Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը Մինսկում՝ ԵՏՀ-2025-ում մասնակցել է «ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա. հայացք դեպի ապագա» կլոր սեղանի աշխատանքներին, որը նվիրված էր եվրասիական «հնգյակի» պետությունների էլեկտրաէներգետիկ շուկաների ինտեգրման հեռանկարներին:
«Ընդհանուր շուկան կապահովի էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտրի հավասար հասանելիություն, կընդլայնի փոխադարձ առևտրի ծավալներն ու եղանակները, թույլ կտա հավասարեցնել Եվրասիական տնտեսական միության երկրների էներգետիկ համակարգերի բեռնվածքի ժամանակացույցը և հրաժարվել գեներացնող հզորությունների ավելորդ կառուցումից: Սա կբարձրացնի անդամ պետությունների էներգետիկ անվտանգությունը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը:
Միջոցառման մասնակիցները նշել են ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի նորմատիվ բազայի ձևավորման առաջընթացը, քննարկել էլեկտրաէներգիայի ներքին շուկաների բարեփոխման ու զարգացման առանձնահատկությունները ինտեգրման համատեքստում և սահմանել ապագա շուկայի գործունեության պայմաններում Միության երկրների տնտեսության իրական հատվածի և գործարար համայնքի զարգացման հեռանկարներն ու գերակայությունները:
«Ներկա պահի դրությամբ հաստատված է էլեկտրաէներգիայի շուկայի գործունեության գրեթե ամբողջ նորմատիվ բազան, զգալի չափով պատրաստ է Միանալու մասին պայմանագիրը և կանոնակարգերը: Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է հետևել Պայմանագրում ամրագրված և կանոններում իրագործված ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման ու գործունեության սկզբունքներին, այդ թվում՝ հաշվի առնելով էլեկտրաէներգետիկայի լայն ազդեցությունը տնտեսության իրական հատվածի վրա», — տեղեկացրել է Արզիբեկ Կոժոշևը:
Կլոր սեղանին մասնակցել են ավելի քան 50 ոլորտային կազմակերպությունների ղեկավարներ և փորձագետներ, վերահաստատելով բիզնեսի ու կարգավորիչների մեծ հետաքրքրվածությունը ընդհանուր էլեկտրաէներգետիկ տարածքի ձևավորմամբ:
Քննարկմանը մասնակցել են ԵԱՏՄ պետությունների էներգետիկ գերատեսչությունների ղեկավարներ, ենթակառուցվածքային և բորսայական կազմակերպությունների ներկայացուցիչներ: