Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը 8-րդ Ղրղզա-Ռուսական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած «Գլոբալ անկայունություն. տարածաշրջանի սոցիալտնտեսական զարգացման ռիսկերը և հնարավորությունները» նստաշրջանում նշել է առանցքային ինտեգրացիոն մեխանիզմները, որոնք Եվրասիական տնտեսական միության երկրներին թույլ են տալիս վերածել արտաքին մարտահրավերները երկարատև աճի կետերի։
ԵՏՀ նախարարի խոսքով՝ վերջին ամիսներն ակներև ցույց տվեցին գլոբալ էներգետիկ շուկայի խոցելիությունը։ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացումը բազմիցս հանգեցրել է նավթային գնանշումների կտրուկ աճին՝ «ռիսկի պարգևավճարի» հաշվին, որը փորձագետների գնահատմամբ առանձին ժամանակահատվածներում հասել է նախաճգնաժամային մակարդակի 15-18%-ի։
«Այս պարգևավճարը արագ է ի հայտ գալիս, բայց նույնքան արագ էլ կարող է անհետանալ՝ իրենից հետո կայունության փոխարեն թողնելով տատանողականության հերթական փուլ», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը։Նա հիշեցրել է, որ այս տարվա գարնանը մերձավոր արևելյան մատակարարումներից կախված երկրները ստիպված եղան բացել տասնյակ միլիոնավոր բարել ռազմավարական պաշարներ, իսկ փորձագետները տեղի ունեցածն արդեն համարում են համաշխարհային տնտեսության համար առաջարկի չորրորդ խոշոր ցնցումը՝ COVID-19 համավարակից, աշխարհաքաղաքական ճգնաժամից և 2025 թվականի առևտրային պատերազմներից հետո։ ԵՏՀ նախարարի գնահատմամբ՝ այս խոցելիությունը առանձնապես սուր է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար. արտահայտված սեզոնայնությունը առաջացնում է էլեկտրաէներգիայի զգալի պակասուրդ ձմռան ամիսներին, իսկ նավթամթերքի և բնական գազի հիմնական պահանջները բավարարվում են մեծապես արտաքին մատակարարումների հաշվին։
Արզիբեկ Կոժոշևը շեշտել է, որ ի տարբերություն աշխարհի տարածաշրջնային միավորումների մեծամասնության՝ Եվրասիական տնտեսական միությունը զգալի սեփական էներգետիկ բազա ունի։ Միության հինգ պետությանը բաժին է ընկնում բնական գազի համաշխարհային պաշարների և արդյունահանման 20%-ը, ածխի համաշխարհային պաշարների 20%-ը, նավթի համաշխարհային պաշարների 7%-ը և համաշխարհային արդյունահանման 15%-ը, ուրանի համաշխարհային պաշարների 21%-ը և համաշխարհային արտադրության 43%-ը, էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության շուրջ 5%-ը, իսկ վառելիքաէներգետիկ համալիրի բաժինը ԵԱՏՄ արդյունաբերական արտադրության մեջ գերազանցում է 30%-ը։
Ըստ Արզիբեկ Կոժոշևի, հենց այս խնդրի լուծմանն է ուղղված ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորումը, որոնք նախատեսվում է գործարկել առաջիկա մի քանի տարում։ Սա պետք է ապահովի էներգառեսուրսների անխտրական, հավասար հասանելիություն Միության տարածքում բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար։«Միությունը չունի արտերկրից հիմնական էներգետիկ ռեսուրսների ներմուծման կարիքը, հարցն այն է, թե որքան արդյունավետ կկառուցենք բուն միավորման ներսում դրանց վերաբաշխման մեխանիզմները», — հայտնել է ԵՏՀ նախարարը։
Որպես անկայունությանը երկրորդ համակարգային պատասխան ԵՏՀ նախարարը նշել է էներգետիկ հավասարակշռության տարբերակումը՝ էներգիայի ավանդական և վերականգնվող աղբյուրների միջև, ներառյալ ատոմային և հիդրոէներգետիկան, տնտեսապես արդարացված հարաբերակցության որոնումը, էներգախնայողության և էներգիայի կուտակման համակարգերի զարգացումը։ Այս ուղղություններն ամրագրված են Միության պետությունների ղեկավարների կողմից հաստատված «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրում որպես երկարաժամկետ առաջնահերթություն։
Ելույթի առանձին բաժին նվիրված էր տրանսպորտի ոլորտին։ Արզիբեկ Կոժոշևը նշել է, որ մատակարարումների գլոբալ շղթաների փոխակերպման և Պարսից ծոցից առևտուրը ծովից ցամաք տեղափոխելու ֆոնին ԵԱՏՄ և Կենտրոնական Ասիան աշխարհագրական դիրքի և տարանցման ներուժի շնորհիվ կարող են դառնալ Եվրասիայի ձևավորվող տրանսպորտային ճարտարապետության կենտրոնական տարրը։
Գերակա ենթակառուցվածքային նախագծերի թվում նա նշել է Չինաստան — Ղրղզստան — Ուզբեկստան երկաթուղին, Անդրկասպյան տրանսպորտային երթուղին և «Հյուսիս — Հարավ» միջօրեական միջանցքի զարգացումը՝ ընդգծելով, որ Ղազախստանում և Ռուսաստանում առանցքային երկաթուղային հանգույցներն արդեն գործում են թողունակության առավելագույն սահմաններում։«Երբ միջազգային տրանսպորտային միջանցքներն են քննարկվում, շատերն օգտագործում են «մրցակցություն», «մրցում» եզրույթները։ Ես կնախընտրեի խոսել «լրացման» և «տարբերակման» մասին։ Ընթացիկ պայմաններում ինչքան շատ երթուղիներ ունենանք, այնքան լավ», — ասել է ԵՏՀ նախարարը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է պահանջվում այս պայմաններում արդյունավետ լոգիստիկայի համար՝ Արզիբեկ Կոժոշևն առանձնացրել է Հանձնաժողովի աշխատանքի երեք ուղղություն՝ թվայնացումը, մասնավորապես, միջազգային ավտոմոբիլային փոխադրումների դեպքում e-CMR էլեկտրոնային բեռնագրի կիրառման փորձնական նախագիծը (Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն այդեն իսկ փոխադարձ փոխադրումների 90%-ն իրականացնում են անթուղթ ձևաչափի կիրառմամբ, գործընթացին ակտիվորեն միանում է Ղրղզստանը). օրենսդրության համակարգումը և ներդաշնակեցումը՝ այս տարվա մայիսին ուժի մեջ է մտել ավելի քան 14 հազ. կմ երկարությամբ ԵԱՏՄ առանցքային ավտոճանապարհներով երթևեկելու համար փոխադրամիջոցների միասնական քաշաեզրաչափքային պարամետրերի մասին համաձայնագիրը. և տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերին աջակցելու մեխանիզմի մշակումը՝ արդյունաբերական և ագրոարդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման 2024 թվականից արդեն իսկ գործող մեխանիզմի նմանությամբ։