս սահմանափակումը վերացնելու համար նախատեսված է էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչման հնարավորություն՝ ԵՏՀ խորհրդի կողմից սահմանվելիք հիմնական մոդելին համապատասխան։
Համաձայնագիրը ենթադրում է, որ համացանցում ապրանք գնող քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը կիրականացվի նրանց գտնվելու երկրի օրենսդրությանը համապատասխան։ Դա թույլ կտա խուսափել այլ երկրների իրավունքով իրականացվող վարույթներից, որոնք փաստացի զրկում էին սպառողին իր շահերը պաշտպանելու հնարավորությունից։
Բացի այդ, ԵԱՏՄ-ում գործելու է ապրանքների վերադարձի միասնական նորմատիվ՝ 14 օրվա ընթացքում։ Ներկայումս այս ժամկետը զգալիորեն տարբերվում է։
Ամրագրվել են նաև սպամ նամակների սահմանափակման, անձնական տվյալների պարտադիր պաշտպանության միջոցներ, տրամադրվել է նախադատական վեճերի լուծման գործիքակազմ շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների միավորումների և սպառողների իրավունքների պաշտպանության ընկերությունների հիման վրա: Այս մոտեցումը թույլ կտա Միության ամբողջ փոխադարձ էլեկտրոնային առևտրի վրա տարածել վիճահարույց իրավիճակների ճկուն և արագ լուծման հաջող փորձը, որն առկա է մի շարք երկրներում:
Որոշակի դրական կողմեր կան նաև կարգավորողների համար. խոսքը փոխգործակցության էական պարզեցման, բաց տվյալների հասանելիության մակարդակի բարձրացման և էլեկտրոնային առևտրի մասնակիցների իրավունքների խախտումը կանխելու համատեղ մեխանիզմի ձևավորման հնարավորության մասին է:
Ապագա Համաձայնագրի հիմնական սկզբունքները ԲՄԱԽ հարթակում համաձայնեցնելուց հետո Հանձնաժողովն անցնում է ներպետական համաձայնեցման և փաստաթղթի նախագծի ստորագրման համար անհրաժեշտ պաշտոնական ընթացակարգերին: