Նորություններ

21.11.2022 (Обновлено: 29.11.2022 17:00)

Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրի ծավալն այս տարի կարող է գերազանցել 200 միլիարդ դոլարը»

Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման համատեղ հանձնաժողովի նիստի նախօրեին, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին:

«Չինաստանը ԵԱՏՄ հիմնական առևտրային գործընկերն է, ընդ որում, նրա դիրքերը Միության հետ առևտրում վերջին շրջանում զգալիորեն ամրապնդվել են։ Ընթացիկ տարում ՉԺՀ մասնաբաժինն արդեն գերազանցել է երրորդ երկրներից ընդհանուր ներմուծման 35%-ը և կազմում է ընդհանուր արտահանման գրեթե 16%-ը։ Երկու ցուցանիշներով էլ Չինաստանը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում բոլոր պետությունների մեջ»,- նշել է Անդրեյ Սլեպնևը։ 

Նրա խոսքով, առաջիկա միջոցառումը, որի չինական կողմի նախագահողն է Չինաստանի առևտրի փոխնախարար Լի Ֆեյը, կոչված է էլ ավելի ակտիվացնելու ԵԱՏՄ և Չինաստանի միջև համագործակցությունը, ինչպես նաև լրացնելու փոխգործակցության օրակարգը արդիական գործնական հարցերով։ 

Տեղեկանք

Ներկայումս Չինաստանի հետ Եվրասիական տնտեսական միության ապրանքաշրջանառությունն ընդհանուր առմամբ աճել է գրեթե 30%-ով։ Արտահանումն աճել է մոտ 40%-ով, ներմուծումը՝ 20%-ով։ Միևնույն ժամանակ, ըստ ԵՏՀ 7 ամսվա վիճակագրության՝ Չինաստանի հետ առևտրի ոլորտում 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածում ԵԱՏՄ-ի առևտրային հաշվեկշռի փոքր դեֆիցիտը այս տարի փոխարինվել է զգալի պրոֆիցիտով։

Միության երկրների շրջանում Չինաստանից ներմուծման ամենամեծ բաժինը ավանդաբար պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը (ավելի քան 80%)։ Ղազախստանի Հանրապետության բաժինը կազմում է 10%, Ղրղզստանի Հանրապետության` 4%, Բելառուսի Հանրապետության` 3%-ից մի փոքր ավելի: Արտահանման մեջ նույնպես ամենամեծ բաժինը զբաղեցնում է Ռուսաստանը՝ 85% ցուցանիշով։

Դեպի Չինաստան արտահանման արդյունաբերական հատվածում 2022 թվականին առավել խոշոր ապրանքայի խմբերից վստահ աճ են ցույց տալիս, մասնավորապես, բնական գազը, քարածուխը և մշակված փայտանյութը։ Եթե խոսենք գյուղատնտեսական արտահանման մասին, ապա կարելի է առանձնացնել ռապսի յուղը, սառեցված ձուկը, խեցգետնակերպերը և թռչնի միսը։

Արդյունաբերական ներմուծման ապրանքային կառուցվածքում աճ է նկատվում մեծաքանակ ներմուծվող այնպիսի ապրանքների մեջ, ինչպիսիք են գազի հեղուկացման սարքավորումները, բեռնատար փոխադրամիջոցները, թեթև մարդատար ավտոմեքենաները, թրթուռավոր էքսկավատորները, դողերն ու անվադողերը, օդորակիչները: Գյուղատնտեսական արտադրանքի մասով խոսքը արևածաղկի սերմերի, լոլիկի, բուսական մզվածքների, դեղձի, սոխի, ինչպես նաև բանջարային և մրգային հյութերի մասին է: