Նորություններ

24.05.2023 (Обновлено: 29.05.2023 17:09)

Անդրեյ Սլեպնև. «Կլիմայական օրակարգը ենթադրում է տեխնոլոգիական վերափոխում, որի հաջողությունը կորոշի մրցունակությունն առաջիկա տասնամյակների համար»

Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարարը հայտարարել է՝ բացելով «ԵԱՏՄ կլիմայական օրակարգ. նոր միտումներ և գործնական լուծումներ» նստաշրջանը 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում։ Քննարկման շրջանակներում առաջարկվել է անդրադառնալ այնպիսի թեմաներին, ինչպիսիք են տեխնոլոգիաների և ֆինանսների հասանելիությունը, ինչպես նաև բիզնեսի հնարավորություններն ու ռիսկերը։

«Այս երեք հիմնական ուղղություններով իրականացվում է կլիմայական օրակարգի շրջանակներում համագործակցության ճանապարհային քարտեզը, որն ընդունվել է Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների կողմից», — ընդգծել է Անդրեյ Սլեպնևը։

ԵՏՀ նախարարը նշել է, որ տեխնոլոգիական ինքնիշխանությունը և տեխնոլոգիական փոխակերպումը ԵԱՏՄ բոլոր երկրների առջև դրված գլխավոր հարցերից են։ Կլիմայական ուղղությամբ պետությունների մերձեցումը ոչ միայն կնպաստի ինտեգրացիոն գործընթացների խորացմանը, այլև կամրապնդի Միության և նրա յուրաքանչյուր անդամի դիրքերը համաշխարհային շուկաներում։

Այս նպատակների համար 2022 թվականին ԵՏՀ-ն գործարկեց Կլիմայական տեխնոլոգիաների և թվային նախաձեռնությունների բանկը, որն ուղղված է Միության ներսում և դրանից դուրս արդյունաբերական կոոպերացիայի զարգացմանը: Ներկայում այն ներառում է խոշորագույն ընկերությունների մոտ հարյուր նախագիծ, և այս թիվը կհամալրվի նոր ավարտված «Կանաչ Եվրասիա» միջազգային կլիմայական մրցույթի հաղթողների հաշվին։

«Այստեղ կարող ենք ասել, որ տեխնոլոգիաների փոխանցումը, բուն տեխնոլոգիական չեզոքության քաղաքականությունը գլոբալ մակարդակով քննարկումների կարևորագույն տարրն է։ Մեր ճանապարհային քարտեզում նախատեսված է, որ մենք համագործակցում ենք Միության շրջանակներում և մեր գործընկերների հետ միջազգային հարթակներում՝ առաջին հերթին, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի, կլիմայական օրակարգի համատեքստում մեր համատեղ շահերը խթանելու համար», — շարունակել է ԵՏՀ առևտրի նախարարը:

Անդրադառնալով ֆինանսների հասանելիության հարցին՝ Անդրեյ Սլեպնևը հիշեցրել է, որ աշխարհում կլիմայական նախագծերի իրականացումը ֆինանսավորում է պահանջում, որի կարգը կկազմի տարեկան մի քանի տասնյակ տրիլիոն դոլար։ Նա նիստի մասնակիցներին տեղեկացրել է ԵԱՏՄ երկրների կանաչ նախագծերի վերջերս հաստատված չափորոշիչների (մոդելային տաքսոնոմիայի) մասին։ Փաստաթղթի նպատակն է խթանել և մերձեցնել մոտեցումները կանաչ ֆինանսական գործիքների համակարգային զարգացման շրջանակներում:

«ԵԱՏՄ մոդելային տաքսոնոմիայի վերիֆիկացման կանոնները մշակելուց հետո, որպես փորձնական նախագիծ, մենք նախատեսում ենք իրականացնել կանաչ ֆինանսական գործիքների թողարկում կոոպերացիոն եվրասիական նախագծի համար՝ Միության մոդելային տաքսոնոմիային համապատասխան», — հավելել է նախարարը։

Նրա խոսքով, ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքում նաև վերլուծվել է ԵԱՏՄ երկրների կլիմայական ոլորտի կարգավորման ազգային օրենսդրությունը, որն ուղղված է, ի թիվս այլոց, փոխադարձ առևտրում խոչընդոտների առաջացման կանխմանը։

«Նման խոչընդոտները բացառելու համար առավել նախընտրելի է ածխածնային միավորների միասնական շուկայի հնարավորությունը։ Դրա համար անհրաժեշտ է մշակել և ներդնել ենթակառուցվածքների հարցերի ընդհանուր կարգավորում, ինչպես նաև հավասարեցնել ածխածնազերծման ոլորտային պլանների լարվածությունը, առանց որի անհնար է հասնել ածխածնային միավորի նպատակային արժեքի և իրական շուկայի», — եզրափակել է Անդրեյ Սլեպնևը:

Առանձին նա ընդգծել է տեխնիկական կարգավորման ոլորտի աշխատանքը, որտեղ, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունն արդեն ներկայացրել է ավտոմոբիլային տրանսպորտի վեցերորդ բնապահպանական դասի վերաբերյալ որոշման նախագիծ։ Լուծում պահանջող հարցերից մեկն այն է, թե մինչև որ թվականն են արտադրվելու ներքին այրման ավանդական շարժիչներով նոր մեքենաներ։

Կլիմայական նստաշրժանին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Իլյա Տորոսովը, Հայաստանի Հանրապետության «պարտքը՝ կլիմայի դիմաց» մեխանիզմի գծով լիազոր ներկայացուցիչ Էրիկ Գրիգորյանը, Ղազախստանի Հանրապետության ESG ազգային ակումբի նախագահ Այդար Կազիբաևը, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Նազարբեկ Մալաևը, «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Եկատերինա Սալուգինա-Սորոկովայան և ՎԷԲ.ՌՖ նախագահի առաջին տեղակալ, ՎԷԲ.ՌՖ վարչության անդամ Ալեքսեյ Միրոշնիչենկոն: Նստաշրջանի մասնակիցներին տեսառեժիմով դիմել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության գործադիր քարտուղար Սայմոն Սթիլը և ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Սելվին Չարլզ Հարթը։ Քննարկման մոդերատորն էր Սոցիալական և բնապահպանական պատասխանատվության, կորպորատիվ կառավարման և կայուն զարգացման հարցերով ազգային դաշինքի գլխավոր տնօրեն Անդրեյ Շարոնովը: