Նորություններ

14.06.2022 (Обновлено: 28.06.2022 11:32)

Արտակ Քամալյանը և Երբոլ Կարաշուկեևը քննարկել են միության ԱԱՀ-ում համագործակցության զարգացման հեռանկարները

Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական համալիրում ինտեգրման զարգացման հեռանկարներն ուշադրության կենտրոնում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանի և Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Երբոլ Կարաշուկեևի հանդիպմանը:

Նուր Սուլթանում կողմերը քննարկել են ընթացիկ տարում Ղազախստանի կողմից Միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ պահեստային վկայագրերի թողարկման (տրամադրման), շրջանառության և մարման կանոնների մասին համաձայնագրի ստորագրման ներպետական ընթացակարգերի անցկացումը։

«Այս փաստաթղթի ընդունումն այսօր առանձնակի կարևորություն է ձեռք բերում, քանի որ թույլ է տալիս Միության շրջանակներում էլեկտրոնային առևտուրը զարգացնել գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ ոչ փաստաթղթային պահեստային վկայականների փոխադարձ ճանաչման հիման վրա, ինչպես նաև բարձրացնել գյուղատնտեսական արտադրողներին պահեստային վկայականի գրավի դիմաց վարկերի հասանելիությունը: Նման ենթակառուցվածքը հետագայում կարող է օգտագործվել նաև երրորդ երկրների սուբյեկտների հետ առևտրում», - նշել է Արտակ Քամալյանը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են 2022 թվականին գյուղմթերքի առանձին տեսակների առևտրի ինդիկատիվ (կանխատեսումային) ցուցանիշները:

Նախարարները քննարկել են ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի առաջիկա նիստի օրակարգի նախագիծը, ինչպես նաև քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միությունում օրգանական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորմանը։

Տեղեկանք

ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհուրդը ԵԱՏՄ պետությունների կողմից համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացման համար օժանդակ մարմին է: Ստեղծվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի 14-ի № 6 որոշմամբ՝ ԵԱՏՄ մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 22-րդ ենթակետին համապատասխան: 

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության տեղեկատվական ապահովման բաժին