Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը Մոսկվայում ընթացող «Եվրասիական լոգիստիկ օր» միջազգային համաժողովի լիագումար նստաշրջանի շրջանակներում: Միջոցառման կազմակերպիչներն էին Եվրոպական բիզնեսի ընկերակցությունը (ԵԲԸ) և Անդրեվրասիական փոխադրումների հարցերով միջազգային համակարգող խորհուրդը (ԱՓՀԽ):
Արզիբեկ Կոժոշևը նշել է, որ ԵԱՏՄ-ն կենտրոնացած է երեք գերակայության վրա՝ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման ապահովում, տրանսպորտային համակարգի արդյունավետության և կապակցման ունակության բարձրացում, տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծում: Այս նպատակներն իրականացվում են միջազգային համակարգման, ենթակառուցվածքային նախագծերի և թվային տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ, որոնք վերացնում են խոչընդոտները և նոր հնարավորություններ բացում գլոբալ լոգիստիկայի համար:
Տրանսպորտի թվայնացումը, մասնավորապես՝ էլեկտրոնային բեռնագրերի, նավիգացիոն կապարակնիքների ներդրման և Խելացի տրանսպորտային համակարգերի հայեցակարգի իրականացման հաշվին, էապես բարձրացնում են միջազգային լոգիստիկայի արդյունավետությունը՝ այն դարձնելով անխափան և նվազեցնելով վարչական խոչընդոտները: Ի վերջո այս ամենը դրական է անդրադառնում երկրների միջև ապրանքաշրջանառության աճի վրա, նշել է Արզիբեկ Կոժոշևը:
Ընդ որում, ԵԱՏՄ-ն ակտիվ աշխատում է գլոբալ նախաձեռնությունների հետ փոխգործակցության ուղղությամբ՝ ներառյալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», Հյուսիսային ծովային ուղի և Անդրկասպյան երթուղի նախագծերը: Արագանում է Բալտիկայից՝ Կասպից ծովի միջոցով մինչև Հնդկական օվկիանոս «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումը, իսկ Աստրախանի և Ակտաուի նավահանգիստների արդիականացումը և նոր երկաթուղիներն արդեն դրական են անդրադառնում բեռնահոսքի աճի վրա:
«ԵԱՏՄ երկրների տրանսպորտային համակարգն ակտիվ փոխակերպման փուլում է, բախվում է աշխարհաքաղաքականության, տնտեսության և տեխնոլոգիաների մարտահրավերներին: Սակայն հեռանկարները լավատեսական են մնում. համատեղ նախաձեռնությունների, թվայնացման և միջազգային համագործակցության շնորհիվ տարածաշրջանը կարող է դառնալ համաշխարհային տրանսպորտային համակարգի առանցքային հանգույցը», — եզրափակել է Արզիբեկ Կոժոշևը: