Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) ներկայացրել է «ԵԱՏՄ էներգետիկան էներգետիկ անցման պայմաններում. մարտահրավերները և առավելությունները» թեմայով զեկույցը: Ելույթը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական համաժողովի (ԲՄՔՀ-2025) «Էներգետիկ անցման արագացումը գլոբալ Հարավում. աջակցություն կայուն տնտեսական աճին և ռազմավարական գործընկերությունների հաստատմանը» միջոցառման շրջանակներում:
ԵՏՀ նախարարն իր ելույթում նշել է, որ 2017 թվականին աշխարհը թևակոխել է էներգետիկ անցման չորրորդ փուլ, որի շրջանակներում ակտիվորեն զարգանում են էներգիայի վերականգնվող աղբյուրները, թվայնացումը, էներգախնայող տեխնոլոգիաները, ուժեղացվում են ածխածնազերծման գործընթացները: Այս պայմաններում կարևոր է էներգիայի թե ավանդական, թե վերականգնվող աղբյուրների հավասարակշռված զարգացումը: Միայն նման մոտեցումը կարող է ապահովել ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ էներգետիկ անվտանգությունը, կարծում է նախարարը:
Արզիբեկ Կոժոշևն ընդգծել է «հնգյակի» երկրների բարձր էներգետիկ ներուժը՝ նշելով, որ ԵԱՏՄ-ն ունի զգալի էներգետիկ պաշարներ՝ աշխարհի գազի պաշարների 20%-ը, ածխի պաշարների 20%-ը, նավթի պաշարների 7%-ը և էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 5%-ը:
Հատուկ անդրադարձ է կատարվել ինտեգրման նախաձեռնություններին՝ ներառյալ էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը, անդրսահմանային ենթակառուցվածքի զարգացումը և ԵԱՏՄ մասնակից երկրների կլիմայական օրակարգի համակարգումը: Գերակայությունների թվում նշվել են նաև փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ և համատեղ նախագծերի համար բաց լինելը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Համաժողովի և Էներգահամագարգերի գլոբալ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպությանը (GEIDCO) կայուն էներգետիկայի առաջմղման գործում ունեցած ավանդի համար՝ նշելով GEIDCO-ի փորձի նկատմամբ գործնական հետաքրքրությունը: