Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Անդրեյ Սլեպնևը և Էյրլանգա Հարտարտոն քննարկել են առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր
Անդրեյ Սլեպնևը և Էյրլանգա Հարտարտոն քննարկել են առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր
10.06.2024
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը և Ինդոնեզիայի Հանրապետության տնտեսական հարցերով համակարգող նախարար Էյրլանգա Հարտարտոն քննարկել են Եվրասիական տնտեսական միության պետությունների և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ արդյունքներն ու հեռանկարային ուղղությունները։
«Ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը միանշանակ կնպաստի մեր երկրների տնտեսությունների արտահանման ներուժի իրականացմանը, այդ թվում՝ ապրանքների փոխադարձ մատակարարումների տարբերակմանը», – նշել է Անդրեյ Սլեպնևը։ԵՏՀ առևտրի նախարարն ընդգծել է, որ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել ապագա համաձայնագրի նախագծի համաձայնեցման հարցում։ Նրա խոսքով՝ խնդիր է դրված ապահովել պրեֆերենցիալ ծածկույթի փոխշահավետ պայմաններ՝ ԵԱՏՄ երկրների և Ինդոնեզիայի միջև առևտրի առավելագույն ընդգրկմամբ։
Բացի այդ, ըստ Անդրեյ Սլեպնևի, ապագա համաձայնագրի արդյունավետ իրականացման համար կարևոր է նպաստել կողմերի գործարար համայնքների փոխգործակցությանը։
Ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ Ինդոնեզիայի Հանրապետության հետ բանակցություններ սկսելու որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2022 թվականի մայիսի 27-ին։ Մինչ օրս կայացել է բանակցությունների չորս փուլ։