Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի նախագիծը և ուղարկել այն անդամ պետություններին ներպետական ընթացակարգերի իրականացման համար:
«Մոնղոլական կողմի հետ անցկացված լրացուցիչ խորհրդակցությունների արդյունքների հիման վրա գործընկերոջ հետ միասին գործարկել ենք ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ընթացակարգերը: Փաստաթղթում ընդգրկվել է 367-ական ապրանքային ենքադիրք յուրաքանչյուր կողմից», - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:
Նա հստակեցրել է, որ համաձայնագիրը ստորագրելուց և ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ երկրները կստանան առանձնաշնորհային մուտք Մոնղոլիայի շուկա այնպիսի սկզբունքային դիրքերի մասով, ինչպիսիք են հացահատիկայինները (ցորեն, գարի, եգիպտացորեն), մսամթերքը (խոզի միս, հավ), կաթնամթերքը (կաթի փոշի, յոգուրտներ, պանիր, կարագ), մեղրը, բուսական յուղերը (արևածաղկի և սոյայի), շաքարը, մետաղագործական արտադրանքը (ֆեռոհամահալվածքներ, շիկագլոցված գլանվածք, սառնագլոցված գլանվածք, ձողիկներ, անկյունակներ, խողովակներ և այլն), շարժիչային փոխադրամիջոցները (ավտոմեքենաներ, ավտոբուսներ, բեռնատարներ, հատուկ տեխնիկա, ավտոբաղադրիչներ, կցանքներ և այլն), քիմիական արդյունաբերության արտադրանքը (պոլիմերներ, պլաստիկ սայլեր և մասեր), դողերը և այլն:
«Մենք նաև ուրախ կլինենք ողջունել մոնղոլական ապրանքները մեր շուկայում, ներառյալ նրանց համար արտահանման տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող առանցքային ապրանքները՝ մսամթերքը և կաթնամթերքը (ձիու միս, ԽԵԱ միս, ոչխարի միս, մսի պահածոներ, ենթամթերք, յոգուրտներ, պանիր և այլն), թեթև արդյունաբերության արտադրանքը (մասնավորապես՝ բուրդը, թելերը, ինչպես նաև պատրաստի տրիկոտաժե և տեքստիլ հագուստեղենը)», - ընդգծել է ԵՏՀ նախարարը:
Անդրեյ Սլեպնևը համոզմունք է հայտնել, որ ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքումը շահավետ պայմաններ կստեղծի փոխադարձ առևտրի հետագա աճի համար և ընդհանուր առմամբ կնպաստի ԵԱՏՄ պետությունների և Մոնղոլիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: