Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտնել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ԵԱՏՄ ներսում և երրորդ երկրների, մասնավորապես՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման պլանի իրականացման մասին ամենամյա զեկույցը ներկայացնելու նախաշեմին:
Ավելի վաղ տնտեսության հնարավոր բոլոր ոլորտների թվայնացման կարևորության մասին բազմիցս խոսել են «հնգյակի» երկրների առաջնորդները: Այսպես, դեռևս հունիսին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և դրա հետ միաժամանակ անցկացրած Եվրասիական տնտեսական համաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «թվային փոխակերպումը համարում է փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացման և թափանցիկության բարձրացման գործիք»: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին նշել է, որ «ինտեգրված եվրասիական տրանսպորտալոգիստիկ միջանցքները պետք է դառնան խելացի մուլտիմոդալ էկոլոգիական զարկերակներ՝ վարչարարության միասնական թվային հարթակով»:
«Ընդհանուր առմամբ, թվայնացումն ու արհեստական բանականությունը մեր պետական քաղաքականության գերակայությունների շարքում են: Էլեկտրոնային առևտուրը, թվային փաստաթղթաշրջանառությունը, կառավարման և լոգիստիկայի ավտոմատացված համակարգերն արդեն դարձել են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների անբաժանելի տարրեր», - արձանագրել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Այս համատեքստում ԵՏՀ գործունեությունը՝ երկաթուղային բեռնափոխադրումների մասով, հանդես է գալիս որպես համապատասխան գործնական աշխատանքի օրինակ, որի արդյունքն ինչպես բիզնեսի համար ընթացակարգերի պարզեցումն է ու ծախսերի նվազեցումը, այնպես էլ ապրանքների տեղաշարժի առավելագույն արագացումը:
«Մինչև 2024 թվականը ԵԱՏՄ անդամ պետությունները Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկաթուղային փոխադրումներում ապահովել են անցում թվային տրանսպորտային փաստաթղթերին», - նշել է Անդրեյ Սլեպնևը:
Մասնավորապես, «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի և «Բելառուսի երկաթուղի» պետական միավորման միջև վերջին մի քանի տարում էլեկտրոնային տվյալների փոխանակման մակարդակը հասել է առնվազն 90%-ի, իսկ Ղազախստանի «ԿԵՈՒ» ԱԸ» ԲԸ-ի և Ռուսաստանի ու Ղրղզստանի երկաթուղային փոխադրողների միջև այս մակարդարը գերազանցել է 80%-ը:
2024 թվականի արդյունքներով՝ էլեկտրոնային փաստաթղթերով Ռուսաստանի Դաշնության փոխադրումների ծավալը կազմել է 90% Բելառուսի Հանրապետության և 79%՝ Ղազախստանի Հանրապետության հետ:
Կարևոր է նաև նշել էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերին անցնելու ուղղությամբ կատարվող աշխատանքը: Այսպես, «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի կողմից իրականացվել է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերը բեռնառաքից/էքսպեդիտորից իր տեղեկատվական համակարգում ընդունելու հնարավորությունը՝ դրանք տրամադրելով մաքսային մարմիններին և փոխանցելով «Բելառուսի երկաթուղի» պետական միավորմանը մաքսային ընթացակարգն ավարտելիս մաքսային գործառնությունները կատարելու համար: Տվյալ տեխնոլոգիան կիրառվում է Ռուսաստանի և Բելառուսի միջև «Ինտերտրան» նախագծի շրջանակներում փոխադրումներ իրականացնելիս:
Ներկայումս կատարվում է միջպետական թեստավորում՝ «մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման նկատմամբ վերահսկողության ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի և/կամ տեղեկությունների փոխանակման ապահովում» ընդհանուր մաքսային գործընթացը գործարկելու նպատակով:
«Բացի ԵԱՏՄ անդամ պետությունների միջև երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացումից, ակտիվ աշխատանք է իրականացվում ՉԺՀ-ի հետ: Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային փոխադրողների միջև կոռեկտ էլեկտրոնային հաղորդագրությունների ծավալը 2024 թվականի արդյունքներով կազմել է 90%: Ղազախստանի և Չինաստանի երկաթուղիների միջև էլեկտրոնային փոխանակման ենթակա տվյալների լիարժեքության և որակի ցուցանիշը հասել է 80-90%-ի», - շարունակել է ԵՏՀ առևտրի նախարարը:
Նա ընդգծել է, որ բեռնափոխադրումների մասով ՉԺՀ-ի հետ համագործակցության կարևոր իրադարձություն էր 2024 թվականի դեկտեմբերին Անդրսահմանային էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացման համար հավաստագրերի թողարկման ուղղությամբ Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային փոխադրողների հավաստող կենտրոնների փոխգործակցության մասին համաձայնագիրը: Այս փաստաթուղթը կապահովի երկու երկրների երկաթուղիների միջև էլեկտրոնային ստորագրության կիրառումը:
2024 թվականի դեկտեմբերի վերջին թեստային անթուղթ փոխադրումներ են գործարկվել «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի և «Չինաստանի երկաթուղիներ» ՊԸ-ի միջև՝ արտահանման-ներմուծման հաղորդակցության Զաբայկալսկ - Մանչժուրիա սահմանային անցման միջոցով:
2025 թվականին նախատեսվում է էլեկտրոնային բեռնագրով ձևակերպվող փոխադրումների աշխարհագրության աստիճանական ընդլայնում:
ԵՏՀ-ի կողմից տրանսպորտային միջանցքների թվայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքների կարևորությունն ընդգծում են նաև հունիսին Մինսկում կայացած գագաթնաժողովի ընթացքում ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների նախագահների ասված խոսքերը: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել «ենթակառուցվածք թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ամրապնդման և տեղեկատվության փոխանակմանը և առևտրի նոր տեսակներին աջակցության համար»: Իսկ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրզիյոևըժն անդրադարձել է «ԵԱՏՄ կարևոր նախաձեռնություններին, այդ թվում՝ այնպիսի նախագծերին ու ծրագրերին, ինչպիսիք են Եվրասիական ագրոէքսպրեսը, էլեկտրոնային առևտրի զարգացումը, բեռնափոխադրումների թվայնացումը և կլիմայական օրակարգը» երկրի ակտիվ մասնակցությանը: